Ընդհանուր առմամբ երևանցիների էլեկտորալ վարքագիծն՝ ըստ աշխարհագրության, չի փոխվել

- in Ընտրություններ
Yntrutyun

Ժամը 14-ի դրությամբ, երբ ընտրական օրը հատել է հասարակածը, Երևանում ընտրելու իրավունք ունեցող 848343 քաղաքացուց ընտրության մասնակցել է 201268 որը կազմում է 23.72 տոկոսը:

2017 թվականին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում ժամը 14.00-ի դրությամբ, ընտրելու իրավունք ունեցող 842147 քաղաքացուց ընտրության մասնակցել էր 210903-ը, որը կազմում էր 25,04 տոկոսը:

Պաշտոնական թվերը հուշում են, որ այսօրվա մասնակցության ցուցանիշն առայժմ նույնիսկ մի փոքր ավելի ցածր է, քան այն, ինչ ունեինք անցած տարվա երևանյան ընտրություններում։

Առաջին հայացքից՝ կարող է հակասություն նկատվել․ տարածված կարծիքի համաձայն՝ հեղափոխությունը մեծացրել է Հայաստանի հասարակության սուբեկտությունը, ու ոմանք կանխատեսում էին, որ այսօր ականատես էինք լինելու մասնակցային բումի։ Մյուս կողմից՝ ավելի խորքային անալիզը հուշում է, որ գործ ունենք մասնակցության օրինաչափ, բնական մակարդակի հետ։

Մեր հասարակությունը դեռ ադապտացված չէ ազատ ընտրությունների ինստիտուտին ու շատերը սովոր են ընտրական տեղամասեր գնալ, երբ ստանում են 10000 դրամներ կամ իրենց կազմակերպված տանում են ընտրությունների։ Այս անգամ նման երևույթներ չկան ու շատ բնական է, որ հասարակության ուղղորդվող շերտի շատ ներկայացուցիչներ մնացել են տանը, իսկ նրանց փոխարեն գուցե էլեկտորալ ակտիվություն են ցուցաբերել հասարակական այն խմբերը, որոնք վերջին տարիներին չէին մասնակցում ընտրություններին՝ դրանց չհավատալու հետևանքով։

Մյուս կողմից՝ ընտրություններում մասնակցության ցուցանիշը բարձր է լինում, երբ առկա է սուր մրցակցություն։ Այս ընտրություններն ազատ են, սակայն դրանց ֆավորիտը հայտնի է՝ հետհեղափոխական իրողություններով և օրինաչափություններով պայմանավորված։ Այս համատեքստում շատերը գերադասում են չմասնակցել ընտրությունների՝ մտածելով, որ իրենց քվեն չի կարող ազդել ուժերի դասավորության վրա։

Իհարկե, գոյություն ունի նաև այլ հանգամանք։ Այս ընտրությունները, մեծ իմաստով, վերածվել են հեղափոխության առաջնորդի վստահության հանրաքվեի ու, եթե մասնակցային բում չկա, դա հուշում է այն մասին, որ հեղափոխական էյֆորիան կայունանալու կամ նույնիսկ նահանջելու փուլում է։

Ամեն դեպքում՝ գործ ունենք նորմալ մասնակցության հետ, ինչը բնավ կասկածի տակ չի դնում ընտրությունների օրիանականությունը։

Չմոռանանք նաև, որ ընտրողների մասնակցության վրա ազդում է նաև քաղաքական համակարգի կոնֆիգուրացիան։ Քաղաքական ուժերը դեռ ամբողջովին չեն ադապտացվել հետհեղափոխական իրողություններին, ինչի հետևանքով հասարակական տարբեր շերտեր դեռ չեն «գտել» իրենց շահերն արտահայտող քաղաքական ուժերին։ Մյուս կողմից՝ մեծ ռեսուրսներ ունեցող խոշոր կապիտալն այս ընտրություններում չունի կոնկրետ հետաքրքրություններ, ինչն անուղակիորեն կողմնորոշիչ է խոշոր բիզնեսի հետ կապված հասարակական խմբերի ընտրական վարքագծի համար։

Ըստ առանձին համայնքների մասնակցության տվյալների ուսումնասիրությունը բերում է այն եզրահանգման, որ ընդհանուր առմամբ երևանցիների էլեկտորալ վարքագիծն՝ ըստ աշխարհագրության, չի փոխվել։ Դարձյալ ընդհանուր երևանյան ցուցանիշների համեմատ ավելի ակտիվ են քվեարկում, այսպես կոչված, «ծայրամասերը» ու հակառակը՝ պասիվ են Կենտրոնի ու Արաբկիրի ընտրողները։