Նիկոլ Փաշինյանի համար Երևանի քաղաքապետի ներկայիս ընտրությունը դիտարկվում է միջոց

- in Ընտրություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ մասնակցում է Երևանի ավագանու ընտրությանն «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին, նախընտրական հանրահավաքի ժամանակ ելույթում հայտարարել էր, որ ավագանու ընտրությունը շատ կարևոր է, և քաղաքացիները պետք է այնպիսի բարձր վստահություն հայտնեն «Իմ քայլը» դաշինքին, որ խորհրդարանը տեսնի, թե ինչ մեծ աջակցություն ունի նոր կառավարությունը:

Նիկոլ Փաշինյանը բավական հստակ շեշտադրել է իր քաղաքական խնդիրը Երևանի ընտրությանը և այդ մասին հայտնել նաև հանրությանը՝ գործնականում ներկայացնելով իրավիճակը և բավական պարզորոշ ցույց տալով նաև, թե որն է հանրության խնդիրը: Փաստացի Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե հասարակությունն ունի արտահերթ խորհրդարանի ընտրության ցանկություն, ապա Երևանի ավագանու ընտրությանը պետք է մոտենա այդ ցանկության տրամաբանությամբ:

Անկասկած է, որ Նիկոլ Փաշինյանի համար Երևանի ընտրության արդյունքը քաղաքական փաստարկ է, փաստարկ առ այն, որ Հայաստանում փոխված է ներքաղաքական ստատուս քվոն, և փոխված է հանրային տրամադրությունների պատկերը, և նոր ստատուս քվոն վայելում է հանրության ճնշող մեծամասնության աջակցությունը:

Այստեղ առանցքային նշանակություն ունի այն, որ Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքի կազմում ըստ էության ճանաչել և առնվազն ի գիտություն է ընդունել խորհրդարանի ապրիլի 2-ի քվեարկությունը, որը հետո նաև պրոյեկցվել է Երևանի քաղաքապետի մայիսի ընտրությանը, որտեղ Փաշինյանը մասնակցել է որպես «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու: Այդպիսով, թեև մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանն իր քայլով արմատապես փոխել է իրավիճակն ու բերել գործադիր իշխանափոխության, այդուհանդերձ նա փորձում է իր քաղաքական կենսագրության առումով այդ փոփոխությունը թողնել սահուն, փաստարկային անցման դաշտում՝ լավ պատկերացնելով, որ այդ հանգամանքը գուցե ոչ միակ վճռորոշ ու ճակատագրական, սակայն առանցքայիններից է անցումային ներկայիս փուլի կայուն և շահեկան ընթացքի համար:

Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանի համար Երևանի քաղաքապետի ներկայիս ընտրությունը դիտարկվում է միջոց, որով նա պետք է ոչ միայն հաստատի նոր իշխանություն նաև Երևանի քաղաքապետարանում, այլ նաև ցույց տա, որ ինքը հեղափոխական ճանապարհով փոխել է ոչ միայն գործադիր իշխանությունը, այլ նաև փոխել է մեկ տարի առաջ եղած ընտրության արդյունքը, որն ինքը դե ֆակտո ճանաչել էր:

Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը ակնկալում է ստեղծել մի իրավիճակ, երբ մի կողմից՝ իրեն այլևս չեն կարող մատնացույց անել մեկ տարի առաջ եղած արդյունքը և այն, որ հենց ինքը ճանաչել է այդ արդյունքը և այդպիսով չունի այդ արդյունքով ձևավորված պառլամենտը ցրելու քաղաքական կամ բարոյական հիմք, և մյուս կողմից էլ՝ նա այդպիսով իր ընդդիմախոսներին է դնում փաստի առաջ՝ ինքը ճանաչել է արդյունքը, որ նրանք էին ստեղծել մեկ տարի առաջ, այսպես ասած, իրենց ձևով, և հիմա ուրեմն արդարությունը և բարոյականությունը պահանջում է, որ նրանք ճանաչեն մեկ տարի անց իր ստեղծած արդյունքը և հաշվի նստեն դրա հետ: Այդպիսով, քաղաքի արտահերթ ընտրական գործընթացը Փաշինյանի համար մի կողմից՝ խաղի «արդար կանոն» պահելու տրամաբանության մեջ է, մյուս կողմից՝ այդպիսով նախկին համակարգին, որ դեռ գերիշխող է խորհրդարանում, փաստացի դնում է քաղաքական և բարոյական բավականին ծանրակշիռ փաստի առաջ, եթե հաջողվի ստանալ այն ճնշող մեծամասնությունը, որ նա ակնկալում է:

Այդ փաստարկն էլ նաև դրվելու է արտաքին ուժային կենտրոնների առաջ, որոնց մասով հատկանշական էր ապրիլ-մայիսին թե՛ Արևմուտքից, թե՛ Ռուսաստանից որոշակի հղումը խորհրդարանի ընտրության արդյունքներին և սահմանադրական ճանապարհին: Նիկոլ Փաշինյանը փաստացի Երևանի ընտրության արդյունքով ակնկալում է ծանրակշիռ փաստարկ դնել նաև նրանց առաջ, որ կա արդեն ոչ միայն հեղափոխական, այլ նաև ընտրական անհերքելի իրողություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...