Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն է վերադարձել հարցազրույցի ձևաչափով

Թեև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ դեռևս չի որոշել քաղաքականության մեջ իր ձևաչափը, այդուամենայնիվ պետք է արձանագրել, որ նրա քաղաքական վերադարձի մասին հայտարարությունից հետո մի ձևաչափ նկատվում է հստակ:

Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն է վերադարձել հարցազրույցի ձևաչափով: Համենայնդեպս, առայժմ դա միակ և հստակ ձևաչափն է այն բանից հետո, երբ Քոչարյանը հայտարարել է, որ արդեն վերադարձել է: Իսկ նա հենց այդպես էլ հայտարարել է՝ համարեք, որ արդեն վերադարձել եմ:

Բացառիկ հարցազրույցը նրա քաղաքականություն վերադարձի առայժմ բացառիկ ձևաչափն է: Սա նաև միանգամայն հասկանալի ձևաչափ է՝ նկատի ունենալով այն, որ հարցազրույցը որևէ քաղաքական բովանդակության համար կոնկրետ պատասխանատվություն չենթադրող ձևաչափ է: Ռոբերտ Քոչարյանն այդպիսով մի կողմից ցույց է տալիս կամ ստեղծում է տպավորություն, որ կա իբրև քաղաքական գործոն, մյուս կողմից՝ նա իր քաղաքական ներկայության համար չի կրում ոչ մի բովանդակային պատասխանատվություն, քանի որ չի ստեղծում քաղաքական որևէ կոնտենտ: Փոխարենը Ռոբերտ Քոչարյանը խանգարում է այդպիսի ստեղծագործական քաղաքականության իրականացումը որևէ այլ սուբյեկտի համար:

Բանն այն է, որ հարցազրույցների միջոցով ստեղծելով քաղաքականության իմիտացիա, բայց չմտնելով որևէ բովանդակային պատասխանատվության տակ, Ռոբերտ Քոչարյանը այդ իրավիճակի «տակ է գցում» քաղաքական մյուս դերակատարներին, որոնք մտադիր են կամ հավակնում են նոր իրավիճակում ծավալել գործունեություն նոր իշխանության քաղաքական արեալից դուրս: Այլ հարց է, թե որքանով են բովանդակալից լինելու այդ ուժերը, որքանով են նրանք լինելու պատասխանատու, ստեղծելու իսկապես որակյալ քաղաքական կոնտենտ: Բայց փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը արգելափակել է նրանց հնարավորությունը, քանի որ իր քաղաքական ներկայությունն ինքնաբերաբար կլանում է մյուս բոլոր ուժերին և ձևավորում սև-սպիտակ, ստեղծում այդ տեխնոլոգիան կիրառելու հիանալի նախադրյալ:

Առնվազն տարօրինակ կլինի, եթե, օրինակ, որևէ իշխանություն կամ որևէ քաղաքական ուժ ընդհանրապես չօգտագործի այն հնարավորությունն ու նախադրյալները, որ ստեղծվում են իր համար՝ կամա, թե ակամա: Այդ իմաստով միանգամայն հասկանալի ու տրամաբանական է, որ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է իր հնարավորությունը: Քաղաքականությունը հնարավորի արվեստն է՝ ինչպես ասում է հայտնի ձևակերպումը: Ըստ այդմ՝ արդյունավետ է քաղաքականության մեջ նա, ով առավելագույնս է անում հնարավորը: Եվ այս տեսանկյունից ստացվում է ուշագրավ իրավիճակ, երբ Ռոբերտ Քոչարյանն անում է քաղաքականության մեջ իր համար առավելագույն հնարավորը՝ հարցազրույցներ է տալիս, դրանով փակում է հնարավորությունները այլ ուժերի համար, և առավելագույն հնարավորություն է ստեղծում նոր իշխանության համար: Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանն իրականում քաղաքական մարտահրավեր է մյուս ուժերի համար, ոչ թե իշխանության: Սակայն այստեղ էլ կա հետաքրքիր շարունակություն՝ այն իմաստով, որ մյուս ուժերն էլ ավելի շուտ իշխանության հետ են մտել բախման կամ դիմակայության մեջ՝ թողնելով իրականում իրենց գլխավոր մարտահրավերը:

Spread the love
  • 20
    Shares