Նիկոլ Փաշինյանը «բացահայտեց», թե ինչ է փնտրում իր մարզային այցելությունների ժամանակ

- in Հրապարակ

Երբ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մարզային խորհրդակցություններ էր անցկացնում, դրանցում թվերի, վիճակագրության պակաս չկար։ Իհարկե, նախարարների ու մարզային պատասխանատուների ներկայացրած թվերը որևէ աղերս չունեին իրական կյանքի հետ ու ամբողջացնում էին այն կեղծ պատկերը, որ ցույց էր տալիս գոյություն չունեցող տնտեսկան աճ, այդպես էլ չկատարված ներդրումներ ու աշխատատեղեր, որոնց տեղը թերևս հայտնի էր միայն Կարեն Կարապետյանին։

Վերջինիս վարչապետությունը քարոզչական ու վիճակագրության մանիպուլյացիայի մի շրջան էր, որը փուչիկի պես պայթեց, երբ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն։

Նիկոլ Փաշինյանի պարագայում տրամագծորեն հակառակ պատկերն է։ Օրինակ՝ երեկ Արտաշատում վարչապետն անկեղծ զրույց էր ունենում Արարատի մարզային պատասխանատուների, համայնքների ղեկավարների հետ։ Սակայն այդ անկեղծության համատեքստում բացահայտվեց պետական համակարգի չկայացվածությունը, նոր իշխանության կադրային խեղճությունը։ Այնպիսի տպավորություն ստեղծվեց ու դա շատ մոտ է իրականությանը, որ Նիկոլ Փաշինյանն այս իշխանության միակ աշխատող պաշտոնյան է, որը հարցեր է ձևակերպում ու ստիպված ինքն էլ տալիս է դրանց պատասխանները, աշխատում է նախարարների, մարզպետների, նույնիսկ՝ գյուղապետերի փոխարեն։

Այս տարի լոլիկի բարձր գինը, որը տատանվում է 350-500 դրամի սահմաններում, դարձել է իրապես քաղաքական խնդիր, ու երեկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենամեծ գյուղատնտեսական մարզում ապարդյուն փորձում էր հասկանալ, թե ինչ պատճառներով է ձևավորվել նման անբնական գին, որը նախորդ տարվա համեմատ բարձր է 4-5 անգամ։ Գյուղատնտեսության նախարարն ու համայնքապետերը նշում էին միանգամայն տարբեր վարկածներ, ինչը նշանակում է, որ պատկան մարմիններում խնդիրը «հում» է, այսինքն՝ չի քննարկվել ոչ մի անգամ, նույնիսկ՝ այն բանից հետո, երբ Փաշինյանը շուրջ մեկ ամիս առաջ շրջայց կատարեց Երևանի շուկաներում, ըստ էության՝ գերատեսչական մարմինների ուշադրությունը գրավելով այն հարցի վրա, որ այս տարի բանջարեղենի գները բնականից շատ ավելի բարձր են, ինչը հուշում է, որ գործ ունենք համակարգային պրոբլեմների հետ։

Արարատի մարզում վարչապետն ապարդյուն փորձում էր պարզել, թե քանի հեկտար կաթիլային ոռոգում կա, քանի հեկտար հակակարկտային ցանց կա։ Պատասխաններ այդպես էլ չհնչեցին․ Փաշինյանի թիմակից մարզպետն առհասարակ չէր տիրապետում իրավիճակին, ինչի մասին ստիպված էր բարձրաձայնել անգամ վարչապետը։ Տվյալ պարագայում՝ վարչապետը չպետք է հապաղեր ու Երևան հասնելուն պես անհրաժեշտ էր լուծել մարզպետին աշխատանքից ազատելու խնդիրը, եթե նույնիսկ Գարիկ Սարգսյանը Փաշինյանին ուղեկցել է քայլերթի ու հեղափոխության բոլոր օրերին։

Մարդկանց հնարավորությունները կարելի է փորձել այլ ոլորտներում, հարթակներում, սակայն եթե պաշտոնյան իր տեղում չէ, նա պաշտոնավորում է Փաշինյանի հեղինակության հաշվին։

Կադրային քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի թիմի «աքիլեսյան գարշապարն» է, ինչը հակասության մեջ է մտնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելու հավակնությունների հետ։ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը ցույց տվեց, որ կուսակացության, այսպես կոչված, խոշորացման ընտրված մոդելը նոր, կրեատիվ կադրերի ներգրավման, այլ խոսքով՝ ներառական քաղաքականության հարցը չի լուծել։

Պետական համակարգում Նիրկոլ Փաշինյանը գտնվում է կատարյալ մենության մեջ, ինչ վաղ թե ուշ հանգեցնելու է իշխանության ճգնաժամի։ Առայժմ իրավիճակն հաղթահարվում է Նիկոլ Փաշինյանի աննախադեպ բարձր վարկանիշի ու անձնական որակների շնորհիվ։

Արարատի մարզային խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանի անօգնակնությունն անմիջապես վերացավ երեկոյան, երբ Արտաշատի հրապարակում նա հանդիպում էր քաղաքացիների հետ ու այլևս թիմի անհրաժեշտություն չուներ։ Նրա ու քաղաքացիների կոնտակտը կայանում է հրաշալի, բնական, որտեղ երևում են թե վարչապետի մտահոգությունները և թե մարզը, մարդիկ՝ իրենց պրոբլեմներով ու դարդ ու ցավով։

Արդեն բեմահարթակին Նիկոլ Փաշինյանը «բացահայտեց», թե ինչ է փնտրում իր մարզային այցելությունների ժամանակ: «Ես իմ մարզային այցելությունների ընթացքում փորձում եմ գտնել դաշնակիցներ»,- ասել է Փաշինյանը: Նրա դաշնակիցը արժեք ստեղծող քաղաքացին, գյուղացին է։ Միակ դաշնակիցը, որովհետև գործող իշխանությունն առայժմ ոչ թե համակարգ է, այլ՝ մարդկանց ամբողջություն, որը գոյատևում է Փաշինյանի բարձր վարկանիշի հաշվին։ Այդպես է՝ գոնե առայժմ, այս պահին։

Spread the love