Իշխանությունների ու ԲՀԿ-ի միջև լարվածությունը հասավ կուլմինացիային

- in Կեղտոտ լվացք

Երևանի ավագանու ընտրությունների Լռության օրը իշխանությունների ու ԲՀԿ-ի միջև լարվածությունը հասավ կուլմինացիային։ Հակադրության այս ֆոնն, անշուշտ, ավելի խորքային հիմքեր ունի ու ավելի մեծ հետևանքներ է ունենալու՝ դուրս գալով ընտրական այս գործընթացի շրջանակից։

Բացի այդ՝ այսօրվա միջադեպերը լրջորեն կարող են ստվերել երևանյան ընտրությունները, որոնք առաջինն են հեղափոխությունից հետո ու գրեթե էտալոնային են համարվում իշխանությունների կողմից։

Նախ՝ կեսօրից հետո «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը և մի խումբ երիտասարդներ ներխուժել են «Մեդիա կենտրոն», որտեղ «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը ներկայացնում էր նախընտրական շրջանում իր կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքները և նշում էր, որ ընտրակաշառքի մասին բազմաթիվ ահազանգեր են ստացել, որոնք հիմնականում վերաբերել են ԲՀԿ-ին։ Պատգամավորն ու նրան ուղեկցող երիտասարդները ասուլիսի մասնակիցներին մեղադրել են իրենց հասցեին կեղծ տեղեկություններ տարածելու համար։

Ահա՝ այսպես, սակայն պարզվեց, որ սա իրադարձությունների միայն սկիզբն է ու, այսպես ասած, կինոն դեռ առջևում է։

Ոստիկանությունը շուտով հաղորդագրություն տարածեց, որ ժամը 15:45-ին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գևորգ Չաուշի արձանի մոտ գտնվող նախընտրական շտաբներից մեկում տարեց մարդկանց ընտրակաշառք են բաժանում, ինչց հետո հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկություն են անցկացնում ԲՀԿ-ի Աջափնյակի նախընտրական շտաբում՝ իրենց հետ բաժին տանելով կուսակցության երեք ներկայացուցիչների։

Ըստ ամենայնի՝ գործ ունենք կեղծ ահազանգերի հետ, համենայն դեպս՝ մինչև այս պահը ոստիկանությունը չի հայտարարել, թե ընտրակաշառքի դեպը բացահայտվել է, ինչը հիմք է տալիս, որ ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարեն քաղաքական հետապնդումների ու ճնշումների մասին։ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, թե այս ամենը սուտ մատնություն է իրենց կուսակցությունը, ընտրաթիմը կազմալուծելու նպատակով. «․․․Հիմա, հարգարժան պարոն Օսիպյան, կա՛մ Դուք սուտ մատնության հոդվածով քրեական գործեր կհարուցեք բոլոր այն անձանց հանդեպ, ովքեր սուտ մատնության գործողություն են կատարել և ուղղակի նպատակը մեկն է՝ կազմալուծել «Բարգավաճ Հայաստանի» աշխատանքը, մեր ակտիվիստների աշխատանքը, կա՛մ, պարոն Օսիպյան, մենք բարձրացնելու ենք Ձեր հրաժարականի հարցը, որովհետև Դուք չեք տիրապետում իրավիճակին»։

Իսկապես ստեղծվել է տարօրինակ մի իրավիճակ, որը կարող է անգամ կասկածի տակ դնել ընտրությունների լեգիտիմությունը։ Եթե ԲՀԿ-ն իսկապես ընտրակաշառք է բաժանում, ապա ոստիկանությունը պետք է ապացուցի դա՝ կոնկրետ փաստերով, ու ընտրակեղծարաները ենթարկվեն խիստ պատասխանատվության, հակառակ պարագայում՝ ոստիկանությունը պարտավոր է հետաքննություն իրականացնել ահազանգողների նկատմամբ՝ սուտ մատնության հատկանիշներով։

Եթե ոստիկանությունը երկու գործողություններից որևէ մեկը չի իրականացնում, ապա խիստ կասկածելի են թվում ահազանգերի իսկությունն ու նրա իրականացրած խուզարկությունների իրավաչափությունը՝ դրանից բխող հետևանքներով։ Այս պարագայում՝ ոստիկանապետի հրաժարականի պահանջը դառնում է համարժեք, հակառակ պարագայում՝ ոստիկանության վիճահարույց գարծողությունների պատասխանատվությունը մնում է իշխանությունների վրա։

Այս անցանկալի իրադրաձությունները կարող են լուրջ ստվեր նետել վաղվա ընտրությունների վրա, մանավանդ որ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը որոշում է կայացրել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ։

Առայժմ սահմանափակվենք արձանագրումով, որ քաղաքապետական ընտրություններով այդ «պատերազմը» ոչ միայն չի ավարտվելու, այլ նոր ընթացք է ստանալու՝ դառնալով քաղաքական կյանքի հիմնական ինտրիգներից մեկը։

Spread the love