«Բեմն ու խորանը նույն բարձրությունն ունեն». Համերգ շնորհանդես՝ նվիրված Հայրիկ Մուրադյանին

- in Մշակույթ

Հայ ազգային մշակութային արժեքները պահպանելու, դրանց նոր կենդանի շունչ հաղորդելու, տարածելու և հանրայնացնելու գործում ահռելի դեր ունի Հայրիկ Մուրադյանը:

Նրա թողած ժառանգությունն ի մի բերող գրքերից մեկը «Հայրենի երգեր» ժողովածուն է, որի երրորդ հրատարակության առթիվ սեպտեմբերի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ համերգ՝ ի մեծարում և խոնարհում նրա, ով հարյուրավոր երգեր ու եղանակներ է փրկել անդարձ կորստից, ոuմ կերպարով և գործով ոգևորված հիմնվել են բազմաթիվ ազգագրական երգի և պարի խմբեր, ում հիշողության և պրպտումների շնորհիվ պահպանված երգերը դարձել են հայ կոմպոզիտորների նոր ստեղծագործությունների համար հարուստ ատաղձ, ում երգ-պատվիրանները դարձել են հայրենասիրության իսկական դասեր մի քանի սերունդների համար:

… Սրանից 113 տարի առաջ Վանա նահանգի Շատախ աշխարհում ծնված տղեկին Ջնուկ գյուղի Սուրբ Եռախորան եկեղեցում մկրտեցին Հայրիկ անունով՝ ի պատիվ Խրիմյան Հայրիկի: Մանկանն օրհնեցին, որ «մեջքն ամուր լինի, շալկտար դառնա», և Մեծ եղեռնից մազապուրծ պատանին աշխատեց որպես բատրակ, նրա բարձին «Նարեկ» դրեցին, և նա դարձավ պատմաբան ու բանահավաք, նրան իր պապը դաշույն ընծայեց և կամեցավ, որ թոռը «ֆիդայի դառնա», և Հայրիկ Մուրադյանն անձնվեր պաշտպանեց հայենիքը Երկրորդ համաշխարհայինի տարիներին: Վաղ պատանության տարիներին անապատներ հատելով և կոտորածներին կորցնելով բազմանդամ գերդաստանի համարյա բոլոր անդամներին, 37-ի տեռորին կեղծ մեղադրանքով հայտվելով բանտում, անցնելով Հայրենական պատերազմի դժոխքով՝ այդուհանդերձ պահպանեց հոգում երգը, որ ի մայրն էր երգել Շատախում՝ ծնելով իրեն լեռան անձավներից մեկում, հետագայում շրջեց ու գրառեց, արձանագրեց հայ գեղջուկների երգն ու պարը՝ դրանք հետո կատարելու և բեմ բարձրացնելու համար: Հայկական ազգագրական երգն ու պարն առավել տարածելուն, հային իր մշակութային ամատներին մոտեցնելուն էր միտված Հայրիկ Մուրադյանի և իր դստեր Մարոյի ջանքերով «Ակունք», «Վան», «Զարթոնք» և այլ ազգագրական համույթների ստեղծումը:
«Հայֆիլմի» նկարահանած մի շարք վավերագրական ֆիլմերին Հայրիկ Մուրադյանի կատարած ժողովրդական երգերը յուրահատուկ հուզական երանգ են հաղորդել, նրա կատարումների ձայնագրությունների թիվն անցնում է երկու հարյուրից, նա սերունդներին թողել է գրական-մշակութային հարուստ ժառանգություն: Դրանցից հիշատակենք 1971-ին Փարիզում լույս տեսած «Աշխարհի ժողովուրդների ֆոլկլորը» չորս ձայնասկավառակներից առաջինը, որում տեղ են գտել նրա երգած երգերից երկուսը, ՀՀ ազգային ռադիոյի ձայնադարանի «ոսկե ֆոնդում» իր ձայնագրությունները և այլն:

Եվ ահա օրերս լույս է տեսել այս հարուստ ժառանգության մաս կազմող «Հայրենի երգեր» ժողովածուն՝ երրորդ հրատարակությամբ: Համերգին, որին Հայրիկի երգերի կատարմամբ մասնակցում էին մի շարք ազգագրական համույթներ («Ակունք», «Կայթ», «Ծովակ», «Կարին», «Վան», «Լեռնապար»), հընթացս ներկայացվեց գիրքը, արվեստագետներն ու արվեստաբաններն իրենց խոսքում ըստ ամենայնի արժևորեցին Հայրիկ Մուրադյանի անձը և գործը:
«Հայրենի երգեր» ժողովածուի մասնագիտական խմբագիրն է Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալինա Փահլևանյանը: Հենց նրա հետ էլ մինչ համերգի սկիզբն ազդարարող երրորդ զանգը զրուցեցինք՝ Հայրիկ Մուրադյան անհատի և իր թողած մշակութային ժառանգության մասին:

«Բացառիկ երևույթ է, երբ ժողովրդական երգերի մի ժողովածու հրատարակվում, ապա վերահրատարվում է. սա «Հայրենի երգեր» գրքի երրորդ հրատարակությունն է,- ասաց Ա. Փահլևանյանը:- Առաջին հրատարակությունը եղավ 1980 թվականին: Հայրիկ Մուրադյանի երգերը պարբերաբար ձայնագրում էինք արվեստի ինստիտուտում Մաթևոս Մուրադյանի ղեկավարությամբ բաժնում: Պարբերաբար ձայնագրվում էր, և այդպես կուտակվեցին մեծ քանակությամբ երգեր: Եվ Մաթևոս Մուրադյանը հանձնարարեց ինձ նոտագրել այդ ամենը, կազմել ժողովածու՝ հրատարակելու համար: Այդ ժամանակ 123 երգ էր: Ժողովածուն շատ մեծ արձագանք ունեցավ, 60-ական թվականներին ֆոլկլորային հսկայական վերելքը կապվում է Հայրիկ Մուրադյանի անվան հետ: Նա նախաստեղծ ձևով, միաձայն ներկայացրեց մարդկանց հայ ժողովրդական երգը: Եվ մարդիկ հասկացան, որ մեր այդ արվեստն իրավունք ունի բեմից, հեռուստատեսային էկրանից հնչելու միաձայն ձևով, առանց մշակման, առանց ձեռք կպցնելու, որովհետև հայ ժողովրդական երգն առանձնահատուկ արժեք է, առանձնապես Վասպուրական աշխարհի երգը:

Իսկ Հայրիկ Մուրադյանն ամբողջ Վասպուրականի ժառանգության կրողն էր: Այնպես եղավ, որ Հայրիկ Մուրադյանի սիրույն սկսեցին գոյանալ ազգագրական համույթներ. խնդրում էին նրան, որ ղեկավարեր, որ իրենց երգ տար: Եվ այսպես առաջացան տարբեր տարիքի երիտասարդության, անգամ մանկական խմբեր, բարձրացավ հսկա ֆոլկլորային ալիք: Այդ ալիքն ազդեց, անշուշտ, կոմպոզիտորական դպրոցի վրա: Այդ ալիքի հետևանքն էր, որ Էդգար Հովհաննիսյանը ժողովրդական երգերի իր 35 մշակումներն արեց: Եվ ընդհանրապես, պատմությունը ցույց է տալիս, որ 30-40 տարին մեկ այդպիսի ալիք է բարձրանում, երբ ժողովուրդը հասկանում է, որ կարող է կորցնել այդ հարուստ ժառանգությունը: Նորից, կարծես, գենետիկ հիշողությունն արթնանում է: 60-70-ական թվականների հսկայական բռնկման ալիքի ակունքին կանգնած էր Հայրիկ Մուրադյանը: Դա հերոսություն էր, դա իսկական հայրենասիորւթյուն էր, ոչ թե խոսքերով, այլ գործով: Նրա մտապահած երգերը երեխաները երգում են և դրանով առավել հայրենասեր են դառնում:

Կարծես, պատմական Հայաստանի գավառներն են հառնում մեր աչքի առաջ: Հայրիկ Մուրադյանի արածը մեկ խոսքով գնահատել հնարավոր չէ: Եվ երբ մեծ պահանջ ծագեց նորից ունենալու այդ ժողովածուն (որովհետև ամբողջ տպաքանակը շատ արագ՝ մեկ ամսում սպառվեց), «Վան-Վասպուրական» հայրենակցական միության և այդ կառույցի ղեկավար Ռոմիկ Հովնանյանի անմիջական նախաձեռնությամբ արվեց երկրորդ հրատարակությունը: Բայց այդ հրատարակության համար ես լրացում արեցի: Հայրիկի երգած մի քանի տասնյակ երգեր առաջին հրատարակությունում տեղ չէին գտել: Առնելով իր համաձայնությունը՝ ձայնագրեցինք նաև դրանք և ավելացրեցինք ժողովածուին: Ի վերջո դարձավ 150 երգ:

Երկրորդ հրատարակության նյութն է, որ դարձավ երրորդի հիմքը: Նրանում տեղ են գտել իր մտապահած ժողովրդական, քաղաքային և ազգային-հայրենասիրական երգերը, որոնք անգնահատելի արժեք ունեն:

Հայրիկ Մուրադյանը շատ պրպտող միտք ուներ,- իր խոսքը շարունակեց Ա. Փահլևանյանը.- նա գտնում էր երգերի տարբերակները, որոնք վկայում էին Վասպուրական աշխարհի հարստության մասին, անգամ որոշ դեպքերում հայտնաբերում հեղինակներին: Հայրիկ Մուրադյանի արածն իսկական հայրենասերի մեծ սխրանք է, անանց արժեք է, և կարծում եմ՝ դրանով իր շիրմին մի մեծ խորհրդանշական հուշարձան դրվեց:

Նա նաև հիանալի կատարող էր, թավշյա բարիտոն ուներ, արտակարգ երաժշտական ունակությունների տեր էր, և այդ գենետիկ կոդն անցել էր և՛ դստերը՝ Մարոյին, և՛ որդուն՝ Լևոնին: Հայրիկն արտակարգ անձնավորություն էր՝ մեղմ բնավորությամբ, բարյացակամ… Նրա պակասը շատ է զգացվում: Հաճախ հյուրընկալվում էր տարբեր կոլիկտիվների կողմից, լինում տարբեր ուսումնական, արտադրական հաստատություններում: Ականատես եմ եղել, թե ինչպես էին մարդիկ ջերմությամբ ընդունում իրեն, արտասվում իր երգերը լսելիս: Արտակարգ լռություն էր տիրում այդ ժամանակ: Ամեն մեկը մտովի գնում էր դեպի իր նախնյաց ծննդավայրը, վերհիշում էին այդ ամենը, և մի յուրահատուկ մթնոլորտ էր ստեղծվում: Հայրիկ Մուրադյանը ավանդույթի հիմք դրեց, որ այդ երգերը կատարվեն միաձայն, իրենց բնածին տեսքով, առանց որևէ միջամտության: Սա շատ կարևոր է:

Ժամանակակից բազմաձայն աշխարհում շատ լավ էլ դրանք հնչում են և իրենց ողջ հարստությամբ ուղղակի փայլում: Դրանք հավասար իրավունք ունեն բազմաձայն երաժշտության կողքին գոյատևելու ցանկացած բեմում»:

Համերգային երեկոն «Հայրիկ Մուրդյան» հասարակական կազմակերպության անունից վարեց Նարինե Դելլալյանը: «Հայրիկի հոգևոր ժառանգությունը գաղափարախոսություն է այլևս: Հնագույն ակունքներից եկող մաքրամաքուր հայ երգը սերնդեսերունդ փոխանցելու, ազգային երգի և երգեցողության միջոցով ժողովրդի մշակութային պորտալարը արմատին ամուր կապված լինելու ազնվագույն գործում բացառիկ է Հայրիկ Մուրադյանի դերը»,- ընդգծեց նա:

«Մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման լավագույն օրինակն է այս գրքի վերահրատարակությունը,- ասաց Երևանի փոխքաղաքապետ Ա. Սուքիասյանը:- Այն ուխտ է դեպի ուխտավայր՝ դեպի Հայրիկ Մուրադյան՝ դեպի հայ երգ սրբավայր: Սա խնկարկում է, երախտիքի խոսք է իր լինելիությանը, օրհնաբանություն առ Հ. Մուրադյան»:
«Նրա անունը տասնամյակներ կմիավորի մեզ,- ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Ն. Ղարիբյանը:- Հայ ինքնությունը պահպանելու գործն է իրականում ծավալել»:

«Նա երգ չէր փրկում, այլ աստվածային շունչ,- ասաց «Կարին» համույթի գեղ. ղեկավար Գագիկ Գինոսյանը:- Նրա երգերը միաժամանակ և՛ աղոթք էին, և ռազմակոչ: »

«Երգը մեր պատմությունն է: Հիշողություն է երգը,- գրել է Հայրիկ Մուրդայանը:- Երգը օգնում է մեզ թե՛ ուրախության, թե՛ տխրության ժամին: Երգը փայլատակում է, երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում՝ լուսավոր միտք… Ահա՛ թե ինչ է երգը: Մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին: Երգերը դաստիարակության հզոր միջոց են: Նրանց մեջ արտահայտված են և՛ աշխատասիրություն, և՛ անձնազոհություն, և՛ նվիրվածություն մեր ազգին, մեր հայրենիքին: Երգերի միջոցով այդ բոլորը կփոխանցվի մեր մատաղ սերնդին»:

Հ. Մուրադյանը սիրում էր կրկնել՝ նույն բարձրությունն ունեն բեմն ու խորանը: Դա դաս է, որ պիտի իմանա ամեն արտիստ, երգիչ, երաժիշտ, ստեղծագործ մարդ: Բեմ բարձրանալիս՝ մտնում ես սրբագույն խորան, քանի որ նույն Հայրիկի համոզմամբ «Առաջնայինը աստվածայինն է…»:

Հասմիկ Սարգսյան

На данном изображении может находиться: 6 человек, люди стоят, костюм и в помещенииНа данном изображении может находиться: 8 человек, люди стоятНа данном изображении может находиться: 5 человек, люди стоят и в помещенииНа данном изображении может находиться: 5 человек, люди стоят и в помещенииНа данном изображении может находиться: 7 человек, люди стоят и в помещенииНа данном изображении может находиться: 5 человекНа данном изображении может находиться: 6 человек, люди стоят, костюм и в помещении

Spread the love