Ինչի՞ գործիք է դառնում ՀՀԿ-ն

HHK

Երեւանի ավագանու ընտրությունը նոր իշխանությունը փաստացի հռչակել էր հանրաքվե. Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է անվերապահ հաղթանակ, ինչը պետք է իրեն օժտեր արտահերթ ընտրության շուրջ բանակցություններ սկսելու մանդատով:

Նոր իշխանությունը ստացավ ավելի, քան սպասվում էր՝ 81 տոկոս, եւ եթե հաշվի ենք առնում նախորդ իշխանության ընտրակեղծարարության ռեսուրսի՝ մահացածների, Հայաստանից գնացածների, փողով ընտրության գնացողների բացակայությունը, ստացվում է, որ գրեթե ողջ Երեւանը իր ձայնը տվել է նոր իշխանությանը:

Նիկոլ Փաշինյանն ընտրություններից հետո հայտարարել է, որ արդյունքները վկայում են, որ ներկայիս խորհրդարանն ընտրվել է կեղծիքներով, լեգիտիմ չէ, չի արտահայտում հանրային տրամադրությունները եւ պետք է արագ ցրվի:

ՀՀԿ-ականները շարունակում են պնդել, որ խորհրդարանի արտահերթ ընտրության համար հիմքեր չկան: Մասնավորապես, ՀՀԿ-ն պնդում էր 2017 թ. ապրիլի 2-ի քվեարկության «լեգիտիմությունը», ասելով, թե այդ ընտրությունները ճանաչվել են արտաքին գործընկերների կողմից: Բայց Երեւանի ավագանու ընտրությամբ ՀՀԿ-ն զրկվեց որեւէ փաստարկից, այդ թվում արտաքին «լեգիտիմության» մասով:

Դժվար թե ՀՀԿ-ում չեն հասկանում այս իրավիճակը: Այդ դեպքում հնարավոր է երկու տարբերակ՝ ՀՀԿ-ն կամ փորձում է առեւտուր սկսել իր համար շահեկան զիջումներ պոկելու համար, որը չի լինելու, կամ կատարում է ինչ որ խմբավորումների կամ նույնիսկ արտաքին պատվեր: Այլապես դժվար է հասկանալ, թե ինչու է ՀՀԿ-ն իրեն անհամարժեք պահում իրավիճակին:

Բանն այն է, որ մի կողմից առկա է Հայաստանի հանրության բացառիկ մանդատը, մյուս կողմից՝ ուժային կենտրոնները ճանաչել են Հայաստանի նոր իրողությունը: Այդ պարագայում խորհրդարանի լուծարմանը դեմ գնալը դառնում է, շատ մեղմ ասած, անհամարժեք պահվածք, որը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: ՀՀԿ-ն այդպե՞ս է ցանկանում հեռանալ ասպարեզից:

ՀՀԿ-ում պետք է հասկանան, որ Սերժ Սարգսյանի հեռացումը չափազանց մանր խնդիր էր փողոցները հեղեղած մի քանի հարյուր հազար քաղաքացիների ֆոնին, ինչպես նաեւ ՀՀԿ-ի հեռացումը մանր խնդիր է 80 տոկոս քվեարկության ֆոնին: ՀՀԿ-ում հավաքված «ուղեղային կենտրոնը» լավ կլիներ փորձեր հասկանալ, թե ինչու էր ողջ ժողովուրդը դուրս եկել փողոց, եւ ինչու Երեւանի գրեթե ողջ հանրությունը քվեարկեց նոր իրականության համար:

ՀՀԿ-ական վարչակարգին դիմակայելու համար դա չափազանց շատ էր: Ինչի՞ն էր դիմակայում եւ ի՞նչ իրականություն էր ստեղծում հայ ժողովուրդը, եւ ինչի՞ գործիք է դառնում ՀՀԿ-ն:

Spread the love
  • 16
    Shares