Ռուսաստանը հարուստ փորձ ունի նման կեղտոտ տեխնոլոգիաներով միջամտել այլ երկրների քաղաքական ու ընտրական գործընթացներին

- in Հրապարակ

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցներն այսօր խուզարկություն են անցկացրել Yerevan.today կայքի խմբագրությունում:

Խուզարկությունը կապված է սկանդալային գաղտնալսման հետ։ Այն հանգամանքը, որ խուզարկությունների շղթան մեկնարկել է Yerevan.today կայքից՝ հուշում է, որ նախաքննության մարմինը հիմնական է համարում վարկածը, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման հետևում կանգնած են Ռոբերտ Քոչարյանն ու նրա շրջապատը։ Համենայն դեպս՝ Yerevan.today կայքը կապված է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, ու վերջին շրջանում երկրորդ նախագահի, այսպես կոչված, բացառիկ հարցազրույցները թողարկվում են հենց այս տեղեկատվական հարթակում։

Հայաստանի իշխանության առաջին դեմքերն ու հասարակության մեծամասնությունը նույնպես կարծում են, որ գաղտնալսման հետքերը տանում են Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ։ Սակայն անկախ հանրային ու քաղաքական տրամադրություններից՝ իրավապահները պետք է ունենան կոնկրետ փաստեր, հակառակ պարագայում՝ խուզարկությունները կարող են այլ գնահատականների տեղիք տալ՝ ընդհուպ մեկնաբանվել, որ իշխանություններն ոտնձգություն են կատարում ազատ խոսքի դեմ կամ լռեցնում են Ռոբերտ Քոչարյանի ձայնը՝ խոչընդոտելով փաստացի նրա թիմի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցի գործունեությունը։

Արդյո՞ք քննչական մարմիններն արդեն ունեն կոնկրետ փաստեր, թե՞ գնացել են համընդհանուր տարածում գտած վարկածի իրավական ամրագրման ուղղությամբ փաստեր հավաքելու։ Այն վարկածը, թե առաջինն այդ գաղտնալսման տեսագրությունը տպագրել են Yerevan.today-ը և hraparak.am-ը՝ անշուշտ, ենթակա է ստուգման, սակայն, թերևս, աղմկոտ խուզարկությունը դրա լավագույն միջոցը չէ։

«Ոստիկանությունն է հայտնել, որ իրենց տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի ձայնագրությունը շուտ է դրվել, կարող էր ստուգել ու պարզել, որ ավելի ուշ է դրվել, դա Google-ի խնդիր է, որովհետև նույն կերպ երկու կառույցի ղեկավարի ասուլիսի մասին էլ տեղեկատվության հրապարակումն ավելի շուտ է ցույց տալիս»,- ասում է Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը՝ ակնարկելով, թե իրենց լրատվամիջոցը թիրախավորվել է քաղաքական նպատակներով։

Քննչական կոմիտեն, իր հերթին, վստահեցնում է, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ կերպ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը և էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ քննությունը ուսումնասիրում է միայն Քոչարյանի՞ վարկածը, թե՞ քննարկվում է նաև օտարերկրյա ծառայությունների կողմից գաղտնալսման կազմակերպման հնարավորությունը, մանավանդ որ Ռուսաստանը հարուստ փորձ ունի նման կեղտոտ տեխնոլոգիաներով միջամտել այլ երկրների քաղաքական ու ընտրական գործընթացներին։

Այս պահին պաշտոնական վարկածը կասկածի տակ դնելու հիմքեր չունենք, մյուս կողմից՝ եթե պարզվի, որ իրավապահները տուրք են տվել քաղաքական, հանրային սպասումներին ու դրսևորել են ավելորդ շտապողականություն, ապա վտանգվելու է ոչ միայն կոնկրետ գործի նախաքննությունը, այլ նաև Հայաստանի իշխանություններն անհարկի մեղադրվելու են ժողովրդավարությունն ու ազատ խոսքը սահմանափակելու համար, մանավանդ որ առաջիկայում ԵԽԽՎ մոնիթորինգի խմբում Հայաստանի հարցով նշանակված են քննարկումներ։ Այստեղ հարցն այն չէ, որ Քոչարյանն անմեղ է․ մեծ հավանականությամբ՝ երկրորդ նախագահը՝ եթե նույնիսկ անմիջականորեն չի կազմակերպել գաղտնալսումը, ապա առնվազն տեղյակ է եղել դրա մասին։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս փաստը իրավապահները պետք է հիմնավորեն կոնկրետ փաստերով՝ առանց հուզականության ու էյֆորիկ տրամադրությունների, հակառակ դեպքում՝ միջազգային ատյաններում Հայաստանը կարող է կանգնել խնդիրների առաջ։

Մյուս կողմից՝ անթույլատրելի ենք համարում, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը փորձում են քողարկվել ազատ մամուլի, ժողովրդավարության հետևում։ Եթե Քոչարյանը՝ իր թալանած միլիարդներով, կարող է կայքեր գնել ու զբաղվել տեղեկատվական մանիպուլյացիայով կամ նույնիսկ ահաբեկչությամբ, ապա դա որևէ կապ չունի ոչ լրատվական գործունեության և ոչ էլ՝ խոսքի ազատության հետ։

Նման դեպքերում հանցագործության բացահայտման անհրաժեշտության ու խոսքի ազատության պահպանման սահմանը շատ խոցելի է, որովհետև տարբեր, հաճախ՝ հակադիր գնահատականներ կարելի է տալ կատարված խուզարկություններին։ Եթե դրանք, ի վերջո, եզրափակվեն պետության դեմ ուղղված հանցագործության բացահայտմամբ, ապա խոսքի ազատությունը ոչ միայն վտանգված չի լինի, այլ նույնիսկ ավելին՝ կդադարի վահան լինել արյունի մեջ թաթախված Քոչարյանի համար։ Հակառակ պարագայում՝ ստիպված կլինենք հերթական անգամ խոսել իրավապահների դիլետանտիզմի մասին, ինչի հետևանքով Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ հայտնվել է անհարմար դրության մեջ։

Spread the love