Մակրոնից ու Պուտինից հետո և ԱՄՆ այցելությունից առաջ

- in Վերլուծական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախ կատարած աշխատանքային այցը պայմանավորել է առաջնագծում օպերատիվ իրավիճակին ծանոթանալու անհրաժեշտությամբ՝ իրավիճակը գնահատելով լարված, բայց վերահսկելի:

Փաշինյանն Արցախից վերադարձի ճանապարհին ասել է, որ Հայաստանը պատրաստ է բանակցության, սակայն պատրաստ է նաև պատերազմի:

Արդյոք նրա Արցախ այցը տեղի է ունեցել նոր ծագած անհրաժեշտությա՞ն բերումով, թե՞ այցը, այսպես ասած, պրոֆիլակտիկ է: Հատկանշական է, որ այն տեղի է ունենում թե՛ Հայաստանում, թե՛ նաև միջազգային շրջանակում ուշագրավ իրողությունների ֆոնին: Հայաստանում Երևանի քաղաքապետի ընտրության գործընթացն է, որը փաստացի խորհրդարանի արտահերթ ընտրության նախերգանք է: Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է, որպեսզի Արցախի ղեկավարությունը զերծ մնա այդ զարգացումներին որևէ կերպ ներգրավվելու փորձերին տրվելուց: Իսկ փորձեր անկասկած արվում են, ընդ որում, տարբեր կալիբրի՝ սկսած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, որը բաց տեքստով է հայտարարել Արցախ գնալու և քննարկումներ անելու մտադրության մասին, մինչև նախորդ համակարգի հետ այս կամ այն առնչություն ունեցող տարբեր անձինք ու խմբեր, որոնք տարբեր առիթներով պարբերաբար այցելում են Արցախ: Թերևս այդ հանգամանքն է առաջացնում նաև Արցախի իշխանության հետ պարբերաբար շփումների անհրաժեշտություն, այսպես ասած՝ օպերատիվ ռեժիմի պահպանման անհրաժեշտություն:

Պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում բավականին հաճախակի է լինում Արցախում: Միևնույն ժամանակ իհարկե ավելորդ է խոսել այս իրողության միջազգային համատեքստի մասին: Փաշինյանն Արցախ է մեկնում փաստորեն Պուտինի ու Մակրոնի հետ հանդիպումից հետո, որոնք ընդհանուր առմամբ նկատելիորեն դրական նոտայով անցած հանդիպումներ են, ու նաև ԱՄՆ մեկնելուց առաջ:

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին մեկնում է Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ ԳԱ նստաշրջանին: Կա խոսակցություն Փաշինյան-Թրամփ հանդիպման մասին, թեև պարզ չէ, թե ինչ է ստացվել այդ հանդիպումը կազմակերպելու փորձի արդյունքում: Սակայն եթե անգամ չստացվի այդ հանդիպումը, անկասկած է, որ Նիկոլ Փաշինյանն իր այցի ընթացքում կունենա ամերիկյան քաղաքական իսթեբլիշմենտը ներկայացնող շրջանակների հետ ֆորմալ կամ ոչ ֆորմալ հանդիպումներ:

Այդ իմաստով Արցախի հարցն իհարկե կլինի ամենաառաջնային հարցերից, որ ամերիկյան կողմը կարող է քննարկել Հայաստանի վարչապետի հետ: Դրանից բացի, սակայն, չի բացառվում, որ Մոսկվայում և Փարիզում Նիկոլ Փաշինյանը քննարկել է Արցախյան հարցում հայկական կողմի նոր մոտեցումները, այդ թվում՝ Արցախի սուբյեկտության շեշտադրման մասով, և հերթն այժմ Մինսկի խմբի երրորդ համանախագահի հետ քննարկումներինն է, ինչից առաջ Փաշինյանը փորձում է որոշակի սլաքներ ճշտել թե՛ Արցախում, թե՛ սահմանային իրավիճակի հարցում:

Այդ իմաստով էլ հատկանշական էր Թուրքիայի նախագահ Էրդողանի բողոքը Մինսկի խմբի համանախագահներից, թե նրանք ձգում են հարցը: Էրդողանը բողոքել էր Բաքվից վերադառնալիս, ինչը նշանակում է, որ նրան էլ այդ մասին բողոքել է Ադրբեջանի նախագահ Ալիևը: Ինչ են խոսել Էրդողանն ու Ալիևը Արցախի առնչությամբ, ու ինչ մաս է կազմել հարցը Էրդողան-Պուտին Սոչիի հանդիպմանը, որ տեղի է ունեցել Բաքու Էրդողանի այցից մեկ օր անց: Այդ հանդիպմանը ձեռք էր բերվել ռուս-թուրքական համաձայնությունը Սիրիայի Իդլիբում գրոհ չձեռնարկելու մասով, որից հետո էլ եղավ ռուսական օդանավի խոցումը Սիրիայում, ինչի համար ռուսները մեղադրում են Իսրայելին, թեև Պուտինն իհարկե հետո որոշեց մեղադրանքը չշարունակել ուղիղ թիրախավորմամբ և տեղի ունեցածը որակեց հանգամանքների ողբերգական դասավորության հետևանք:

Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցն ու դրանից առաջ այցն Արցախ անկասկած դառնում են առավել հետաքրքիր՝ հատկապես, եթե նկատի առնենք այն, որ երբ նա լինելու է ԱՄՆ-ում, ՌԴ նախագահ Պուտինը մեկնելու է Բաքու:

Spread the love