Հայաստանի քաղաքական դաշտում առկա է 20 տոկոսի լրջագույն բաց

- in Ընտրություններ
Hashvark

Երևանի քաղաքապետի «կիսապետական» մասշտաբի ընտրությունը արձանագրեց համապետական մասշտաբով քաղաքական նոր ստատուս-քվոյի առկայությունը: Այն բավականին առանձնահատուկ է՝ նկատի ունենալով այն, որ թավշյա հեղափոխությունն առաջնորդած թիմը ստացել է ձայների ճնշող մեծամասնություն՝ 80 և ավելի տոկոս:

Սակայն առանձնահատկության առավել հետաքրքիր հանգամանք է այն, որ մնացյալ մասնակից ուժերը, այսինքն` մնացյալ 11 ուժերը, ըստ էության, ստացել են չափազանց փոքր տոկոսներ: Միայն ԲՀԿ-ն և «Լույս» դաշինքն են, որ կարող է առանձնանում են 5-ից և 6-ից մի փոքր ավելի տոկոսային ցուցանիշով, իսկ մնացյալը 0-ի և 1-ի տիրույթներում են:

Միաժամանակ, «Լույս»-ի և ԲՀԿ-ի պարագան էլ, թերևս, տարբեր է: ԲՀԿ-ն ակնհայտ նվազման, նահանջի վեկտորում է, իսկ «Լույս»-ի համար թիվը նույնիսկ հնարավոր է որակել հաջողված, եթե դիտարկենք խորհրդարանական հեռանկարի համայնապատկերում: Իսկ Երևանի ընտրությունը հենց այդ համայնապատկերում էլ դիտարկվում է և քաղաքական բովանդակության, քաղաքական համատեքստի առումով բոլորի համար էր պարզ, որ խնդիրը հենց խորհրդարանի արտահերթն է: Բոլորը տվյալ դեպքում թե՛ մասնակիցներն են, թե՛ նաև քվեարկողները: Հանրությունն էլ գիտեր, որ գնում է առավելապես այդ խնդրի լուծմանն ընդառաջ: Այդ իմաստով, «Լույս»-ի ցուցանիշը քիչ, բայց աճման «թրենդ» պարունակող ցուցանիշ է: Ինչպես հայտնի է՝ դաշինքը նոր է, այն կազմավորել են «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը», որոնք «Ելք» դաշինքի նախկին երկու անդամ են: «Քաղաքացիական պայմանագիրը» գնաց այլ ֆորմատով, որպես հաղթող ուժ, որը թելադրում է իր պայմանները:

Այդ տեսանկյունից, ստեղծված իրավիճակում «Լույս»-ի ցուցանիշը փաստորեն խորհրդարանի ընտրության անցողիկ ցուցանիշ է: Իսկ բուն խնդիրն այն է, որ մեկ տարի առաջ հազիվ թե այս ուժերը առանձին-առանձին կամ միասին հավակնեին անցողիկ 5 տոկոսը գերազանցելուն: Այդ իմաստով, «Լույսը» կարծես թե ստացել է հետագա աշխատանքի դաշտ, հնարավորություն՝ պառլամենտին ընդառաջ: «Լույսը» կարող է աշխատել որոշակի նշաձողի սահմանման ուղղությամբ, փորձելով ձևավորել իր տիրույթը: Այստեղ շատ կարևոր է, որ դաշինքը զերծ մնա ավելորդ հավակնություններից, միաժամանակ լիովին դուրս գա նոր իշխանության հետ առճակատման, բանավեճի, դիմակայության տրամաբանությունից: Այդտեղ չկա որևէ շանս, և համատարած ծուղակներ են, որոնք կարող են բերել ձեռք բերած թեկուզ փոքր հնարավորության կորստի:

ԲՀԿ-ի դեպքում հակառակ էֆեկտն է: «Բարգավաճ Հայաստանը» արձանագրել է ուղղակի մեծ անկում: Եվ սա վերագրել միայն այն հանգամանքին, որ թավշյա հեղափոխություն էր, և Նիկոլ Փաշինյանն էլ բաժանել էր դաշտը սևի ու սպիտակի, կլինի պարզապես իրողությունները շրջանցելու փորձ: «Բարգավաճ Հայաստանը» չի կողմնորոշվել նոր իրավիճակում իր դերի ու տեղի, իր նշաձողի մասով և գործել է, ըստ էության, հին նշաձողի տրամաբանությամբ: Դրանից միակ շեղումը եղել է 2017 թվականի ապրիլի վերջին և մայիսի սկզբին, երբ ԲՀԿ-ն աջակցել է թավշյա հեղափոխությանը: Ընդ որում՝ այդ ժամանակ հեղափոխությանը միայն ծույլը չի աջակցել կամ ՀՀԿ-ն: Այնպես որ, դա նույնիսկ քաղաքական դիրքորոշում էլ չէր, այլ անելանելիություն կամ անխուսափելիություն: Դրանից հետո «Բարգավաճ Հայաստանը» աստիճանաբար հայտնվեց շփոթության մեջ, և Երևանի ընտրությունը, գործնականում, դրա առավել ցցուն արտահայտումն էր՝ հաշվի առնելով այն, որ ընտրությունը ենթադրում է որոշակի սահմանային, ժամանակային սղություն և, ըստ այդմ, իրավիճակի, հոգեվիճակի, տրամադրության և պատկերացումների խտացված դրսևորումներ:

Այս իրողությունը բերեց շարունակվող անկման, ինչը գործնականում ունի կանգ չառնելու մեծ հավանականություն: Համենայն դեպս, պահանջվում է արմատական շրջադարձ, ինչն ունի մի շարք բարդություններ: Դրանց հաղթահարման շատ թե քիչ հնարավորություն կլինի արտահերթ խորհրդարանի ընտրության հարցում Նիկոլ Փաշինյանի հետ կառուցողական գործակցության պատրաստակամությունը: Սակայն դա կարող է լինել կարևոր, այդուհանդերձ ոչ բավարար հանգամանք: Ինչպես կկողմնորոշվի ԲՀԿ-ն այս դեպքում, բավական բարդ է ասել՝ հաշվի առնելով այն, որ այդ ուժը, խոշոր հաշվով, ավելի հիմնավոր է եղել արտաքաղաքական գործոնների վրա, որոնք նախկին համակարգում ունեին առավել մեծ ազդեցություն, իսկ այժմ գրեթե զրոյական: Ի վերջո` այստեղ ընդհուպ կարող են տեղ ունենալ հարցադրումներ կամ դիտարկումներ, թեկուզ առայժմ հռետորական, որոնք առնչվում են նախկին համակարգի հանդեպ ԲՀԿ «զգացումների» կամ «զգացմունքների» հնարավոր արթնացմանը, նոր իրողություններից «հիասթափության» հետևանքով: Կարո՞ղ է արդյոք ԲՀԿ-ն, չգտնելով իրեն նոր իրավիճակում, սկսել աստիճանական հայացք դեպի նախկին համակարգը և այն ներկայացնող տարբեր խմբեր կամ սեգմենտներ, մինչև անգամ Ռոբերտ Քոչարյանը: Այստեղ կարող են լինել բազմազան սցենարներ՝ ընդհուպ այն, որ ԲՀԿ-ն պարզապես այդ կերպ փորձի ներառվել այլ քաղաքական ֆորմատի մեջ, դադարելով իր ինքնուրույն կամ անվանական գոյությունը դաշտում: Այստեղ սցենարները կարող են լինել բազմազան:

Բավական դժվար է խոսել մնացյալ ուժերի մասին, նրանց քաղաքական հեռանկարի մասին: Նրանք փաստացի ստացան քաղաքականությունից լիովին դուրս գալու մանդատ և այստեղ հարցն այն է, թե կշարունակե՞ն արդյոք մնալու փորձերը: Այդ առումով նրանց հանդեպ առավելություն են ստացել ուժերը, որոնք չեն մասնակցել խորհրդարանի ընտրությանը: Դա «Սասնա ծռեր» կուսակցությունն է, և որոշակիորեն ՀԱԿ-ը, թեև ՀԱԿ-ի դեպքում չմասնակցելը ավելի շուտ տվել է միայն անհարմարությունից խուսափելու, այլ ոչ թե նաև հետագայում խորհրդարանի ընտրությանը հարմարավետ մասնակցելու հնարավորություն: Ինչ զարգացումներ կլինեն այս 0-1 տոկոսանոց տիրույթում, բավական դժվար է ասել: Այստեղ, թերևս, հնարավոր է որոշակի խմբագրել հայտնի  ճշմարտությունը, որ գումարելիների տեղափոխությունից տոկոսը չի փոխվում: Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում առկա է 20 տոկոսի լրջագույն բաց, և հազիվ թե ներկայումս կա ուժ, որն ունակ է լցնել այն:

Spread the love