Թրամփն ու Պուտինը ճանաչեցին նոր Հայաստանը

trump-putin

Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի ղեկավարները շնորհավորանքներ են ստանում գործընկեր պետությունների ղեկավարներից: Շնորհավորել են նաեւ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները:

ԱՄՆ նախագահ Թրամփի ուղերձում մասնավորապես ասվում է. «Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի: Խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ՝ օգնելու իրագործել կոռուպցիան արմատախիլ անելու, անկախ դատական համակարգի, քաղաքական և տնտեսական մրցակցության վրա հիմնված ներկայացուցչական ու հաշվետու կառավարում և իրավունքի գերակայություն հաստատելու ձեր ժողովրդի կամքը:

Շնորհակալություն ենք հայտնում տարբեր հարթակներում ձեր հաստատուն գործընկերության, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի գործողություններում ձեր մասնակցության և սիրիացի փախստականներին մեծահոգաբար ընդունելու համար»:

ՌԴ նախագահ Պուտինի ուղերձում մասնավորապես ասվում է. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել դաշնակցային կապերի հետագա զարգացումը, երկկողմ հիմքի վրա բազմակողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը: Դա, անկասկած, համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների շահերին և համահունչ է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը»:

Թրամփն ու Պուտինն, այսպիսով, ճանաչեցին Նոր Հայաստանը, յուրաքանչյուրն, իհարկե, յուրովի, ինչը գալիս է այդ երկրների առաջնահերթություններից ու բնույթից: Նրանց ուղերձներից բերված այս հատվածները դրա լավագույն բնութագրերն են: Միեւնույն ժամանակ, երկու նախագահները «բաժանել են» ոլորտները, որտեղ աշխատելու են Հայաստանի հետ, առանց իրար խանգարելու:

Spread the love
  • 26
    Shares