Երևանում ականատեսը կլինենք վարչապետի ուղիղ կառավարմա՞նը

Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանը ստվերում մնաց ոչ միայն ամբողջ քարոզարշավի ընթացքում, այլ նույնիսկ երեկ և այսօր, երբ բոլորը, կարծես, զբաղված են ավագանու ընտրությունների արդյունքների վերլուծությամբ ու քննարկումներով։

Ավագանու ընտրությունների արդյունքները քննարկվում են գլոբալ համատեքստում, դրանցից բխեցնում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը, սակայն քչերն են անդրադառնում քաղաքային նոր իշխանությանը, որի ձևավորմանն էլ ուղղված էին երեկվա ընտրությունները։

Քարոզարշավի հենց առաջին օրը Նիկոլ Փաշինյանը զարգացրեց «սևերի» ու «սպիտակների» թեզը, երկրորդ օրը պայթեց գաղտնալսումների սկանդալը, ու այլևս Երևանի տարբեր թաղամասերում մարդիկ սպասում էին ոչ թե Հայկ Մարությանին, այլ Նիկոլ Փաշինյանին, որը միայնակ ձևավորեց անցած ընտրությունների օրակարգը՝ իր նախընտրելի թեկնածուին ու նրա մրցակիցներին թելադրելով ընտրական խաղի կանոնները։

Ողջ քարոզարշավի ընթացքում սիրված դերասանն այդպես էլ դուրս չեկավ ազդեցիկ վարչապետի ստվերից ու քաղաքապետ դարձավ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի մեծ հեղինակության շնորհիվ։ Ասվածը բնավ չի նշանակում, որ Երևանի նոր քաղաքապետը չունի արժանիքներ կամ խարիզմա։ Իհարկե՝ ունի, սակայն զուտ անհատական, մասնագիտական որակներով, փորձառությամբ նա զիջում էր իր մրցակիցներից շատերին, և եթե քարոզարշավում ընդգծված չլիներ վարչապետի ներկայությունը, կամ գործընթացի առանցքում չհայտնվեր հեղափոխության ու հակահեղափոխության թեման, ամենևին էլ պարզ չէ, թե ինչ արդյունք կունենային երեկվա ընտրությունները, անգամ կասկածելի է թվում, որ «Իմ քայլ» դաշինքը կարող էր ստանալ 40%+1 քվե իր առաջին համարին իրավունքի ուժով քաղաքապետ դարձնելու համար։

Սակայն քաղաքականությունը «եթե»-ներ չի սիրում, ու երեկվա ընտրություններով Նիկոլ Փաշինյանը լուծել է ոչ միայն գլոբալ, համապետական խնդիր, այլ ապահովել է Հայկ Մարությանի ու նրա թիմի տոտալ վերահսկողությունը քաղաքային իշխանության հանդեպ։

Քաղաքային նոր ավագանին քաղաքական առումով լինելու է ամենամիատարրը․ գործող քաղաքապետի դաշինքը վերահսկում է ավագանու 65 մանդատներից 54-ը։ Ենթադրաբար՝ Երևանի նոր ավագանիում որոշումները կայացվելու են հեշտությամբ՝ առանց լուրջ բանավեճերի, ինչը, բնականաբար, ազդելու է քաղաքային կառավարման որակի վրա։

Սակայն ստեղծված վիճակը հետևանք է ավելի գլոբալ համատեքստի։ Անգամ հեղափոխությունը, որը երկրին վերադարձրեց բազմաթիվ դեմոկրատական ազատություններ, օրինական ընտրությունների մոդել, չկարողացավ լուծել մունիցիպալ իշխանության վերականգնման հարցը՝ բովանդակային և ինստիտուցիոնալ հարթությունների վրա։ Հայաստանի ամենամեծ մունիցիպալ իշխանության ղեկավարը, ինչպես մինչև հեղափոխությունը, այնպես էլ հիմա, ընտրվում է Բաղրամյան 26-ում և ընդամենը վավերացվում է հասարակության կողմից։ Այլ խնդիր է, որ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում նրա թեկնածուն հասարակությանը, ըստ էության, հրամցվում էր «տասը հազար» դրամներով, իսկ հիմա՝ սիրո և համերաշխության մթնոլորտում, երբ հասարակությունը վստահություն է հայտնում հեղափոխության առաջնորդին՝ կանաչ լույս վառելով նրա թեկնածուի պաշտոնավարման համար։

Այս իրավիճակն անխուսափելիորեն ազդելու է քաղաքային կառավարման որակի վրա, որովհետև հասարակության մանդատի հիմքում ոչ թե Երևանին առնչվող խնդիրներն են, այլ ավելի գլոբալ մի համատեքստ, որի առնչությունը մայրաքաղաքային օրակարգի հետ խիստ պայմանական է։ Այս հարթության վրա միանշանակ սխալ էր Երևանի ավագանու ընտրությունների անցկացումը՝ մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Իշխանությունները, անշուշտ, գիտակցում են, որ քանի դեռ հեղափոխությունը չի հասել վերջնական հաղթանակի, քաղաքային ընտրություններն ու կառավարումը զոհաբերվելու են քաղաքական կոնյունկտուրային, ավելի գլոբալ օրակարգի։

Երեկ Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել օրինական ընտրությունների միջոցով, սակայն վարչապետի վարկանիշի շնորհիվ, ըստ այդմ՝ քաղաքային նոր իշխանության կայունությունը պայմանավորված է լինելու ներքաղաքական գործոններով։ Եթե ամիսներ անց Նիկոլ Փաշինյանն ունենա վարկանիշային կորուստ, ինչը գոնե տեսականորեն չի բացառվում, ապա Երևանի քաղաքային իշխանությունը կանգնելու է լեգիտիմության լուրջ խնդրի առաջ։

Ստեղծված իրավիճակի միակ լուծումն այն է, որ Հայկ Մարությանը փորձի կապիտալիզացնել երևանցիների երեկվա վստահությունը՝ ձգտելով ձևավորել քաղաքապետի նոր կերպար, որը, մի կողմից, շահեկանորեն կտարբերվի նախկին կոռումպացված քաղաքապետներից, մյուս կողմից՝ կընդգծի գործող քաղաքապետի ինքնուրույնությունը իշխանության այսօրվա աստիճանակարգում։

Դուրս կգա՞ Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանի ստվերից, թե՞ Երևանում ականատեսը կլինենք վարչապետի ուղիղ կառավարմանը։ Սա սկզբունքային խնդիր է, որովհետև վաղը կարող է այնպես ստացվել, որ քաղաքացին իր վերելակի կամ աղբի համար ուղղակիորեն մեղադրի երկրի ղեկավարին՝ համարելով, որ քաղաքապետն ընդամենը նրա տեղապահն է։

Spread the love
  • 18
    Shares