Առանց թշնամու կերպարի Հայաստանում մրցակցություն չի ստացվում

- in Ընտրություններ

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները շատ կարճ ժամանակով գտնվեցին հեղափոխական հանդուրժողականության ու նոր մշակույթի ռեժիմում ու վերադարձան «բնականոն» հուն՝ ի շրջանս յուր։

Հայաստանի քաղաքական համակարգը, այդ թվում՝ այն թիմը, որը հեղափոխություն է իրականացրել, պատրաստ չէ քաղաքական ու ինստիտուցիոնալ նոր իրողություններին ու երեկվանից վերջնականապես վերադարձավ խաղի այն կանոններին, որոնք գործում էին մինչհեղափոխական Հայաստանում։

Այս ընտրությունների առանձնահատկությունն այն է լինելու, որ դրանցում ընտրակաշառք չի լինելու, իսկ վարչական ռեսուրսը կիրառվելու է խիստ սահմանափակ՝ էական ազդեցություն չունենալով ընտրությունների արդյունքների վրա։ Սակայն այս ընտրությունները նոր մշակույթ չեն բերելու, որովհետև քաղաքական ուժերը, մեղմ ասած, պատրաստ չեն դրան, հասարակությունը՝ նույնպես, որին տեսարաններն ավելի գրավիչ են, քան ծրագրերը, քաղաքական ու մասնագիտական դիսկուրսը։

Հայաստանում հեղափոխություն եղել է, սակայն դժվար է այն արժեքային համարել, որովհետև քաղաքական ու հանրային մտածողությունը, մեծ հաշվով, դոփում է նույն տեղում։ Քաղաքական ուժերն առանց թշնամու կերպարի յոլա գնալ չեն կարողանում, ու պատահական չէ, որ քարոզարշավի առաջին օրերի կառուցողականությունից հետո յուրաքանչյուրն իր համար «թշնամու» կերպար է փնտրում՝ ընտրողներին գրավիչ դառնալու նպատակով։ Համընդհանուր չարիք հռչակված ՀՀԿ-ն ընտրություններում բացակայում է, ու դրա համար էլ առաջին երկու օրերին քաղաքական ուժերը «խուճապի» մեջ էին՝ մինչև գտնեն իրենց «թշնամու» կերպարը։

Առաջինը կողմնորոշվեց Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, որը Ռոբերտ Քոչարյանին հռչակեց իր ընտրական կամպանիայի «թշնամի»՝ չնայած երկրորդ նախագահը քաղաքապետի թեկնածու չէ։ Սակայն դա փույթ չէ. հարյուր տարի առաջվա հեղափոխությունը քաղաքական ուժերին ու հասարակությանը բաժանել էր «բոլշևիկների» ու «մենշևիկների»։ «Սևերն» ու «սպիտակները» մեր «մենշևիկներն» ու «բոլշևիկներն» են, նրանց հայկական մոդիֆիկացիան, ու այս խճանկարում Քոչարյանը լրիվ տեղավորվում է՝ հանգրվանելով «Իմ քայլը» դաշինքի բոլոր 11 մրցակիցների կերպարներում։

Միայն ծրագրային ընտրարշավի տրամադրված ԲՀԿ-ն երեկ վերջապես գտավ իր «թշնամուն»՝ Նիկոլ Փաշինյանի հեղափոխության ցուցակներում «հայտնաբերելով» Սերժ Սարգսյանի «մարդկանց»։ Դարձյալ կարևոր չէ, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն այս ընտրական գործընթացի մասնակից չեն. կարևորը՝ ժողովուրդը զզվում է նրանցից, ու հաստատ հասարակության մի մասը ԲՀԿ-ին ձայն է տալու, որովհետև հեղափոխության ցուցակի, իսկ գուցե նաև՝ հեղափոխության հետևում տեսնելու է Սերժ Սարգսյանի «ականջները»։

Ընտրական գործընթացի մյուս մասնակիցները դեռ իրենց «թշնամուն» չեն գտել, սակայն դա թերևս այնքան էլ կարևոր չէ. «Իմ քայլը» ու ԲՀԿ-ն այս գործընթացի ամենառեսուրսակիր ուժերն են, ու եթե նրանք գտել են իրենց թիրախներին, ապա քարոզարշավն այսօրվանից վառ արտահայտված անտագոնիստական բնույթ է կրելու՝ խեղդելով բոլոր ծրագրային մոտեցումները, բանական առաջարկությունները, ռացիոնալ գաղափարները։

Մեր քաղաքական համակարգը անտագոնիստական է՝ չկարողանալով անցնել թավշյա հեղափոխության սիրո ու համերաշխության գույների տակով (դրանք հաստատ երկուսը չեն), իսկ հասարակությունը աչքեր ունի, սակայն՝ ոչ թե ծրագրեր կարդալու, այլ թամաշաներ դիտելու համար։

Առանց թշնամու կերպարի Հայաստանում մրցակցություն չի ստացվում։ Մարդիկ սովոր չեն, որ ընտրությունները զարգացման ուղիների, ապագայի տարբեր տեսլականների մրցակցության, բախման հարթակ են։ Տխուր է, բայց փաստ է, ու սեպտեմբերի 23-ին կհաղթի այն ուժը, որի հռչակած «թշնամու» հակառակորդները մեծ թիվ կկազմեն։ Նիկոլ Փաշինյանի թիմը մրցակցությունից դուրս է. ճիշտ «թշնամի» է ընտրել։

Spread the love