Արա Բաբլոյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

ara-babloyan

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ու վարչապետը ամիսը առնվազն երկու անգամ հանդիպելու ու տարբեր հարցեր քննարկելու համաձայնություն ունեն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Որպես օրենսդիր մարմնի ղեկավար, ես միշտ կողմնակից եմ եղել ավելի հաճախ հանդիպել վարչապետի հետ: Մենք ունենք այդ համաձայնությունը, որ գոնե ամիսը երկու անգամ աշխատանքային հանդիպում ունենանք, որ քննարկենք մեր առջև դրված հարցերը, որոնց, որպես ղեկավարներ, պետք է պատասխանենք»,- նշեց Բաբլոյանը:

Խորհրդարանի նախագահն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հանրապետական կուսակցությունն այլևս չպետք է խոսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակահարմարությունից, նշեց, որ տարբեր քաղաքական ուժեր ունեն իրենց տեսակետները:

«Որպես ԱԺ նախագահ, գտնում եմ, որ տարբեր կուսակցություններ, տարբեր քաղաքական ուժեր կարող են ունենալ իրենց մոտեցումները ու համաձայնության կարող են գալ համատեղ քննարկումների արդյունքում: Այդ առումով մենք ստեղծել ենք բոլոր հնարավորությունները, աշխատանքային խմբեր են ստեղծված Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ, որից հետո կարելի է անդրադառնալ այն հարցին, թե ինչպես շարունակել այդ գործընթացը»,- ընդգծեց Արա Բաբլոյանը:

Ինչ վերաբերում է խորհրդարանի հնարավոր լուծարման հարցին, Բաբլոյանը նշեց, որ դա չի կարող լինել նույնիսկ իր միանձնյա որոշումը:

«Դա չի կարող լինել մեկ մարդու կարծիք կամ ցանկություն: Դա պետք է լինի քաղաքական ուժերի քննարկման արդյունք: Եթե դրանք կգան միասնական համաձայնության, ապա այդ քայլին կգնանք: Խորհրդարանն ընտրված է լեգիտիմ ընտրություններով: Ըստ Սահմանադրության՝ խորհրդարանը գործում է, և ես, որպես խորհրդարանի ղեկավար, պետք է ապահովեմ դրա բնականոն գործունեությունը»,- շեշտեց Արա Բաբլոյանը:

Spread the love
  • 15
    Shares