Ռուսաստանը սերտորեն համագործակցում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում

- in Միջազգային
Putin Aliev

Այսօր Բաքու է ժամանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ավելորդ չէ նշել, որ այսօր Բաքվում մեկնարկում է 3-րդ ադրբեջանական միջազգային պաշտպանական ցուցահանդեսը, որին մասնակցում են 32 երկրների 200 ընկերություններ։ Կարծում ենք՝ Պուտինի այցի ու ցուցահանդեսի բացման համընկնումը պատահական չէ՝ մանավանդ, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը սերտորեն համագործակցում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։

Սեպտեմբերի 1-ին Սոչիում տեղի ունեցած Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը նշել էր, թե վերջին տասը տարիներին Բաքուն Մոսկվայից ձեռք է բերել շուրջ հինգ միլիարդ դոլարի սպառազինություն, և վստահություն էր հայտնել, որ առաջիկայում կլինեն նոր պայմանագրեր։ Ստոկհոլմում գործող SIPRI ինստիտուտի տվյալներով՝ ռուսական սպառազինության չափաբաժինը Ադրբեջանի սպառազինությունների ձեռքբերումների մեջ կազմում է 22%։

Ի դեպ, ուշագրավ է, որ ռուսաստանյան պետական ՏԱՍՍ գործակալությունը Պուտինի այցի նախօրեին ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է Ռուսաստանի ու Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությանը՝ ակամայից բացահայտելով Ռուսաստանի նախագահի այսօրվա այցի օրակարգային առաջնահերթություններից մեկը։

Ուշագրավ է, որ մինչև 2005թ.-ը Ադրբեջանը ռուսական սպառազինություն չի ստացել։

Ռուսաստանի ու Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության իրավական հիմքերը դրվել են 2003թ.-ի փետրվար 27-ի համաձայնագրով, որը ներառում էր երեք ուղղություն՝ Ադրբեջանին ռուսական սպառազինության և տեխնիկայի մատակարարում, ռազմական կադրերի պատրաստում և ռուսաստանցի մասնագետների ներգրավում զինտեխնիկայի վերանորոգման, մոդեռնիզացիայի աշխատանքներում։

Թերևս հարկ կա անդրադառնալու ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության մի քանի դրվագների։

2005-2010թթ.-ներին Ադրբեջանը Ռուսաստանից ձեռք է բերել Ми-172 ուղղաթիռ, երեքական Ми-171В և Ми-17-1В ուղղաթիռներ, Бе-200ЧС ինքնաթիռ ու երկու Ка-32А ուղղաթիռ։ 2007-ին Ադրբեջանը Մոսկվայից ձեռք է բերել 62 Т-72Б տանկ, վեց Мста-Б հաուբիցներ։

2009թ.-ին Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ 2010-11թթ.-ներին Բաքուն ստացել է С-300 հրթիռային համակարգերի երկու դիվիզիոն։ Միայն այս գործարքի ծավալը շուրջ 300 միլիոն ամերիկյան դոլար է։ Կնքված այլ պայմանագրերով՝ 2013-18թթ.-ներին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է 100 միավոր Т-90С տանկ, 118 միավոր БМП-3, 230 միավոր БТР-82А, 166 հրթիռային համակարգ։

2010թ.-ի առանձին պայմանագրով Բաքուն Մոսկվայից ստացել է 24 հատ Ми-35М մարտական ուղղաթիռ (այս գործարքի արժեքը 360 միլիոն ամերիկյան դոլար է), 71 Ми-17-1В մարտական ուղղաթիռ։

Կասկած չկա, որ Պուտինի այսօրվա այցից հետո Մոսկվայի ու Բաքվի ռազմատեխնիկական համագործակցությունն ավելի է խորանալու։

Ի դեպ, ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության տեսանկյունից ուշագրավ է երկու հանգամանք։ Երկու երկրների միջև այս ոլորտում սերտ համագործակցության մեկնարկը տրվել է 2005թ.-ին, երբ Հայաստանում իշխանության ղեկին էր Վլադիմիր Պուտինի ընկեր Ռոբերտ Քոչարյանը, ու կարելի է ենթադրել, թե ինչի հաշվին է կառուցվել այդ «ընկերությունը»։ Հայ-ռուսական հարաբերություններում վասալային ռեժիմի ներդրումը հանգեցրել է Մոսկվայի ու Բաքվի բազմահարթակ համագործակցության զարգացմանը։

Մյուս կողմից՝ հայ-ռուսական հարաբերություններում այսօր էլ առկա է անհամարժեքություն։ Մինչ Նիկոլ Փաշինյանը դրանք որակում է «փայլուն», Մոսկվայի ու Բաքվի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական։ Ասվածի լավագույն վկայությունը թերևս Պուտինի այսօրվա այցն է Բաքու։