Բագրատունյաց պողոտայի չշահագործվող շինությունում բնակվող տղամարդը դաժանաբար սպանել է իր հարևանին

diak

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Նորայր Ավագյանի գործով դատական քննությունը:

Նորայր Ավագյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Նորայր Ավագյանը տուժող Վաղարշակ Ա.-ի հետ բնակվել է Բագրատունյաց պողոտայի ¼ հասցեում գտնվող, չշահագործվող շինությունում:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 16-ի սահմաններում Նորայր Ավագյանն ու տուժողը գտնվել են իրենց կացարանում: Տուժողը խնդրել է, որ Նորայրն օգնի՝ իրեն տեղափոխի զուգարան: Բայց Նորայրին այս խնդրանքը զայրացրել է, նա այն չի կատարել:

Տուժողը չի դիմացել ու բնական կարիքը հոգացել է տեղում: Այդ հանգամանքը Նորայրը հիվանդագին է ընդունել ու բորբոքվել է:

Նա, ըստ մեղադրանքի, Վաղարշակին քաշել, բազմոցից գցել է հատակին, ապա քարշ տալով տարել է հարակից սենյակ, որտեղ, «գիտակցելով, որ Վաղարշակ Ա.-ի կյանքի համար իր գործողությունները վտանգավոր բնույթ են կրում, նախատեսելով հնարավոր հետևանքները, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Վաղարշակի գլխին: Ապա շարունակելով գործողությունները, նա բռնել է Վաղարշակի ուսերից ու գլխի մասով մի քանի անգամ հարվածել է սալիկապատ հատակին: Վաղարշակ Ա.-ին պատճառվել է մահվան հետ անմիջական կապի մեջ գտնվող փակ, բութ գանգուղեղային վնասվածք…»:

Ըստ մեղադրանքի՝ Նորայր Ավագյանը անգիտակից տուժողին տեղափոխել է հարակից սենյակ, տեղավորել է հատակին դրված ստվարաթղթի վրա ու հեռացել է՝ որևէ օգնություն չցուցաբերելով:

Որոշ ժամանակ անց մտածելով, թե տուժողը միգուցե դեռ ողջ է, չի մահացել, Նորայր Ավագյանը վերադարձել է իրենց կացարան, բայց տուժողը մահացած էր…

Այս գործի դատաքննությունը ընթանում է 2017 թվականի հունվարից: Բավական հետաձգումներ են եղել ամբաստանյալի վատառողջության պատճառով, սակայն նա, ըստ մեղադրանքի կողմի, այդպես էլ չի ներկայացրել բժշկական փաստաթղթեր, որոնք կհաստատեին նրա հիվանդությունները:

Դատարանը դատաքննությունը ավարտված է հայտարարել, ու դատական այս նիստին մեղադրող դատախազ Ա. Մարգարյանը հանդես եկավ մեղադրական ճառով:

Մեղադրողը նշեց, որ գործի քննության ընթացքում հաստատվել է Նորայր Ավագյանի մեղավորությունը առաջադրված մեղադրանքում:

Նախաքննության սկզբում Նորայր Ավագյանն ընդունել է մեղքը, նշել է, թե հարվածներ է հասցրել տուժողին, նա իր գործողությունների հետևանքով է մահացել:

Բայց հետագայում ամբաստանյալը պնդել է, թե տուժողին անգամ մեկ հարված չի հասցրել և նրա մահվան հարցում ինքն անմեղ է:

Պաշտպանական կողմը նաև դիրքորոշում է հայտնել՝ եթե հաստատված համարվի, որ Նորայր Ավագյանը, այնուամենայնիվ, տուժողին հարված հասցրել է, ապա, միևնույն է, նրա արարքը սխալ է որակված՝ նրա կատարածը չի կարող դիտավորյալ սպանություն լինել, ինչ-որ տեղ միգուցե կարող է խոսք գնալ մահվան ելքով ծանր մարմնական վնասվածք հասցնելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Դատախազը, վերլուծելով դիտավորյալ սպանության ու մահվան ելքով ծանր մարմնական վնասվածք հասցնելու հանցակազմերը, հետևության հանգեց, որ Նորայր Ավագյանի կատարածը հենց դիտավորյալ սպանություն է:

Անդրադառնալով սպանության ուղղակի կամ անուղղակի դիտավորությունների տարբերությանը, մեղադրողը նշեց՝ եթե Նորայր Ավագյանը Վաղարշակին վնասվածքներ պատճառելուց հետո անօգնական թողել-հեռացել է, ապա մտածելով, թե միգուցե Վաղարշակը չի մահացել, վերադարձել է նույն կացարան, ուրեմն նա սպանելու անուղղակի դիտավորություն, այնուամենայնիվ, ունեցել է: Մեղադրողը այս առումով մեջբերեց Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը՝ անուղղակի դիտավորությամբ կատարված սպանությունների վերաբերյալ:

Դատախազը միջնորդեց Նորայր Ավագյանին մեղավոր ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել 13 տարի ազատազրկման:

Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին պատրաստվելու համար:

Spread the love
  • 17
    Shares