ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի միջև վերջին օրերին կտրուկ սրվել է հռետորաբանությունը

- in Ընտրություններ

Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ խորհրդարանի արտահերթ ընտրության վերաբերյալ պետք է մտածեն՝ քվեարկե՞լ, թե՞ ոչ:

ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի միջև վերջին օրերին կտրուկ սրվել է հռետորաբանությունը: Դա պայմանավորված է միայն ընտրական գործընթացո՞վ, ինչը անկասկած լիովին հասկանալի է, թե՞ Երևանի ավագանու ընտրությունը պարզապես առիթ էր կամ որոշակի խողովակ, որով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը անցնում է նոր փուլ: Հնարավոր է թե՛ մեկը՝ ընտրական գործընթացով պայմանավորված հռետորաբանության կոշտացում և դիմակայություն, և թե՛ մյուսը՝ նոր քաղաքական իրավիճակ ընտրությունից հետո՝ ընդ որում, անկախ ընտրության պաշտոնական արդյունքի մանրամասներից, եթե, իհարկե, դրանք արտառոց կամ անսպասելի չլինեն:

Այդ իմաստով սպասելին թերևս այն է, որ «Իմ քայլը» դաշինքը կտոնի հաղթանակ, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը կլինի երկրորդը կամ նվազագույնը երրորդը, եթե «Լույս» դաշինքին հաջողվի շրջանցել ԲՀԿ-ին, ինչը բարդ խնդիր է: Նկատելի է նաև «Իմ քայլը» և «Լույս» դաշինքների դիմակայություն, որը, սակայն, ԲՀԿ-ի հետ դիմակայության համեմատ կրում է լատենտ բնույթ:

Ընտրությունից հետո կշարունակվի՞ «Իմ քայլը» դաշինքի կամ այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել՝ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ-ի դիմակայությունը: Կոշտությունը ըստ ամենայնի կարող է որոշակիորեն նվազել, սակայն դիմակայությունը պահպանվել ու այդպիսով նաև դառնալ, այսպես ասած, հիմնական ներքաղաքական գիծը: Ներկայումս այդ գիծը ըստ էության Նիկոլ Փաշինյան-Քոչարյան գիծն էր, ինչը ստացվեց կամ գծվեց Քոչարյանի կալանավորման որոշումով և քաղաքականություն նրա վերադարձի մասին հայտարարությամբ: Ավագանու ընտրությունը փաստորեն առիթ էր, որ Ռոբերտ Քոչարյանը մղվի որոշակի ստվեր, և առաջ գա ԲՀԿ-ն: Դիմակայությունն այժմ անցնում է Նիկոլ Փաշինյան-ԲՀԿ գծով:

«Կվերադառնա՞» Քոչարյանն ընտրությունից հետո, թե՞ ոչ: Բանն այն է, որ ԲՀԿ-ի հետ դիմակայության առանցքայնության պարագայում ստացվում է մի քանի առումներով ուշագրավ պատկեր: Նախ՝ Ռոբերտ Քոչարյանի համար խնդիր է դառնում անգամ կոնսոլիդացիոն կենտրոններից մեկը լինելը, ուր մնաց՝ միակը կամ գլխավորը: Դրանից բացի՝ Քոչարյանը, չլինելով, այսպես ասած, իշխանության հետ առաջնային կամ առանցքային դիմակայության մեջ գտնվող ուժ, չի կարող, այսպես ասած, համոզիչ լինել քաղհալածյալի կամ քաղաքական հետապնդման ենթարկվողի իր մարտավարության մեջ, որը որդեգրել է քաղաքականություն վերադարձի և իր պաշտպանության համար: Այդ տեսանկյունից ԲՀԿ դիմակայության առաջին պլան գալը լուծում է ներքաղաքական դաշտում յուրօրինակ բալանսավորման խնդիր, որ ունի Նիկոլ Փաշինյանը:

Իհարկե, կա տեսակետ, ընդ որում՝ բավական տարածված, որ ԲՀԿ-ն խաղում է Ռոբերտ Քոչարյանի խաղը: Իհարկե, այստեղ հնչել են հայտարարություններ, որ Քոչարյանն իրենց օրակարգում չկա: Մյուս կողմից՝ անշուշտ հարցը նրա անվանական լինել-չլինելը չէ, այլ, այսպես ասած, համատեքստային, տողատակային ներկայությունը: Վերջին հաշվով, այդ տարբերակը կարող է լինել ավելի արդյունավետ, եթե Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ ձեռքով հանի շագանակները կրակից:

Այստեղ, սակայն, կա երկու խնդիր: Մեկն այն է, որ մի անգամ արդեն իսկ եղել է այդ բանը, ու ԲՀԿ-ն քիչ էր մնում վառվեր կրակի վրա, իսկ մյուսն էլ այն, որ այդուհանդերձ Ռոբերտ Քոչարյանն այդ տեսանկյունից բավական բարդ կացության առաջ է հենց հրապարակային քաղաքականություն վերադառնալու առումով, որովհետև այդպես ըստ էության արգելափակվել է կուլիսային հնարավորությունը: Նա չի կարող միաժամանակ լինել երկու տեղում, որովհետև հարված ստանալով հրապարակում՝ նա ստիպված կլինի շատ արագ բացահայտել կուլիսներում իր հնարավոր տեղը:

Spread the love