Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

- in Կեղտոտ լվացք

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ»-ին, ինչը հատկանշական է նախևառաջ այն առումով, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվա կատարած այցի շրջանակում «Կոմերսանտ»-ին հարցազրույց էր տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Պուտինի հետ փայլուն հարաբերության, հայ-ռուսական հարաբերության մասին:

Այդ իմաստով երկրորդ նախագահի հարցազրույցը «Կոմերսանտ»-ին ըստ էության ստացվում է յուրօրինակ պատասխան, առավել ևս, որ բովանդակային առումով էլ պատասխանն ակնհայտ է:

Բանն այն է, որ հարցազրույցի ակնհայտ «ծանրության կենտրոնում» հավաստիացումներն էին Ռուսաստանին, որ Նիկոլ Փաշինյանը հուսալի գործընկեր չէ Մոսկվայի համար, որ հաստատուն չէ, որ կարող է չլինել անկեղծ: Միաժամանակ Քոչարյանը խոսում է Պուտինի հետ անձնական հարաբերության մասին, թե որքան ընկերական է այդ հարաբերությունը, մյուս կողմից՝ անուղղակի, սակայն թափանցիկ ակնարկով կասկածի տակ է դնում Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի հարաբերության մասին վարչապետի արած հայտարարությունները: Դրան է առնչվում Քոչարյանի խոսքը, թե՝ մեկ-երկու հանդիպումով չես կարող ունենալ անձնական վստահելի հարաբերություն կամ ընկերություն:

Այդ իմաստով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ստանում է հակառակ էֆեկտ՝ ստեղծելով տպավորություն, որ Քոչարյանը «Կոմերսանտ»-ին Փաշինյանի հարցազրույցում տեսել է մրցակից, որին հարկ է համարել պատասխանել: Այլ կերպ ասած՝ տպավորություն է, որ երկրորդ նախագահն ինքն էլ չի հավատում իր ասածին, որ փորձում է հասցնել Մոսկվային Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, անհուսալիության մասով:

Ի վերջո, դուրս գալով Քոչարյանի քաղաքական կամ անձնական նպատակների ու խնդիրների դաշտից՝ հարկ է թերևս արձանագրել, որ այդօրինակ հարցազրույցից ստացվում է բավականին տխուր մի տպավորություն, թե ինչպես կարող է պետության նախկին առաջին դեմքը մեկ այլ երկրում լրատվամիջոցով, այն էլ մի լրատվամիջոցով, որը, մեղմ ասած, հաճախ է աչքի ընկել Հայաստանի դեմ ադրբեջանամետ հրապարակումներով, փորձում համոզել այդ երկրի նախագահին, որ հավատա իրեն, ոչ թե Նիկոլ Փաշինյանին: Դա ըստ էության «մատնագիր» է Հայաստանի Հանրապետության դեմ, ու ցավալի խորհրդանշականությամբ՝ դա տեղի է ունենում սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին ընդառաջ:

Մարտավարական տեսանկյունից ակնհայտ է, որ երկրորդ նախագահը Հայաստանի ներսում բովանդակային առումով քաղաքական գրավչության հնարավորություններից զուրկ լինելու պարագայում պետք է շեշտը դներ Ռուսաստանի վրա՝ փորձելով Հայաստանում տեղի ունեցողը ներկայացնել որպես Ռուսաստանի համար խնդիրների ահռելի մի աղբյուր, որը չցամաքեցնելու դեպքում կարող է լինել «ջրհեղեղ»: Կրկնվող այդ հավաստիացումներն ու փորձերը վկայում են, որ այդ մարտավարությունը բարեբախտաբար չի ունենում հաջողություն, այլապես փորձերը կդադարեին, և կլիներ այլ գործընթաց: Դրանք բարեբախտաբար չեն ունենում հաջողություն, որովհետև խնդիրն այստեղ այլևս Նիկոլ Փաշինյանը չէ, այլ Հայաստանի Հանրապետությունը: Որևէ ներքին գործընթաց չպետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության շահերի հաշվին, ինչը, սակայն, լրջագույն ռիսկերի է ենթարկվում, երբ փորձ է արվում տեղափոխել արտաքին դաշտ, ռուսական դաշտ: Այդ իմաստով դրական է, որ այդ փորձերը չեն հաջողում:

Միաժամանակ նաև հասկանալի է թերևս, թե ինչու չեն հաջողում: Բանն այն է, որ այստեղ դրանք ունեն լուրջ մարտահրավեր նաև հայ-ռուսական հարաբերության համար՝ առնվազն ելնելով այն հանգամանքից, որ դրանք չեն վայելում Հայաստանի հանրության մեծամասնության աջակցությունն ու հավանությունը: Որովհետև Նիկոլ Փաշինյանն այդ իմաստով Ռուսաստանին առաջարկում է շատ ավելի խորքային էֆեկտիվություն պարունակող հեռանկար, երբ Ռուսաստանը հայկական ներքին վերափոխումների հանդեպ լոյալության դիմաց՝ որքան էլ դա ներկայումս հոգեբանորեն բարդ է ռուսական իշխանության համար, կստանա Հայաստանում հանրայնորեն լեգիտիմ, ըստ այդմ՝ քաղաքականապես ավելի ամուր, հեռանկարային և արժեքավոր ներկայացվածության հնարավորություն կամ այլ կերպ ասած՝ կառուցողական ներկայացվածության հնարավորություն: Ներկայումս քչերին է հասու այդ բանաձևը, այդ թվում նաև՝ ինքնիշխանության և անկախության դիրքերից հանդես եկող շրջանակներում: Սակայն մյուս կողմից՝ այս բանաձևը արդեն առնվազն արձանագրել է էֆեկտիվության մեկ դրսևորում. դա Հայաստանում թավշյա հեղափոխությունն է, որի հանդեպ Ռուսաստանը գտնվել է լոյալ և անկասկած դրա դիմաց զգացել է հանրային վերաբերմունքի էֆեկտը:

Հարցը տվյալ պարագայում այն է, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է հանուն իր անձնական քաղաքական էֆեկտի հարվածի տակ դնել այն էֆեկտը, որն ապրիլ-մայիսի իր վարքագծի համար ստացավ Ռուսաստանը:

Spread the love