ՀԱՊԿ-ի «պատասխան» հարվածն է Երևանին՝ Խաչատուրովի պատմության հետ կապված

- in Կեղտոտ լվացք
Khachaturov

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ պաշտոնական կայքում հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է․

«Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հաճախակի դարձած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի ու քաղաքացիական օբյեկտների գնդակոծման դեպքերի առնչությամբ, որոնք մարդկային զոհերի են հանգեցրել։ Համոզված ենք, որ ռազմատենչ հռետորաբանությունը տանում է իրավիճակի նոր լարման և տապալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։ Ի գիտություն ընդունելով ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի տեղեկությունը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21-ին կայացած Մշտական խորհրդի նիստին՝ կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունները և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության ավելացումը՝ ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանի անվտանգության սպառնալիքների աճը թույլ չտալու նպատակով»։

Իհարկե, առաջին հերթին՝ հետաքրքիր, թե ո՞վ և ի՞նչ նպատակներով է նախաձեռնել այս հայտարարության ընդունումը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Խաչատուրո՞վը, որը հայրենիքում ամբաստանվում է շատ ծանր մեղադրանքով ու իր դեմքը փրկելու խնդիր ունի, թե՞ Մոսկվան է կանգնած այս լակոնիկ տեքստի հետևում՝ ՀԱՊԿ գոյությունն ամբողջովին չիմաստազրկելու մտահոգությամբ։

Ինչևէ, շատ ավելի կարևոր է Խաչատուրովի հայտարարության բովանդակային կողմը։ Դրա նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը հուշում է, որ փաստաթղթում որևէ տող չկա, որն ուղղակիորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը կամ զորակցում է Հայաստանին՝ որպես դաշնակից։

Կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունները․ անհասցե նման հորդոր կա հայտարարության տեքստում և անգամ նշված չէ, որ հորդորը հասցեագրված է Ադրբեջանին, ու միայն խուճուճ ձևակերպումներով նախադասության վերջում է պարզ դառնում, որ ՀԱՊԿ-ում մտահոգված են «ՀԱՊԿ պատասխանատվության գոտում» լարվածության ավելացմամբ։ Ավելորդ է ասել, որ սա ընդամենը հորդոր է, որն այնքան անհասցե է, որ Բաքուն, մեծ ցանկության դեպքում, կարող է պնդել, թե ՀԱՊԿ հայտարարությունն ամենևին էլ իրեն չի վերաբերում։ Ավելորդ է ասել, որ փաստաթղթում չկա որևէ նախադասություն, ձևակերպում, թե ռազմա-քաղաքական դաշինքն ինչպես է պաշտպանելու Հայաստանի անվտանգությունը, եթե Ադրբեջանի գործողությունները շարունակական բնույթ ունենան, կամ Հայաստանի անվտանգությանը սպառնա էական վտանգ։

Նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ ՀԱՊԿ հեղինակած փաստաթուղթը ոչ թե զորակցություն է Հայաստանին, այլ կազմակերպության կամ Մոսկվայի լատենտ ուղերձը Երևանին, թե վերջինս հույսեր չպետք է փայփայի հավաքական անվտանգության կազմակերպության հետ։

Նման անատամ կայտառությունը, մեծ հաշվով՝ վկայությունն է երկու իրողության։ ՀԱՊԿ-ը բովանդակային, ինստիտուցիոնալ հարթության վրա չկայացած կազմակերպություն է, որը չունի գործուն մեխանիզմներ՝ միասնական դիրքորոշումներ մշակելու, իր անդամ երկրի անվտանգությունը պաշտպանելու համար։ Մյուս կողմից՝ նման կարգի անբովանդակ հայտարարությունը հայ-ռուսական հարաբերություններում առաջացած ճգնաժամի հետևանք է ու գալիս է հաստատելու այն հոռետեսական պնդումը, թե Երևանի ու Մոսկվայի այսօրվա հարաբերությունները ոչ միայն «փայլուն», այլ նույնիսկ բնականոն չեն։

Իհարկե, կարող ենք ենթադրել նաև, որ սա ՀԱՊԿ-ի «պատասխան» հարվածն է Երևանին՝ Խաչատուրովի պատմության հետ կապված։ Պատահական չէ, որ հենց Խաչատուրովի անունից էլ տարածվել է այսօրվա հայտարարությունը։ Այլ խոսքով՝ Հայաստանին հասկացնում են, որ «վարկաբեկված» Խաչատուրովի աջակցությունն ավելի բարձր մակարդակի լինել չի կարող։

Spread the love