Արզականի դպրոցը 101 տարեկան է – Լուսանկարներ

Eraguyn

ՀՀ անկախության 27-ամյակը և բերքի տոնն Արզականում նշեցին տեղի դպրոցում, որ այս օրերին դառնում է հարյուր մեկ տարեկան: Գյուղում դեռ կանգուն է այն շինությունը, որում անցկացվել են դասերը 101 տարի առաջ:

Ծաղկունյաց լեռնաշղթայի մե՛կ մերկ, մե՛կ անտառապատ բարձրություններից աչքս չկտրելով, ճամփեզրից կարծես դեպի անեզրություն փռված խնամքով մշակված արտերի աշնանային գույների փոփոխությանը հետևելով և օրվա խորհրդի մասին մտորումներով կարևոր առաքելությամբ գնում էինք Արզական: Տեղի միջնակարգ դպրոցում մեկնարկելու էր Հանրապետության անկախության տոնին նվիրված հանդիսությունը, որը վերջին տարիներին համադրվում է բերքի տոնին: Արզականը աշխատասեր, արարող բնակիչներ ունի, և աշնան այս օրերին իրենց բերքն ու բարիքն ի ցույց դնելն արդեն ավանդույթ է դարձել գյուղական համայնքում: Իսկ իմ առաքելությունն էր ներկայացնելու դպրոցի պատմությունը, որ քաղել էի պապիս՝ Գեղամ Սարգսյանի գրավոր հուշերից: Նա՛ է մի դար առաջ եղել դպրոցի հիմնադիրների շարքում, և հարկ էր արզականցիներին տեղեկացնել իրենց կրթօջախի պատմության մանրամասները: Ես պիտի հայտնեի, որ 2018-ի հենց այս օրերին լրանում է Արզականի դպրոցի հիմնադրման 101 տարին:

Հանդիսությունը սկսվեց բարեկարգ դպրոցի բակում. իրենց ողջույնի խոսքում Արզականի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանը և փոխտնօրեն Նվարդ Թորոսնյանն ընդգծեցին օրվա խորհուրդը, անկախացած ժողովրդի համար ուսման, դաստիարակության, աշխատանքի և խաղաղության կարևորությունը: Աստիճանահարթակին հերթով հանդես եկան տաբեր տարիքի աշակերտներ՝ յուրաքանչյուրը երգ ու պարով, արտասանությամբ համայնքի անդամների, աշակերտության, ուսուցչական կազմի, հյուրերի առջև ցուցադրելով իրենց շնորհքը: Իրենք էին նաև առատորեն և ճաշակով ձևավորվել սեղանները՝ գյուղի բերք ու բարով, նաև ձեռքի աշխատանքներով: Ինձ համար պատիվ էր ներկայացնելու իրենց դպրոցի պատմությունը. «Այսօր իմ այցն Արզական մի իսկական ուխտ է, նաև օրհնաբանություն և երախտագիտության արտահայտություն: Ուխտ, քանի որ Արզականի դպրոցն ինձ համար այն հոգևոր օջախն է, որի հիմնադրման ակունքներում կանգնած է իմ պապը՝ Գեղամ Սարգսյանը: Նրա գրավոր ու բանավոր պատումները վկայել են, թե որքան ջանք, սեր, եռանդ է ինքը ներդրել դպրոցաշինության բնագավառում, Արզականում և, ընդհանրապես, Ախտայի շրջանում լուսավորությունը տարածելու համար: Նրա ծավալած լուսավորչական աշխատանքի արդյունքում նախորդ դարի սկզբներին այստեղ հիմնվել կամ բարենորոգվել են բազում դպրոցներ, բայց առաջինը դեռ 1918 թվականին նա անձամբ Խորեն Սրբազան Մուրադբեկյանի կողմից նշանակվել է Արզականի ավագ ուսուցչի պաշտոնով: Մուրադբեկյանն այն սրբազանն է, որը հետագայում դարձավ Հայոց կաթողիկոս: Վերջինիս կարգադրությամբ էր նա դեռ 1916-ին նշանակվել Սարդարապատի շրջանի Բամբակաշատ գյուղի ուսուցիչ, և մի քանի տարի տեղի միակ ուսուցիչը լինելով, ամեն օր մի քանի հերթով ուսուցանել էր բոլոր աշակերտներին բոլոր առարկաները, անգամ ստեղծել էր երկձայն երգչախումբ: Եվ ահա Սարդարապատի ճակատամարտին մասնակցելուց հետո երիտասարդ մտավորականը ուղևորվում է ուսումնական գործն Արզականում կազմակերպելու: Ի դեպ արմատներով Գեղամ Սագսյանի նախնիները հարևան Ալափարս գյուղից են:

Ուսումնասիրելով ինձ հասած գրավոր վկայությունները՝ պիտի ամենայն պատասխանատվությամբ հայտարարեմ, որ Արզականի դպրոցն այս տարի դառնում է 101 տարեկան: Եվ դա էլ հոբելյանական թիվ է: Ահա Գեղամ Սարգսյանի անտիպ հուշագրությունից մի հատված, որի պատճենը բերել եմ ձեզ նվիրելու ՝ իբրև այս դպրոցի ծննդյան յուրօրինակ վկայական:
Կարդամ այդ վկայությունից մի հատված. «Արզականը, նախքան 1917թ. հեղաշրջումը, կալվածատիրական գյուղ է եղել և պատկանել է Երևանի բնակիչ հայտնի Մելիք-Աղամալովներին, որոնց ապուպապ Սահակ աղան հիշվում է Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում: Վերջին տարիներին Արզականի կալվածքը տիրում էր Մելիք-Աղամալովներից Վանոչկա աղան, որը միաժամանակ Երևան քաղաքի քաղաքագլուխն էր: Նա ամուրի էր և զեխ կյանք էր վարում: Թիֆլիսում Բաքվի հայտնի նավթարդյունաբերող Ծատուրյանի հետ թղթախաղում տանուլ է տալիս նաև Արզականի կալվածքը, և այդ օրվանից այն անցնում է Ծատուրյանների իրավասությանը, որոնք իրենց նշանակած կառավարիչների միջոցով կառավարում և օգտվում էին կալվածքից:

Մելիք Աղամալովներն իր ժամանակին գյուղի արևելյան սարալանջի ստորոտին վեց հեկտար տարածության վրա կառուցել էին իրենց ամառանոց-կալվածքը: Չորս հեկտարը մի հսկայական այգի էր: Հարմարավետ տեղերում կառուցված էին կալվածատիրոջ բուն բնակարանը՝ 5 սենյակից բաղկացած, իր ներքնահարկով, դիմացը՝ պատշգամբով, ինչպես նաև երկու հսկա պահեստներ՝ գյուղացիներից ստացած բերքը պահելու համար, և մի քանի օժանդակ շենքեր՝ խոհանոցի, ծառայողների և անասունների համար: Կալվածքի շենքերի շուրջը տարածվում էր 4 հեկտար այգի՝ զբոսանքի ծառուղիներով մի շարք պտղատու ծառերով, իսկ այգուց դուրս՝ 2 հեկտար վարելահող: Հեղաշրջումից հետո կալվածքի կառավարիչ աշտարակեցի Բենիամին Փարվանյանը Խորեն սրբազանի կողմից ուսուցիչ է նշանակվում Արզական գյուղում, և ահա 1917 թ.-ից հիմք է դրվում Արզական գյուղի դպրոցին՝ I և II դասարաններով: Հենց դրա շնորհիվ գյուղացիք թալանի և ավերի չեն ենթարկում կալվածքը: 1918 թ. մայիսի վերջին Բենիամին Փարվանյանը հեռանում է Արզականից, և գյուղի մի քանի առաջավոր մարդիկ կալվածքը վերցնում են իրենց հսկողության տակ՝ Հայրապետ անունով մի գյուղացու նշանակելով կալվածքի պահակ: Գյուղի համայնքի կողմից ես համախոսական դիմում ուղարկեցի կառավարությանը, և վերջինիս կողմից կալվածքն ամբողջությամբ, իմ գործադրած ջանքերի շնորհիվ, հատկացվեց դպրոցին: Նշեմ, որ չնայած Հայաստանում ստեղծվել էր լուսավորության նախարարություն (նախարար՝ Նիկոլ Աղբալյան), սակայն կառավարությունը զուրկ էր ֆինանսական միջոցներից, և ծխական դպրոցները գտնվում էին Էջմիածնի հոգևոր կառավարության հսկողության ներքո: Այնպես որ, ուսուցիչների նշանակումը, վարձատրումը, դպրոցական պարապմունքների ստուգումը և հսկողությունը կատարում էր Էջմիածնի հոգևոր կառավարությունն իր առաջնորդարանների միջոցով»:

Մեկ տարի Արզականի դպրոցում դասավանդելուց հետո Գեղամ Սարգսյանն իր գործունեությունը շարունակում է նորից Բամբակաշատում, ապա՝ Երևանում, իսկ 1921 թվական սեպտեմբերին դարձյալ Արզականում էր՝ որպես դպրոցի վարիչ: Նրա նախաձեռնությամբ և այստեղ դասավանդած առաջին ուսուցիչների մասնակցությամբ ձևավորվում է թատերախումբ, որ չտեսնված երևույթ էր ողջ Ախտայի շրջանում: Անգամ հատուկ բեմ են կառուցում դպրոցի շենքում, որին հետագայում հանդես են եկել ժամանակի հայտնի պրոֆեսիոնալ թատերախմբերը, Գարագաշի խումբը, Ավետ Ավետյանը:
Լինելով հետագայում Ախտայի շրջանի լուս. հրահանգիչ և Ախտայում՝ իր ջանքերով հիմնված Գյուղերիտ յոթնամյա դպրոցի վարիչ՝ ամեն ինչ արել է խավարի և տգիտության մեջ խրված բնակչությանը ուսման կարևորությունը բացատրելու համար. միայն 1924-25 ուս. տարիներին նրա անմիջական ջանքերով և բացատրական աշխատանքների շնորհիվ կառուցվել են դպրոցական շենքեր Վերին Ախտա, Յայջի, Ալափարս գյուղերում, վերակառուցվել են Ռանդամալ, Թայչարախ, Բջնի գյուղերում եղած դպրոցական շենքերը:

Հիմա դառնանք հիշատակենք այն մարդկանց անունները, որ առաջինն են դասավանդել Արզականի դպրոցում. Գեղամ Սարգսյան, Հովսեփ Հովհաննիսյանը իր տիկնոջ՝ Տիգրանուհու հետ, Լեռ Կամսար (հայտնի գրող- երգիծաբան, որ ապրում էր Արզականում և մեղվաբուծությամբ էր զբաղվում), Գեղամ Հովակիմյան, Բալասան Շահնաբաթյան, Աշխեն Մեսրոպյան, Թևոս Սուքիասյան, Գարեգին Միրզոյան, Սեդրակ Սարգսյան:
Երախտագիտությունս նրանց, ովքեր հետագա բոլոր տասնամյակներին, այս հարյուր ու մեկ տարիներին և այսօր բոլորանվեր շարունակում են Գեղամ Սարգսյանի գործը:

Ասացի, որ նաև եկել եմ օրհնաբանությամբ: Այդ օրհնաբանություն- պատվիրանները ձեզ բոլորիդ տարիների խորքից հղում է ուսուցիչն ու լուսավորիչը, որ չընկճվեց երբեք, չկորցրեց իր բարության, մարդասիրության որակները, որքան էլ հետո իր հանդեպ ժամանակները դաժան գտնվեցին, որքան էլ տառապեց ստալինյան ռեժիմի տարիներին, երբ ոչնչացվում էր մտավորականության ծաղիկը: Անարդար մեղադրանքը, քաղաքական աքսորյալի անցկացրած տարիները հեռավոր Մագադանում չկոտրեցին նրան: Պապիկս իր հուշագրության ավարտին պատգամներ է թողել իր անմիջական սերունդներին, բայց դրանք հավասարապես վերաբերվում են բոլորիս : Նրա պատգամներն են՝
«-Թող փոխադարձ սերը, հարգանքը, համեստությունն ու համբերությունն առաջնորդեն ձեզ բոլորին:
– Խուսափեք կյանքում ընչաքաղցությունից, ագահությունից, շռայլությունից, զեխ և շվայտ կյանքից, չափազանցություններից, ցուցամոլությունից, և ամեն մի գործ ձեռնարկելիս տասը չափեք, նոր՝ մեկ կտրեք:
– Ստեղծեք ձեր օջախների կենաց ծառը, ինչը բարի օրինակ կդառնա գալիք սերունդների համար:
-Կրկին ու կրկին անգամ աշխարհին խաղաղություն եմ ցանկանում և ձեր օջախներին առողջ, հաջող, երջանիկ կյանք»:

Այդ մաղթանքին միացան արզականյան տոնին հյուրընկալված ևս երկու հարգարժան անձինք՝ Մաեստրո Սեդրակ Երկանյանը և ճարտարապետ Գրիգոր Նազարյանը, մարդիկ, որոնք իրենց մեծ լուման ունեն՝ յուրաքանչյուրն իր բնագավառում, հայ ազգի մշակութային բարգավաճման գործում:

Մենք մաղթեցինք արզականցիների օջախներին լիություն, որ բերքն իրենց այգիներում ու արտերում առատ լինի, որ իրենց փեթակներում մեղրը շատ լինի, որ մեր սահմաններին խաղաղ լինի, որ իրենց զավակները ծառայությունից վերադառնան ողջ ու առողջ, որ ուրախության երգը հնչի Ծաղկունյաց լեռնաշղթայի երկայնքով, վերից վար, որ աշակերտները լինեն ուսումնատենչ ու բազմակողմանիորեն կրթված, որ ուսուցիչները գործեն նվիրումով և լինեն հարգված…

Հասմիկ Սարգսյան

На данном изображении может находиться: 21 человек, люди улыбаются, люди стоят, цветок и на улицеНа данном изображении может находиться: 5 человек, люди улыбаются, на улицеНа данном изображении может находиться: растение и на улицеНа данном изображении может находиться: 24 человека, люди улыбаются, люди стоят, цветок, толпа, растение и на улицеНа данном изображении может находиться: 4 человека, люди улыбаются, люди стоят, обувь, дерево и на улицеНа данном изображении может находиться: 8 человек, люди улыбаются, люди стоят, цветок, на улице и едаНа данном изображении может находиться: 13 человек, люди стоят, толпа, свадьба, дерево и на улицеНа данном изображении может находиться: 5 человек, люди на сцене, дерево и на улице

На данном изображении может находиться: 7 человек, в том числе Седрак Ерканян, люди улыбаются, люди стоят и в помещении

Spread the love
  • 38
    Shares