Հայաստանում անհնարին, անիրատեսական թվացող փոփոխությունը՝ թե՛ արդյունքի, թե՛ ձևի առումով, իրական դարձավ

cuyc 1

Երևանի ավագանու ընտրության քվեարկությունը խորհրդարանի արտահերթ ընտրության քվեարկության վերածելու Նիկոլ Փաշինյանի կոչն ու հորդորը ամենևին անսպասելի չէր:

Ավելին, ըստ էության առաջիններից մեկն ենք եղել, որ արձանագրել են Երևանի ընտրության և խորհրդարանի արտահերթ ընտրության քաղաքական կապը: Կապը, և ոչ նույնականացումը: Փաշինյանի կոչն էլ կապի, ոչ թե նույնականացման մասին է, քանի որ նա հայտարարում է այդ քվեարկության արդյունքով ոչ թե խորհրդարանը ցրելու կամ արտահերթ ընտրություն նշանակելու անմիջական շարունակության, այլ խորհրդարանի հետ բանակցության մասին:

Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է քաղաքական փաստարկ և սա էլ իր հերթին փաստարկ է այն տրամաբանության կամ հայտարարությունների դեմ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է դիկտատորական, հետապնդումների ճանապարհով: Հետապնդումների ճանապարհով գնացող մարդը անգամ Երևանի ընտրության չէր գնա, կամ Երևանի ընտրությունից հետո կհայտարարեր ոչ թե խորհրդարան քաղաքական կոնսուլտացիաների և բանակցության, այլ ուղղակի պաշարման գնալու՝ անցումային արդարադատության միջոցով նոր իրավա-քաղաքական ռեժիմ ձևավորելու և նոր իրավիճակ ստեղծելու համար:

Ըստ այդմ՝ երբ խոսվում է սիրո և հանդուրժողության մասին, ապա այստեղ պետք է նկատի ունենալ, և պետք էր հենց սկզբից նկատի ունենալ ոչ թե հոլիվուդյան որևէ մելոդրամային սիրո և հանդուրժողության տրամաբանությունը, այլ այդ հասկացությունների քաղաքական տրամաբանությունը:

Որովհետև նախորդ համակարգի բնույթի, գործողությունների հետևանքի, պետության հասցված վնասի, հասարակական հարաբերությունների կազմաքանդման, նենգափոխման, արժեքային խեղման պատկերի և բնույթի ֆոնին, տեղի ունեցողը ոչ միայն սիրո և հանդուրժողության, այլ գերսիրո և գերհանդուրժողության գործընթաց է: Միևնույն ժամանակ այդ հանգամանքը, անշուշտ, լոկ նոր իշխանության մեծահոգություն կամ բարություն չէ, այլ, թերևս, հեռատեսություն և հաշվարկ, ինչքան էլ տարբեր լինեն կարծիքներն այդ կապակցությամբ: Բանն այն է, որ Հայաստանում անհնարին, անիրատեսական թվացող փոփոխությունը՝ թե՛ արդյունքի, թե՛ ձևի առումով, իրական դարձավ հենց այդ սիրո և հանդուրժողության քաղաքական տրամաբանության շնորհիվ: Ըստ այդմ՝ հետագա ընթացքի արդյունավետությունն էլ զգալիորեն պայմանավորված է դրանով, հաշվի առնելով այն, որ Հայաստանը չավարտված, սողացող պատերազմի ռեժիմում է և այդ առումով հույժ կարևոր է ոչ միայն ներքին կայունությունն ու կանխատեսելիությունը, հասկանալիությունը, այլև այդ հարցում արտաքին ուժային կենտրոնների հետ հասկանալի հարաբերությունը: Իսկ նրանք հասկացել են Հայաստանի թավշյա հեղափոխությունը, ու նաև այն պատճառով, որ հեղափոխությունն էլ հենց սկզբից դրսևորել է ուժային կենտրոնների հանդեպ հասկացածության վկայություն: Դա հայկական թավշյա հեղափոխության հաջողության կարևոր գրավականներից մեկն էր, և այդ գրավականը կարևոր է նաև ներկայումս ՝ հետագա ընթացքի ու տրամաբանական եզրագծի՝ արտահերթ խորհրդարանական ընտրության հասնելու համար:

Այդ իմաստով, արտաքին գործոնները կամ գրավականները հաշվի առնելը, այսպես ասած, վստահության և ինքնիշխանության պակասի հետևանք չէ, այլ հաշվի չառնելը կարող է լինել ողջախոհության և պրագմատիզմի պակասի դրսևորում: Այդ գործոնները հաշվի առնելը սթափ և պատասխանատու հաշվարկ է թե՛ հայկական պետականության, թե՛ այդ պետականությունը վերափոխման տանող թավշյա հեղափոխության, թե՛ նաև այդ հեղափոխությունը փաստացի ճանաչած ու ընդունած միջազգային հանրության, դերակատարների առաջ:

Spread the love
  • 18
    Shares