Գագիկ Ծառուկյանը վերադարձավ՝ Սերժ Սարգսյանի հետ խորհրդարանը քվոտավորելու համար

- in Կեղտոտ լվացք
Serzh Gagik

Երեւանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, հարցազրույցներից մեկում անդրադառնալով Իմ քայլը դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին, ասել է, որ այդ ուժում Նիկոլ Փաշինյանից հետո չկա որեւէ այլ համար: «Նորից եմ կրկնում՝ կա միայն Նիկոլ Փաշինյան, և Նիկոլ Փաշինյանից հետո այդ քաղաքական ուժում երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, հարյուրերորդ որևէ մեկը չկա», հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը:

Նրա հայտարարությունը կատակ չէ, սակայն պարունակում է ճշմարտության հատիկ: Անկասկած է, որ Նիկոլ Փաշինյանն իր գլխավորած քաղաքական ուժի մնացյալ կազմից առաջ է բազմակի: Կարճաժամկետ առումով դա գուցե նույնիսկ առավելություն է այդ ուժի համար, սակայն երկարաժամկետ տեսանկյունից իհարկե կան խնդիրներ ու մարտահրավերներ:

Մյուս կողմից, հետաքրքիր է այն, որ այդ մասին խոսում է մի քաղաքական ուժի թեկնածու, որտեղ էլ Գագիկ Ծառուկյանից հետո փաստացի չկա ոչինչ: Ընդ որում, հանրությունը մեկ անգամ արդեն դարձել է այդ իրողության ականատեսը, 2015 թվականի փետրվարին, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունն ու ԲՀԿ-ն թողնելու մասին, եւ դրանից հետո այլեւս բավական դժվար նկատելի էր դարձել դե ֆակտո երկրորդ ուժ ԲՀԿ գործունեությունը:

Անկասկած այլ է Նիկոլ Փաշինյանի առաջնորդական «պաշարը», եւ այլ է Ծառուկյանի առաջնորդական պաշարը, ու տարբեր են նաեւ երկու ուժերը իրենց կազմավորման մոտիվացիոն հիմքով եւ այլ էական բաղադրիչներով, սակայն փաստ է այն, որ առանց Գագիկ Ծառուկյանի էլ չկա ԲՀԿ:

Թեեւ, այստեղ իհարկե իրավիճակը ունի առանձնահատկություն, եւ չի բացառվում, որ ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին համարն ակնարկում է հենց այդ մասին:  Ընդ որում, այդ առանձնահատկությունը բնորոշ չէ միայն Բարգավաճ Հայաստանին: Այն բնորոշ է նաեւ ՀՀԿ-ին: Դա պայմանական հնարավոր է գնահատել իբրեւ «լատենտ ֆրակցիոնիզմ», երբ կուսակցությունն ունի տարբեր թեւեր, որոնք միմյանց հանդեպ որոշակի տարամետ դիրքերում են, ունեն շահերի եւ հետաքրքրությունների, նաեւ պատկերացումների բախում ու տարբերություն:

Ընդ որում, դրա թերեւս ամենաթարմ դրսեւորումն էր այն, որ Երեւանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցում կուսակցության պատգամավորներից մեկը բացահայտ կոշտ տոնով դեմ արտահայտվեց Նաիրա Զոհրաբյանի ընտրությանը:

Այս հանգամանքը ոչ միայն տարօրինակ լինել չի կարող, այլ թերեւս պետք է շատ նորմալ եւ նույնիսկ ողջունելի լինի ցանկացած ուժի դեպքում: Պարզապես խնդիրն այն է, որ այդ երեւույթները հայկական կուսակցական դաշտում սովորաբար զուրկ են ինստիտուցիոնալ դրսեւորման հնարավորությունից, եւ գործընթացները վերածվում են բանսարկության, ինտրիգների եւ խարդավանքների, հետո հանգուցալուծվելով առաջնորդի միանձնյա միջամտությամբ:

Նույն «փակ բաժնետիրական» սկզբունքն է նաեւ ՀՀԿ-ում, նախորդ իշխող համակարգի թիվ մեկ միավորում, որտեղ եւս կան իրարամերժ խմբեր, որոնք սակայն այդ ամենը պահում են «վերմակի» տակ: ՀՀԿ-ն այդ իմաստով տարբերվում էր նրանով, որ իշխանության անմիջական կրող ուժ էր եւ այստեղ իհարկե ամեն ինչ պայմանավորվածությունների շատ կոշտ միջավայրում էր, ինչը հնարավոր չէր ասել նախորդ համակարգում ԲՀԿ դեպքում: Դա էր նաեւ պատճառը, որ Սերժ Սարգսյանը 2015-ի փետրվարին ի վերջո գնաց արմատական լուծումների եւ հեռացրեց Գագիկ Ծառուկյանին, այդպիսով ԲՀԿ «բաժնետերերին» ստիպելով բացվել կամ հետ քաշվել: Ըստ էության ժամանակի ընթացքում ստացվեց, որ նրանք որոշակիորեն թե բացվեցին, թե հետ քաշվեցին:

Հետո  Գագիկ Ծառուկյանը վերադարձավ՝ Սերժ Սարգսյանի հետ խորհրդարանը քվոտավորելու համար: Մեկ տարի անց Սերժ Սարգսյանը հեռացավ: Արդյոք այսօր վերադարձել են ԲՀԿ նախկին բաժնետերերը: Նրանց հեռացնելու համար արդյոք հարկ կլինի վերադառնալ Սերժ Սարգսյանին, իհարկե ոչ թե իշխանության, այլ որեւէ քաղաքական կամ հրապարակային այլ դերակատարման, որեւէ դրսեւորումով:

Ի դեպ, այդ առումով խիստ ուշագրավ, եւ թերեւս անարդարացիորեն անուշադրության մատնված է մնում նախօրեին Սաշիկ Սարգսյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի պայմանին՝ վերադարձնել յուրացվածը: Նա իհարկե հերքել էր, թե որեւէ բան յուրացրել է, ասելով, թե ամեն ինչ աշխատել է օրինական, բայց նաեւ փաստացի պատրաստակամություն էր հայտնել պետությանը նվիրել մի մասը, եթե իրավապահները հետ քաշվեն, այսինքն եթե դադարեցվի իրավական հետապնդումը: Դա աննախադեպ հայտարարություն է, որն առաջին հերթին փաստի առաջ է դնում նախորդ համակարգի «բաժնետերերին», նրանց մատուցելով անակնկալ:

Spread the love