Արտահերթ խորհրդարանական ընտրությունը հիմնական թեմա՝ Երևանի քարոզարշավում

- in Ընտրություններ

Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի վերջին օրերին անսպասելիորեն առանցքային թեմա դարձավ ոչ թե Երևանը կամ Երևանի որևէ խնդիր, այլ արտահերթ խորհրդարանական ընտրությունը:

Եթե մինչ այդ միայն ՀՀԿ-ն էր խոսում այն տոնով, որ ընտրությունն իր օրակարգը չէ, ապա այժմ սկսեցին այդ հեռանկարի մասին, մեղմ ասած, վերապահումով խոսել նաև այն քաղաքական ուժերը, որոնք աջակցել են Նիկոլ Փաշինյանին կառավարություն ձևավորելու և ծրագիրը հաստատելու հարցում: Օրակարգի այդ շրջադարձը այդքան էլ զարմանալի չէ, քանի որ ներքաղաքական իրավիճակի բուն խնդիրը հենց խորհրդարանի, ոչ թե Երևանի արտահերթ ընտրությունն է:

Չի կարող համապետական մասշտաբում քաղաքական իշխանության լիարժեք ձևավորվածության բացակայության պայմաններում առանցքային լինել կիսապետական ընտրական գործընթացը: Այն դրվագ է, որտեղ հիմնական ուժերը փորձում են հարաբերություն պարզել օրակարգի հիմնական խնդրի շուրջ: Իսկ հիմնականը, ինչպես արձանագրեցի, խորհրդարանի արտահերթ ընտրությունն է, որը ձևավորելու է քաղաքական ամբողջական իշխանություն: Սա չի նշանակում, որ քաղաքային իշխանությունը կարևոր չէ: Անշուշտ կարևոր է, առավել ևս, երբ խոսքը հանրապետության կեսը ներառող քաղաքի մասին է՝ մի շարք առումներով: Եվ այդ իշխանությունը, անշուշտ, կձևավորվի, և դրա համար իհարկե պայքարում են ընտրական գործընթացում ներառված ուժերը: Սակայն խնդիրն այստեղ այլ է: Խոսքն այն մասին է, որ ստրատեգիական իմաստով բուն թիրախը խորհրդարանի ընտրությունն է, և դիտարկումներն ու հաշվարկները, ըստ էության, ստորադասվում են այդ ստրատեգիային: Առավել ևս, որ մեծ հաշվով, մասնակից ուժերի համար թերևս պարզ է, որ հեղափոխական ալիքի պայմաններում չափազանց բարդ է հավակնել քաղաքային իշխանությունը վերցնելուն, քանի որ այդ հարցում Նիկոլ Փաշինյանի մեկնարկային կապիտալն ու պայմանները, ըստ էության, մրցակցությունից դուրս են:

Հետևաբար` խնդիրն այս դեպքում, մի կողմից, խորհրդարանի ընտրության համար հնարավորինս լավ դիրքային վիճակի հասնելն է մյուս մասնակիցների համար, մյուս կողմից, իհարկե, այնպիսի գործընթաց գեներացնելը, որում արդեն մի քանի ամիս անց Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի հնարավորինս շատ հաշվի առնել իրենց: Խոշոր հաշվով, ներկայումս տեղի է ունենում հենց այդ դիրքային պայքարը: Հաշվի առնելով նաև այն, որ Երևանի ընտրությունից հետո օբյեկտիվորեն կարող է գալ քաղաքական ակտիվության գործակցի էական նվազում, քաղաքական ուժերի համար կարևոր է դառնում այդ փուլի համար էլ շոշափելի էներգիա կուտակելը, որը պետք կգա, այսպես ասած՝ «ձմռան շրջանում»: Իհարկե, դա չի նշանակում, որ օրակարգը չի ունենալու սուր հարցեր և թեժ քննարկումներ, սակայն նախընտրական գործընթացներն այդ առումով ունեն բացառիկ նրբերանգներ, որոնք անփոխարինելի են սովորական վիճակներում, եթե չեն փոխարինվում, իհարկե, հեղափոխական գործընթացներով: Այս իրավիճակում գործնականում շահում են բոլորը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ չի կորցնում ոչ ոք, քանի որ գլխավոր նպատակակետը խորհրդարանի ընտրությունն է:

Այլ կլինի պատկերը, թե հիմնական խաղացողները արձանագրեն ակնկալվածից կամ պատկերացվողից ավելի քիչ տոկոս: Օրինակ, եթե «Լույս» դաշինքին հաջողվի շրջանցել ԲՀԿ-ին, ապա ԲՀԿ համար դա, իհարկե, կլինի շոշափելի հարված: ԲՀԿ համար երրորդ տեղը՝ առաջին իսկ ընտրությանը, կլինի անհաջողություն: Միևնույն ժամանակ, «Լույս» դաշինքի համար ինքնին անցողիկ շեմը հաղթահարելը կարող է դիտվել հաջողություն: Նախ` դաշինքն այդպիսով կստանա Երևանի քաղաքապետարանի ուղղությամբ էլ քաղաքական գործընթաց զարգացնելու հնարավորություն, այսինքն` կստանա խորհրդարանի արտահերթ ընտրությանն ընդառաջ մեկ նոր դիրք, ու բացի դրանից էլ, փաստորեն, առավելություն կստանա բոլոր այն ուժերի համեմատ, որոնք դուրս են նախորդ համակարգի առաջին ու երկրորդ ուժերի՝ ՀՀԿ և ԲՀԿ արեալից և փորձելու են խաղարկել այդ հանգամանքը: Երրորդը լինելը «Լույս»‑ին կտա այս դաշտում զգալի առավելություն, ինչը կնշանակի, որ դաշինքը կարող է լինել այդ տիրույթում կոնսոլիդացիոն գործընթացի, մի կողմից ,կենտրոն, մյուս կողմից՝ այսպես ասած թելադրող գործոն: Սրան զուգահեռ, թե՛ «Լույս»‑ի, թե՛ ԲՀԿ-ի դեպքում ընտրական այս գործընթացում Նիկոլ Փաշինյանի հետ, այսպես ասած՝ դիմակայությունը հնարավորություն կտա մրցունակ լինել նաև այն ուժի կամ ուժերի նկատմամբ, որոնք կձևավորեն ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը, գուցե մեկ, իսկ հնարավոր է մի քանի ֆորմատով:

Այս ամենով հանդերձ, սակայն, ռազմավարական հանգուցալուծման բանալին կարող է լինել Երևանի ընտրության արդյունքը: Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի Երևանում հավաքել ճնշող մեծամասնություն՝ 70 և ավելի տոկոս, ինչը թիմի ոչ ֆորմալ նշաձողն է, դատելով մի շարք հանգամանքներից, ապա այդ դեպքում կարող է լինել խորհրդարանի ընտրության գործընթացի, այսպես ասած՝ արագացում: Իհարկե, այստեղ անկասկած պետք չէ ուշադրությունից դուրս թողնել նաև աշխարհաքաղաքական համատեքստը, ինչն ուզենք, թե ոչ, հայաստանյան զարգացումների համար ազդեցիկ գործոն է, որը առնվազն պետք է հաշվի առնել որոշակի «ստանդարտի» չափով: Այստեղ, իհարկե, դրա բնորոշիչը լինելու է ՌԴ նախագահ Պուտինի այցը, որն ազդարարված է, սակայն առանց ժամկետի: Ժամկետի մասին հայտարարությունը կլինի յուրօրինակ ինդիկատոր:

Spread the love