Մարտի 1-ի բացահայտումն ու Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը այդ ոճրագործությանը իրավական լուրջ հիմնավորման անհրաժեշտություն ունեն

Grigor Grigoryan Sherif

Սկանդալային գաղտնալսմանը նվիրված ասուլիսում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հանդես եկավ ուշագրավ բացահայտումով. նա հայտարարեց, որ Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008-ի մարտի 1-ին սպանվել է հատուկջոկատայինների կողմից։

Խաչատրյանը նաև նշել էր սպանության մոտիվը՝ ամեն գնով արդարացնել արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը։ Միանգամայն արժանահավատ վարկած է, որն առաջ է քաշվել դեռ տարիներ առաջ՝ Փաստահավաք խմբի կողմից։ Բացի այդ՝ այս վարկածը միանգամայն տեղավորվում է Ռոբերտ Քոչարյանի մարդակուլ համակարգի տրամաբանության համատեքստում. եթե մարդուն կարող են խոշտանգելով սպանել ընդամենը «բարև» տալու համար, ապա հանուն իշխանության կարող են գնալ ավելի զազրելի ոճրի։

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ ՀՔԾ պետը իր կարևոր բացահայտումն արժեզրկեց՝ դա հնչեցնելով մի ասուլիսում, որտեղ նա հանդես էր գալիս պայմանական «մեղադրյալի» կարգավիճակում։ Գաղտնալսման թեման որևէ առնչություն չուներ Մարտի 1-ի գործի հետ, ու որևէ պարագայում անթույլատրելի էր, որ ՀՔԾ պետը երկրի համար կենսական այդ հարցն օգտագործեր ինքնապաշտպանության նպատակով։

Մենք ամենևին կասկածի տակ չենք դնում Տիգրան Աբգարյանի սպանության վերաբերյալ հնչեցված վարկածը, ընդամենն արձանագրում ենք, որ այն այս պահին «հում» է, ու հենց նախաքննության շահերից ելնելով չէր կարելի հրապարակել՝ մինչև ապացուցողական համապատասխան բազայի առկայությունը։ Իր այս «ինքնապաշտպանական» հայտարարությամբ Խաչատրյանը չվերացրեց գաղտնալսման տխուր հետևանքները, սակայն կարող է վտանգի տակ դնել Մարտի 1-ի գործի կարևոր դրվագներից մեկի բացահայտումը։

ՀՔԾ-ում պետք է գիտակցեն, որ Մարտի 1-ի բացահայտումն ու Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը այդ ոճրագործությանը իրավական լուրջ հիմնավորման անհրաժեշտություն ունեն։ Քաղաքական առումով Քոչարյանի հանցավորությունն ապացուցված է վաղուց, ու դրան հասարակությունը իր գնահատականը տվել է դեռ տասը տարի առաջ։ Նախաքննության մարմինն ունի այլ առաքելություն. նա պարտավոր է Մարտի 1-ի բոլոր դրվագներին, Քոչարյանի ու մյուսների հանցավոր գործողություններին տալ հստակ իրավական գնահատականներ, որպեսզի դրանք արժանահավատ լինեն ոչ միայն հայաստանյան, այլ նաև, անհրաժեշտության դեպքում, միջազգային դատարանների համար։

«Հում», հապշտապ հայտարարություններն անմիջապես «որսում» են այն մարդիկ, որոնք պոտենցիալ մեղադրյալներ են ու Մարտի 1-ի գործի քաղաքականացմամբ՝ կասկածի տակ են դնում նախաքննության լեգիտիմությունն ու նախաքննական մարմնի պրոֆեսիոնալիզմը։ Օրինակ՝ երեկ անդրադառնալով Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե նա սպանվել է հատուկջոկատայինների կողմից, Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը՝ հայտնի Շերիֆ մականունով, ասել է, որ Տիգրան Աբգարյանը չէր կարող զոհվել հատուկջոկատայինի գնդակից, քանի որ հատուկջոկատայիններ այդ ժամանակահատվածում դեպքի վայրում չեն եղել:

Սակայն ամենամեծ աբսուրդն այն է, որ Գրիգորյանը նշել է, որ Մարտի 1-ի գործով ինքը հարցաքննվել է 2008-ին, ու տարօրինակ է, որ Սասուն Խաչատրյանը Տիգրան Աբգարյանի սպանության բացահայտման մասին հայտարարություն է անում մինչև Շերիֆի հարցաքննությունը՝ վերջինիս հնարավորություն տալով ինքնապաշտպանական մարտավարություն մշակել։

Փաստն այն է, որ Գրիգոր Գրիգորյանը երեկ ՀՔԾ պետին, ըստ էության, մեղադրել է ստախոսության մեջ, ու հիմա նախաքննության մարմնի մասնագիտական արժանապատվության խնդիրն է հիմնավորել Խաչատրյանի հրապարակավ հնչեցրած վարկածը։ Մենք հակված ենք հավատալ ՀՔԾ-ին, սակայն եթե նրա թափթփված ու ոչ պրոֆեսիոնալ գործողությունների հետևանքով ոճրագործության բացահայտումը տապալվի, ու Ռոբերտ Քոչարյանը «պլստա» արդարադատությունից, ապա ողջ պատասխանատվությունն ընկնելու է ՀՔԾ-ի, նրա պետի ու նրանց քաղաքական հովանավորների վրա։

Spread the love