Դադարեցրել են դասադուլը, քանի որ իրենց պահանջների մասին արդեն բավարար չափով խոսել են

Tatron

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները պահանջում են ռեկտորի և ղեկավար կազմի հրաժարականը։ Նախօրեին այդ պահանջով ինստիտուտում դասադուլ էր։ Ուսանողները հայտարարեցին, որ իրենք նաև պահանջում են ներկայացնել վերջին 4 տարիների ֆինանսական հաշվետվությունը՝ հստակ առանձնացված տողերով։

Ոստիկանությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ բուհում տեղի են ունեցել չարաշահումներ։ Ըստ ոստիկանության՝ ինստիտուտի պաշտոնատար անձինք 2012թ.-ից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել և վատնել առանձնապես խոշոր չափերի գումար։

Նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ.  ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3 մլն 500 հազար  դրամ աշխատավարձ։

Պարզվել է նաև, որ 2016 թվականի հունվարից, առանց հիմնավոր անհրաժեշտության՝ իբր ինստիտուտի կարիքների համար, տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր է կնքվել պրոռեկտորներից մեկի կնոջ հետ։ Մեքենան շահագործել է պրոռեկտորը, իսկ ինստիտուտի ֆինանսական միջոցներից որպես վարձավճար և վարորդի աշխատավարձ վատնվել է շուրջ 8 մլն 150 հազար դրամ։

Պետք է նշենք, որ դեռևս թավշյա հեղափոխությունից առաջ էլ և մինչ ոստիկանության այս պաշտոնական հաղորդագրությունը, ուսանողները պարբերաբար դասադուլներ ու բողոքի ակցիաներ արել են։ Բուհում չարաշահումներ են տեղի ունեցել ու ունենում։ Նրանք նշում էին, որ Թատերականի ուսանողի համար անհրաժեշտ պարագաների, սարքավորումների, տեխնիկայի համար բուհում գումար չկա, սակայն, ռեկտորի անձնական կարիքների համար՝ կա։ Իհարկե, ռեկտորն այդ ժամանակ հերքել էր նման խոսակցությունները, սակայն ժամանակն այլ բան ցույց տվեց։

Թատերական ինստիտուտի Ուսանողական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միլեն Բալդրյանը մեզ տեղեկացրեց, որ այս պահին իրենք դադարեցրել են դասադուլը, քանի որ իրենց պահանջների մասին արդեն բավարար չափով խոսել են ու դրանք հասցեատերերին հասցրել։

Spread the love
  • 18
    Shares