Ո՞վ է այդպիսի քայլեր ծրագրում և վտանգի տակ դնում Հայաստանը

- in Մշակույթ
Aram a

Անկախության տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Արամ Առաջին կաթողիկոսը, որը կոչ է անում մարտահրավերների խաչմերուկում կանգնած իրավիճակում զերծ մնալ ներքին բևեռացումներ ու լարվածություն առաջացնող քայլերից:

Անկասկած շատ ողջունելի կոչ է, որ հղում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, որը Հայաստանում մշտապես ունեցել է մեծ հեղինակություն ու հարգանք: Ամբողջ հարցը, սակայն, այն է, որ Արամ Առաջինը չի կոնկրետանում, թե հատկապես ո՞ւմ է ուղղված այդ կոչը, ո՞վ է առաջ բերում ներքին լարվածություն կամ բևեռացում: Եթե կոչը ուղղված է բոլորին, ապա դա նշանակում է, որ այն ոչ մեկին ուղղված չէ, այսինքն՝ կարևորագույն կոչը ըստ էության տարրալուծվում է օդում և չի հասնում կոնկրետ որևէ նպատակի: Ըստ այդմ՝ կարիք կա հստակեցնելու, թե հատկապես ո՞վ է այդպիսի քայլեր ծրագրում և վտանգի տակ դնում Հայաստանը: Ի վերջո, Հայաստանն այսօր ունի բացառիկ լեգիտիմություն վայելող իշխանություն, հետևաբար, եթե Արամ Առաջինը կոչը հասցեագրում է այդ իշխանությանը, ապա ստացվում է բավականին տարօրինակ մի իրավիճակ:

Մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությանը ներքին լարվածություն և բևեռացում առաջացնելու համար մեղադրում են օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը, օրինակ՝ ՀՀԿ տարբեր ներկայացուցիչներ, նախկին իշխանությանն ու համակարգին հարող շրջանակներ: Արամ Առաջինը նրա՞նց է միանում: Եթե ոչ, ապա առավել ևս կարևոր է դառնում, թե ում է նա դիմում այդ կոչով: Որովհետև գործնականում ներքին լարվածություն առաջացնելուն ուղղված ակնհայտ գործունեություն ծավալում են հենց վերը թվարկված շրջանակները, ընդ որում՝ ոչ միայն հռետորաբանությամբ, երբ սպառնում էին անգամ քաղաքացիական պատերազմով, և միայն Նիկոլ Փաշինյանի կոշտ զգուշացումից հետո կարծես թե դադարեցին այդ սպառնալիքները, այլ նաև կոնկրետ քայլերով, որոնք միտված են Հայաստանի համար ներքին տնտեսական և արտաքին քաղաքական խնդիրներ առաջացնելուն՝ թե՛ Եվրոպայում, թե՛ Ռուսաստանում: Ավելին, հենց այդ ջանքերի արդյունքն է այն, որ Ալիևը շատ արագ որսաց այդ հռետորաբանությունն ու սկսեց այն օգտագործել Հայաստանի նոր իշխանության դեմ:

Լարվածություն առաջացնելու այլ դրսևորումներ և միտումներ կարծես թե չկան, համենայնդեպս՝ Հայաստանի հանրության համար տեսանելի: Այդ իրավիճակում պետական շահն ու հեռանկարները, ազգային անվտանգությունն ու կայունությունը պահանջում են Հայաստանի նոր իշխանության շուրջ համախմբում, ինչը պարզապես համախմբում է ժողովրդական թավշյա հեղափոխության և դրա օրակարգի շուրջ, որի առանցքային խնդիրը ներկայումս Հայաստանում իրապես առաջին ազատ կիսապետական ընտրությունն անցկացնելն է ու դրա հիմքի վրա խորհրդարանի արտահերթ ընտրություն իրականացնելը, որի միջոցով հնարավոր է հասնել իսկապես ազգային համաձայնության ու համերաշխության իրավիճակի՝ շատ կոնկրետ խնդրի, իշխանության ձևավորման լեգիտիմ մեխանիզմի շուրջ:

Ազգային համերաշխությունն ու միասնականությունը պահանջում են խիստ կոնկրետ օրակարգ և առարկայական նպատակադրումներ: Այդ իմաստով էլ ներկայումս ակնհայտ է լարվածության տանող մեկ այլ գործընթաց, երբ խորհրդարանում նախորդ համակարգը ներկայացնող ուժերը սեփական քաղաքական և խմբային շահերից ելնելով սկսել են կասկածի տակ դնել օրակարգի այդ կարևոր հարցը՝ արտահերթ ընտրությունն ու այդպիսով հեղափոխական իրավիճակից կայուն դասական պետական-քաղաքական իրավիճակի հասնելը՝ սկիզբ դնելով ընտրական և սահմանադրական մեխանիզմի վերականգնմանը:

Ինչ է դա՝ այդ օրակարգից հրաժարման ակնարկներն ու բաց հայտարարությունները, եթե ոչ՝ լարվածության փորձ, բևեռացման տանող քայլ, որ դարձյալ անում են նախորդ համակարգը, դրան հարակից գործած ուժերը, այդ թվում, ի դեպ, նաև՝ ՀՅԴ-ն, որի հետ Կիլիկիո կաթողիկոսության ոչ ֆորմալ առնչությունն իհարկե հանրահայտ իրողություն է, ինչը առաջացնում է մտահոգություն, որ չստացվի այնպես, թե Արամ Առաջինի շուրթերով բարբառում է Դաշնակցությունը: Էլ չասած այն մասին, թե էլ ով կարող է բացառիկ բարբառել Դաշնակցության այդ միջնորդավորված «շուրթերով»: Դա կարող է լինել ծայրահեղ անպատասխանատու քայլ առաջին հերթին Արամ Կաթողիկոսի հանդեպ՝ օգտագործելով նրա հոգատարությունն ու նվիրվածությունը հայրենիքին:

Spread the love