Պայթած թթվածնի բալոնը հիվանդանոցին չի պատկանել. տնօրենը մանրամասներ է ներկայացրել

- in Առողջություն
hivandanoc

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը հաստատեց, որ պայթած բալոնը չի պատկանել հիվանդանոցին:

Լրագրողների հետ զրույցում Հովակիմյանն ասաց, որ փորձաքննությունը ցույց կտա, թե ինչ ճանապարհով է այդ բալոնը հայտնվել հիվանդանոցի տարածքում: «Բալոնը եղել է փոքր չափի: Դրա դեպքի վայրում հայտնվելու նպատակը լիցքավորելն է եղել»,-ասաց տնօրենը:

Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով զոհը՝ թթվածնի արտադրամասի տեխնիկ-օպերատոր Վահրամ Գասպարյանն էր, ով երկար տարիների աշխատակից էր: Վիրավորը, ով ևս արտադրամասի աշխատակից էր, վերակենդանացման բաժանմունքում է: Նա ստացել է ձախ ուսի վնասվածք:

Արման Հովակիմյանը նշեց նաև, որ Թթվածնային կայանը բժշկական կենտրոնի ենթակայության տակ է գտնվում և այստեղ պարբերաբար ստուգումներ են իրականացվում, իսկ թե վերջին անգամ ե՞րբ են ստուգումներ իրականացվել, բուժկենտրոնի տնօրենը դժվարացավ հայտնել:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, եւս մեկ աշխատակից թեթև վնասվածքներով անմիջապես տեղափոխվել է նույն բուժհաստատություն, ուր ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:

Նախնական տվյալներով` կայանում պայթած թթվածնի բալոնը հիվանդանոցին չի պատկանում: Ոստիկանությունն իրականացնում է համապատասխան գործողություններ, պարզվում են հանգամանքները:

Հայաստանի առողջապահությունը լրացուցիչ տեղեկություններ է ներկայացնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ: Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում այսօր տեղի ունեցած պայթյունի առնչությամբ լրացուցիչ տեղեկացնում ենք հետեւյալը. Պայթյունի հետեւանքով տուժած Թ.Ա.-ն անցել է անհրաժեշտ հետազոտություններ: Ունի ձախ թեւի թեթեւ վնասվածքներ: Ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:

Ինչ վերաբերում է հիվանդանոցի թթվածնի արտադրության կայանի անվտանգությանը, ապա տեղեկացնենք, որ այն ամենամյա պարտադիր փորձաքննությունն անցել է այս հունիսին եւ ունի 1 տարվա աշխատանքի դրական եզրակացություն: Կայանում արտադրության եւ աշխատակիցների անվտանգությանն առնչվող որեւէ խնդիր չի եղել ու չկա. այն այս պահին էլ շարունակում է իր անխափան աշխատանքն ու հիվանդանոցին թթվածնի մատակարարումը:

Թթվածնի բալոնի պայթյունի պատճառը եղել է բացառապես լիցքավորվող բալոնի անհամապատասխանությունը կայանում լիցքավորման տեխնիկական պահանջ-պայմաններին: Բալոնը չի պատկանել բուժհաստատությանը, իսկ տվյալ բալոնի` կայանում հայտնվելու հանգամանքն ու պայթյունի պատճառները եւ հանգամանքները ճշտվում են ոստիկանության կողմից:

ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Spread the love