ԵԿՄ-ում հակահեղափոխականները փորձում են պառակտում մտցնել Սասունի և Արամի միջև

Sasun Mikayelyan

ԵԿՄ-ում տեղի է ունեցել ազատամարտիկների, նախկին ու ներկա ԵԿՄ-ականների մասնակցությամբ նիստ, որտեղ ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է ազատամարտիկ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

Ավելի վաղ նույն պաշտոնում քննարկվել էր նաև ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի թեկնածությունը, որը համաձայնել էր ստանձնել այդ պատասխանատվությունը:

Ազատամարտիկ, Նորք-Մարաշի զինված խմբի գործով կալանքի տակ գտնվող Վլադիմիր Առաքելյանը՝ Ադիդասի Վովա, երեկ նիստի ժամանակ հարց էր հնչեցրել ներկաներին՝ եթե Սասուն Միքայելյանը չլիներ իշխանության ներկայացուցիչ, կհամաձայնեի՞ք նրան ընտրել ԵԿՄ նախագահի պաշտոնում, որին ներկաները պատասխանել են դրական:

Ազատամարտիկը նշում է, որ Երկրապահ կամավորականների միությունում հակահեղափոխական ճամբարի ներկայացուցիչները փորձում են պառակտում մտցնել ազատամարտիկների ու հատկապես Սասուն Միքայելյանի և Արամ Սարգսյանի միջև:

«Ես այդ հարցը պատահական չեմ տվել, որովհետև Սասուն Միքայելյանն իմ մարտական ընկերն է, բավական երկար ճանապարհ ենք անցել: Մենք կտտանքների ենք ենթարկվել, նստել ենք բանտերում դեռ 2008-ին: Մենք տեսնում էինք՝ ով կար մեր կողքը, նույնն էլ Սասունի կողքը: Ամենավատ բանն այն է, որ մարդուն գովում են, հանում են վերև ու միամիտ բրդում գցում են: Այսօր Երկրապահում անհասկանալի բաներ է կատարվում: Այնտեղ կային մարդիկ, ովքեր ժամանակին եղել են նախկին իշխանությունների կոշիկի թայը, աչքն ու ականջը ու մեր շարժը ներկայացնում էին նրանց: Ասեմ՝ խոսքը Վարդան Ավետիսյանի մասին է, ես չեմ էլ թաքցնում: Ես եղել եմ այն տղերքից, ովքեր միշտ անուններով են ասել՝ ով ով է:

Ես զարմացա, որ Վարդան Ավետիսյանն իրեն համարում է նախաձեռնության անդամ ու կարող է ԵԿՄ-ում հարց լուծել, որ Սասունին նշանակի նախագահ: Ինձ թվում է՝ Սասունը հետո կհասկանա իմ հարցի էությունը: Եթե Ավետիսյան Վարդանի նմաններն այնտեղ են եղել, ուրեմն՝ չգիտեմ: Կամ, ասենք՝ Կոմանդոսը, բան չունեմ ասելու, բայց ինքը երբ է Սասունի հետևից գնացել: Այն ժամանակ, որ մենք ընդդիմադիր էինք, մեզ՝ ազատամարտիկներիս, բռնում կոխում էին բերդերը, ո՞ր մեկը ելավ բարձրաձայնեց»,- մանրամասնեց ազատամարտիկը, որը մի քանի օր առաջ է դուրս եկել բանտից:

Ըստ նրա՝ իշխանությունները միշտ փորձել են պառակտել ազատամարտիկներին ու հիմա ևս այդ նույն փորձն է արվում: Անդրադառնալով Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի թեկնածությանը, ազատամարտիկն ասաց՝ նախկին իշխանության հակահեղափոխական տարրերը, իր խոսքերով, «մուտիտ» են գցում երկու ազատամարտիկների միջև: «Ես չեմ ուզում, որ Արամն ու Սասունը հագնեն իրար: Արամը պատահական տղա չէ, մեր ընկերոջ եղբայրն է, Սասունն էլ՝ դե մեր ընկերն է: Չգիտեմ, չպետք է թույլ տանք: Ես չեմ թողնի, որ երկու ախպեր խփեն իրար»,- նշեց նա, ապա հավելեց՝ հանդիպելու է Սասուն Միքայելյանի հետ, կներկայացնի իր կարծիքն ու մտավախությունը ստեղծված իրավիճակում:

Ազատամարտիկը շեշտում է՝ հեղափոխությունը չի ավարտվել, դեռ շատ հարցեր կան, Հայաստանը դեռ պետք է մաքրել. «Ես 22 տարի պայքարող եմ եղել, 3 անգամ դատվել եմ, 5 անգամ վտարվել եմ Հայաստանից: Ես իշխանություն չեմ լինի, բայց ընդդիմություն էլ չեմ լինի, ինչով կարող ենք, պետք է օգնենք»:

Spread the love
  • 22
    Shares