Ուրվագծվում է նոր իշխանության և ԲՀԿ որոշակի կոշտացող դիմակայություն

- in Կեղտոտ լվացք

Երևանի ավագանու ընտրությանը ուրվագծվում է նոր իշխանության և ԲՀԿ որոշակի կոշտացող դիմակայություն: Այդ հանգամանքը ընտրական գործընթացը կարծես թե վերածել է երկբևեռ իրողության, դուրս մղելով կամ, այսպես ասած, որոշակիորեն հետ մղելով մասնակից մյուս ուժերին:

Ըստ էության ստեղծված է մի իրավիճակ, երբ դիմակայությունը խաղում է հենց այդ մյուս ուժերի դեմ: Միևնույն ժամանակ, ամենևին զարմանալի չէ երկբևեռ այդ իրականությունը, առնվազն այն պատճառով, որ դա անհրաժեշտ է «Բարգավաճ Հայաստան»-ին: Սա կարող է լինել տարօրինակ, սակայն բազմաթիվ անգամներ մենք խոսել ենք այդ մասին, որ «Բարգավաճ Հայաստանը» հավակնում է առնվազն պահպանել իր երկրորդ դիրքը, ու թեև իշխանությունը փոխվելուց բացի, փոխվել է նաև իրավիճակն ու հարաբերությունների բնույթը, այդուհանդերձ, դա առավել ևս սրում է խնդիրը:

Եթե ԲՀԿ-ն նախորդ իշխանության և համակարգի պայմաններում, այսպես ասած՝ ինչ-որ իմաստով փոխհամաձայնության արդյունքում էր երկրորդ տեղում, ապա այժմ չկա այդ փոխհամաձայնության կամ փոխզիջման միջավայրը և սուբյեկտը, ըստ այդմ ԲՀԿ-ն պետք է նվաճի իր երկրորդ տեղը նոր իրավիճակում կամ արդեն թեժ պայքարում պահպանի այն: Իսկ խնդիրն այն է, որ երկրորդի հավակնողները ներկայումս շատ են, նույնիսկ երկրորդ նախագահը: Այստեղ «Բարգավաճ Հայաստանը» փորձում է ցույց տալ, որ ինքն է այն ընդդիմությունը, որը հնի հետ կապ չունի կամ ընդդիմություն է եղել նաև հնում, իսկ նորից էլ տարբերվում է և կարող է լինել ավելի լավ նոր իշխանություն: ԲՀԿ-ի համար սա իսկապես բավականին բարդ խնդիր է, հատկապես նոր, հեղափոխական իրավիճակում, որն օբյեկտիվորեն առկա է՝ անկախ իշխանության կամ որևէ մեկի կամքից:

Հանրային տրամադրություններն ու գնահատականները այդ իմաստով բխում են դեռևս ապրիլ-մայիսյան էներգետիկայից, առնվազն: Այլ կերպ ասած՝ գործնականում կա ոչ թե պայքար իշխանության և ԲՀԿ միջև, այլ կա ԲՀԿ պայքարը քաղաքական նոր դասավորությունում, նոր ստատուս-քվոյում երկրորդ տեղի հավակնող ուժերի միջև, քանի որ Նիկոլ Փաշինյանի առաջին դիրքը, թերևս, կասկածի տակ չի առնում ոչ ոք, առնվազն միջնաժամկետ հեռանկարում:

Այսինքն՝ իրականում ԲՀԿ մրցակիցները կամ հակառակորդները քաղաքական դաշտի մյուս խաղացողներն են, ու Երևանի ավագանու ընտրությունն այդ իմաստով լոկալ դրվագ է ավելի մեծ ռազմավարական այդ խնդրում: Ընդ որում, երկբևեռ համակարգն ու սև-սպիտակ իրավիճակը ամենևին հոմանիշներ չեն: Երկբևեռ ամենևին չի նշանակում միարժեք սև-սպիտակ, կամ-կամ: Երկբևեռ նշանակում է իշխանության հիմնական բևեռի կողքին նաև որոշակի, համարժեք կշիռ ունեցող երկրորդ քաղաքական ուժի գոյություն: Վերջին հաշվով, այդ հարաբերակցությունը պետք է նաև որոշակի ուղենիշ լինի մյուս քաղաքական սուբյեկտների համար: Այլ կերպ ասած՝ դա հնարավոր է գնահատել երկաստիճան քաղաքական համակարգ, իհարկե պայմանական, որտեղ իշխանության հավակնորդը նախ պետք է կարողանա շրջանցել երկրորդ ուժին: Իրական քաղաքական մրցակցության ռեժիմում դա որոշակի ինստիտուցիոնալ երաշխիք է, այն իմաստով, որ երկրորդ ուժն այդ դեպքում շահագրգռված է կայուն, ինստիտուցիոնալ գործընթացների ձևավորումով, որպեսզի երրորդը չունենա այլ ճանապարհով իրեն շրջանցելու հնարավորություն և հանրային նախադրյալներ:

Նախորդ համակարգի ճգնաժամի և տապալման պատճառներից մեկն էլ հենց այն էր, որ կար երկրորդ ուժ, սակայն գործնականում չկար մրցակցություն և այդ երկրորդ ուժը չուներ առաջինը դառնալու հնարավորություն, ըստ այդմ, չուներ «երրորդին» զսպելու մոտիվացիա, և այդպիսով չկար ձևավորված ինստիտուցիոնալ միջավայր: Ըստ այդմ` երկրորդ ուժի խնդիրը, իհարկե, նաև իշխանության խնդիրն է, որտեղ, թերևս, առաջնային անհրաժեշտություններից մեկը այդպիսի ուժի, այսպես ասած, որակապես բարձր նշաձողերի սահմանման քաղաքականությունն է, որովհետև առայժմ երկրորդի համար պայքարը, մեղմ ասած, չունի նոր քաղաքական իրողություններին համարժեք որակ և տրամաբանություն:

Spread the love