Հայաստանում ընտրական իրական պրոցեսի ծնունդը

- in Հրապարակ

Անսպասելի՞ էր արդյոք Երևանի ավագանու ընտրության գործընթացի ներկայիս թեժությունն ու կոշտությունը, այսպես ասած՝ սև ու սպիտակը, թե՞ ոչ:

Այս հարցին իսկապես դժվար է միարժեք պատասխանել, քանի որ մի կողմից թվում էր, թե առաջին ընտրությունը թավշյա հեղափոխությունից հետո լինելու է բոլոր առումներով օրինակելի: Մյուս կողմից՝ երևի թե նաև աստիճանաբար պարզ է դառնում, որ իրականում օրինակելին ամենևին չի նշանակում իդեալական, անթերի, այսպես ասած՝ հրեշտակների ընտրություն:

Քաղաքական պայքարը բավական դաժան է գործնականում բոլոր երկրներում, և որքան էլ տարօրինակ հնչի, այդ դաժան և կոշտ բնույթը հաճախ պայմանավորված է հենց նրանով, որ ընտրությունն իսկապես մրցակցային է, այսինքն՝ ամեն ինչ նախապես կանխորոշված չէ: Եվ այդ իմաստով, Հայաստանում մենք բոլորս, ըստ էության, դառնում ենք առաջին իրական ընտրությանն ականատես, և ներկայիս անգամ թեժ բնույթ կրող, կոշտ պայքարը իրականում ունի թերևս մի դրական կողմ՝ այն թատրոն չէ, այն իսկապես պայքար է, անկեղծ պայքար, որտեղ մասնակից կողմերը, ըստ էության, գիտեն, որ պայքարում են ոչ թե նախապես գրված սցենարի շրջանակում, այլ պայքարում են իսկապես հնարավորությունների շրջանակում, որ իրենց պայքարի շնորհիվ կարող են ստանալ քաղաքական այս հանգրվանում:

Այլ կերպ ասած՝ մենք տեսնում ենք Հայաստանում ընտրական իրական պրոցեսի ծնունդը: Սա, իհարկե, կարող է դիտվել իբրև առավելապես հուզական գնահատական, իրականում, սակայն, մենք պետք է պրագմատիկ նայենք իրավիճակին:

Հայաստանում թե ՛քաղաքական ուժերը, թե՛ հասարակությունը, այսպես ասած, սովոր չեն այնպիսի ընտրության, որտեղ նախապես ամեն ինչ հայտնի չէ: Միաժամանակ, իհարկե, ընտրությունն օբյեկտիվորեն ավելի շուտ է լինում, քան կարող էր ձևավորվել նոր մշակույթը: Ի լրումն այդ ամենի էլ՝ կա հեղափոխական օբյեկտիվ վիճակը: Եվ այդ առումով, իդեալականը մի կողմ թողած, մենք ունենք այն, ինչից լավը թերևս այդքան էլ իրատեսական չէր սպասել, սակայն ինչից վատը լինել կարող էր: Ահա այդ տեսանկյունից կարծում ենք, որ ապոկալիպտիկ գնահատականների կարիք չկա ամենևին, և տեղի ունեցողը իրականում ոչ թե հեղափոխության, այսպես ասած, տապալում է, այլ հակառակը՝ հեղափոխության առաջին էֆեկտը՝ առաջին իրական, սցենարից և նախապես պլանավորված արդյունքից զուրկ ընտրությունը:

Ի վերջո, հանրությունը նախ պետք է գա հենց այդպիսի ընտրական գիտակցության ու համոզումի, որին արդեն կհաջորդեն բովանդակային վերափոխումները, հաճախ նույնիսկ ինքնաբերաբար: Ինչ խոսք, խիստ ցանկալի կլիներ զուտ ծրագրային բախումն ու պայքարը, սակայն այդպես չի լինում անգամ զարգացած ժողովրդավարություններում: Մյուս կողմից, իհարկե, առկա վիճակը առաջացնում է ռիսկեր, որ ընտրությունից հետո լինելու են ուժեր, որոնք կասկածի տակ են դնելու, թե ունեցել ենք իրապես ազատ և օրինական ընտրություն: Այստեղ, սակայն, խնդիրն այն է, որ առանցքայինը հանրային տրամադրությունն ու ընկալումն է:

Ի վերջո, նախորդ համակարգում հասարակությունը չէր կասկածում այն պատճառով, որ արդյունքը կասկածի տակ էին դնում քաղաքական ուժերը: Հակառակը, քաղաքական ուժերը առաջնորդվում էին հանրային կասկածով և այդ կասկածն էին փորձում քաղաքական կապիտալի վերածել: Պատահական չէ, որ նրանց մոտ դա ստացվում էր ոչ թե այնքան, որքան իրենք էին խտացնում գույները, այլ այնքան, որքան հանրությունն էր պատկերացնում այդ խտությունը, այսպես ասած, ներքուստ:

Այդ իմաստով, ամեն ինչ կախված է լինելու այն բանից, թե հասարակությունն ինքն ինչպես է գնահատելու ընտրությունը: Եվ եթե այն գնահատվեց իսկապես օրինական և ազատ, այսպես ասած՝ կասկածներից դուրս, իհարկե՝ չհաշված բոլոր դեպքերում անխուսափելի մարգինալներին, ապա թերևս որևէ քաղաքական ուժ ողջախոհ չի վարվի, եթե ի հեճուկս հանրային տրամադրության՝ փորձի կասկածի տակ դնել ընտրության օրինականությունն ու արդարությունը:

Spread the love