Ո՞ւմ կողմից ենք. դահճի՞, թե՝ փրկչի. Բաց նամակ Արամ Զ. Սարգսյանին

Aram_Z_Sargsyan

Հոկտեմբերի 27-ին 19 –ը կլրանար… 19-ը տարի անընդհատ փորձել եմ արդարացնել քեզ դատավճռի ընթացքը չփոխելու անզորության համար մեղադրելով ու դատապարտելով ինձ… Վստահ եմ, որ ինձ նման ուրիշներն էլ կան:

Ուղիղ 19-ը կլրանար, բայց չթողեցի՛ր, ուղիղ ասած՝ բացեցիր բոլոր խաղաթղթերը, ավելի շուտ էիր բացել, դեռ վարչապետ ժամանակ հայտարարելով, որ բոլոր օլիգարխները քո ընկերներն են: Կներես. ժամանակակից Հայաստանում օլիգարխը իր մեղքի, իր վախի ու օրվա տիրոջ ընկերն է: Լոռեցին ես եմ, բայց միամիտը դու ես եղել, կամ գուցե միամիտ չես եղել, այլ օլիգարխ…

Օլիգարխ, բայց ոչ մեծահարուստ, որովհետև դրանք տարբեր հացկացողություններ են: Ինչևէ, մտորելու ու գրելու առիթը դու տվեցիր, բայց ասացի, որ արդեն 19-ը տարի ինձ դատափետել ու քեզ արդարացրել եմ…

Եվ հիմա եկավ նա, ով մեր անկախության պայքարում. մաքուր էր. ազնիվ էր ու պարզ, և նրան տրվեց մեր տառապած ու բազմաչարչար ազգն ու հողը փրկելու առաքելությունը.( ասված էր, կանչված են շատերը, ընտրված են քչերը)… Եվ փրկել նաև այս անգամ ամենավտանգավորից՝ ներսի թշնամուց, և ազգի հետ փրկել են նաև ինձ ու քեզ հոկտեմբերի 27–ի դատափետումից …

Հրանտ Մաթևոսյանը, ով 27-ը չմարսելուց և մահկանացուն կնքելուց մեկ տարի առաջ, 2001թ.-ին, սևով սպիտակին գրել է.
«Ո՛չ հզոր Ասորեստանը, ո՛չ Հռոմեկան կայսրությունը, ո՛չ Բյուզանդիան, ո՛չ Պարսկաստանը, ո՛չ Արաբական խալիֆաթը, ո՛չ մոնղոլ-թաթարական հորդաները, ո՛չ…ո՛չ…ո՛չ…ո՛չ մեկն այսքան դաժան ու արյունարբու չի եղել մեր ժողովրդի հետ, ինչպես այսօրվա իշխանությունը». գրել է սևով սպիտակի վրա, սևով սպիտակի վրա, և հիմա դու չե՞ս ուզում, որ Հայոց մեջ սևի ու սպիտակի գունաբաժանումը լինի… Չե՛ս ուզում, որովհետև այդպես կարելի է երկար գոյատևել ու միշտ թամբի վրա և կերակրատաշտի կողքին լինե՞լ, թե՝ ուրիշ խիստ գաղտնի պատճառներ էլ կան, որոնց մասին գիտես միայն դու ու գուցե նաև մի քանի նախկիններ: Ո՞րն է պատճառը… Հարցականներ, որոնք քանի օր է ինձ հանգիստ չեն տալիս. հարցականներ, որոնք պարուրված են խղճի ու մեղքի շղարշներով…

Բայց, միևնույնն է. ժամանակը չի սպասում իմ քրիստոնյա եղբայր, և երկնքում բաներ են կատարվում, այո-այո, երկնքու՛մ և ո՛չ երկրի վրա, և այդ Բանը Անողն ու Արարողը ինձ ու քեզ չի հարցնում՝ հարմարության ու ժամանակի մասին… Եկել է հատուցման ժամը, ու ինչ լինելու է՝ պետք է լինի, և լինելունը չի կարող չլինել: Եվ այս գործընթացում համոզված եմ, որ շատերը գիտակցաբար կամ անգիտակցաբար դաժան ու արունարբու թշնամու (սևի) ջրաղացին ջուր են անում , չնայած դու նույնպես արդեն արել ես, հուսամ, ո՛չ գիտակցաբար. շատերն են արել ու անում են, բայց քոնը ինձ համար չափազանց վիրավորական էր, չնայած պետք է իմանայիր հին հռոմեական կոնցեպտը. բաժանիր, որ տիրես, որին հրաշալիորեն տիրապետում սիամական զույգը, Ռոբերտը և Սերժիկը և այդ կոնցեպտի այս օրերի զոհը քեզ են ընտրել…

Գիտցի՛ր մի բան, սևերը Ավետյաց երկիր չեն մտնելու, այդ հաստատ է, որովհետև շաղաղված են մեղքի և մեղքի հիշողության մեջ, բայց կարող են ապաշխարհել, զղջալ և գուցե այդ դեպքում ներվեն երկրի ու մասամբ նաև երկնքի օրենքներով, որովհետև մեր պատմության մեջ մեծ ու բազմաթիվ մահացու մեղքերից հետո նույնիսկ Տրդատ 3-րդն է զղջացել, ապաշխարել ու ոչ միայն ներվել է երկնքում, այլ Սուրբ է հայտարարվել երկրի վրա, իր կյանքը զոհասեղանին մատուցելուց հետո: Այս օրինակը բոլորիս համար է, որովհետև պատմական, ամենա-ամենապատմական ժամանակներն ենք ապրում, մեր հազարամյակների պատմությունն այսօր կրկնվում է՝ խտացված: Այսօրվա ընտրությունը կատարել է Անկախության սերունդը՝ մաքրելով մեր ճակատի մուրը և պատմության խարանը ու ոչ մի օլիգարխ, ո՛չ մի գերտերություն չի կարող խաթարել այդ ընթացքը, այլևս մեր սուրբ երկրում խոնարհվում ու պաշտում են երկնքի ու երկրի Արարչին, և ո՛չ երբեք որևէ ողորմելի արարածի կամ արարածների…

Եվ 2800 ամյա մայրաքաղաքի ավագանու ընտրություններից ու տոնակատարություններից առաջ եղբայրաբար հայտարարում եմ ի լուր քեզ ու բոլոր ընտրողների ու ընտրվողների, խոհեմների ու հիմարների, հարուստների ու աղքատների, բարեկամների ու թշնամիների, սևերի ու սպիտակների, ի լուր բոլորի ու աշխարհի, մեր երկրի ավգյան ախոռների մաքրման գործընթացը բացելու է մեր պետության ոչ միայն վերջին 30 տարվա, այլև բոլոր դարերի ու հազարամյակների սև խութերը, և գուցե թե առաջին անգամ մեզ համար դաս ու դասագիրք է դառնալու նրա սև էջերը. այլևվս դրանք չկրկնելու հրամայականով և այդ նո՛ւյն անկախության սերունդը կանաչ ճանապարհ է հարթելու և թռիչք ապահովելու՝ դեպի բարեկեցիկ, ապահով ու արժանապատիվ ապագա , ազատագրված զոհի ու զրկվածի բարդույթներից… Եվ այդ թռիչքը ո՛չ մի չար, դաժան և արյունարբու ուժ ի զորու չէ այլևս կասեցնել:

Այնպես որ, հարգելի Արամ Զ. Սարգսյան, դու և ես, մեր յուրայիններով ու թշնամիներով, այսօր արդեն, իրար աչքերի նայելով պետք է հրապարակավ հայտարարենք՝ ո՞ր ճակատից ենք. սևի՞, թե՝սպիտակի, լույսի՞, թե՝ ստվերի… Եվ վերջապես, ու՞մ կողմից ենք. դահճի՞, թե՝ Փրկչի…

Հարգանքով՝ Վանուշ Շերմազանյան; արձակագիր

Spread the love
  • 515
    Shares