Հայաստանի ապագայի նոր հնարավորություններ

- in Հրապարակ
eritasardner

Հայաստանի Հանրապետությունն այսօր դառնում է 27 տարեկան: Անկախության մասին այս 27 տարիների ընթացքում ասված է թերևս ամեն ինչ: Այսինքն՝ բանասիրության, ինչպես նաև «բանահյուսության» մակարդակում Հայաստանում անկախ պետականությունը, անկախությունը կերտվել է լիուլի և այդ իմաստով կարծես թե ասելու բան այլևս չկա, և ասելու կարիք էլ թերևս չկա:

Ի վերջո, եթե մենք անկախությունից 27 տարի, մի ամբողջ սերունդ անց դեռևս ունենք կարիք ինքներս մեզ համար, մեր երեխաների համար Անկախության տոնին բացատրելու, թե ինչ է անկախությունն ու ինչի համար է այն պետք, ուրեմն մենք այդ 27 տարիների ընթացքում խոսքից բացի, ուրիշ ոչնչով զբաղված չենք եղել:

Սա, իհարկե, պետք չէ ընկալել բացարձակ իմաստով, որովհետև այդ 27 տարիներն, անշուշտ, եղել են ահռելի ձեռքբերումների տարիներ, որ ունեցել ենք մեր պետականության նաև ահռելի արատներին, համակարգային արատներին զուգահեռ: Մենք ունեցել ենք հաղթանակ ղարաբաղյան ճակատում, մենք ունեցել ենք պետական բանակի կերտում, մենք ունեցել ենք տնտեսական որոշակի ձեռքբերումներ, պետական ինստիտուտների կազմավորում, միևնույն ժամանակ մենք ունեցել ենք ապրիլյան քառօրյա պատերազմ, ծանր դիմակայություն և պետական արատների մերկացում: Այս ամենը մերն է, մերն են թե՛ հաղթանակները, թե՛ պարտությունները, սակայն սրանով հանդերձ՝ ակնառու է, շոշափելի է մի բան՝ Անկախությունը դեռ մերը չէ: Եվ սրա վկայությունն այն է, որ մենք յուրաքանչյուր սեպտեմբերի 21-ին փորձում ենք ինքներս մեզ հավաստիացնել ու համոզել, որ ունենք Անկախություն, և թե որքան թանկ է այն, ինչ է այն նշանակում:

Խոսքն, իհարկե, դասագրքային տեքստերի մասին չէ, որն, իհարկե, պետք է փոխանցենք մեր սերունդներին: Այլ այն մասին, որ խորքային, մնայուն, անվիճելի, հանրայնորեն համընդհանուր ընդունելության արժանանալու առումով մենք տեքստից բացի, առայժմ չենք ստեղծել ուրիշ բան: Մյուս կողմից, սակայն, Անկախության 27-րդ տարեդարձը այդ առումով տարբերվում է, էապես է տարբերվում, որովհետև այն նախորդում է Հայաստանում ժողովրդական թավշյա հեղափոխությանը: Ըստ էության, ղարաբաղյան հաղթանակից հետո սա մեր թերևս երկրորդ լիարժեք քայլն էր դեպի իրական անկախություն, կամ անկախությունը դեպի մեզ բերելու երկրորդ լիարժեք քայլը:

Այդ արանքում, իհարկե, եղել են նշանակալի այլ քայլեր, որոնք, սակայն, իրենց բնույթով մնացել են կիսատ: Առավել ևս այն ամբողջական համակարգային արատների ցանցում, որ պատել են Հայաստանն անկախության քառորդ դարի ընթացքում և պետությունն ավելի շատ հեռացրել այդ անկախությունից՝ դրանից բխող ծանր հետևանքներով: Մենք հիմա դեռ մոտեցել ենք Անկախ պետականությանը, էական քայլով ենք մոտեցել, սակայն դեռևս ունենք անցնելու ճանապարհ, երկար, աշխատանք պահանջող ճանապարհ: Եվ այդ ճանապարհին երևի թե պետք է դադարել շատ խոսել, ու ավելի շատ պետք է գործել: Նաև այս առումով է, որ ներկայիս սեպտեմբերի 21-ն էապես տարբեր է նախորդներից մի շատ որոշակի խորհդանշականությամբ:

Ապրիլին Հայաստանի հասարակությունը դադարեց խոսելուց և միտինգային հարթակը գործողություն լինելու փոխարեն եղավ գործողությունն ամփոփելու վայր, իսկ գործողությունը քայլելն էր, փողոցներն արգելափակելը, դրանով Հայաստանի ապագայի նոր հնարավորություններ բացելը: Մենք ունենք խոսքից գործի անցնելու շատ կոնկրետ, ոչ ասացվածքային օրինակ և այդ օրինակի ֆոնին մենք ունենք մեր Անկախության հերթական տարեդարձը, ավելի շատ խոսքից ավելի շատ գործի անցնելու խորքային նշանաբանով:

Շնորհավոր Հայաստանի Անկախության առանձնահատուկ տարեդարձը, շնորհավոր դեպի Անկախության ճանապարհ Հայաստանի վերադարձը:

Spread the love