«Ստիպում էր, որ տղամարդկանց անուններ տամ…». 61-ամյա տղամարդը խոշտանգել է կնոջն ու փորձել խեղդամահ անել

- in Իրավունք
axjik

Արարատի և Վայոց Ձորի մարզերի  ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Մելիքսեթ Ս.-ի գործի քննությունը:

Նախաքննական մարմինը 61-ամյա Մելիքսեթի նկատմամբ  մեղադրանք էր առաջադրել կնոջը խոշտանգելու՝ պարբերաբար նրա նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ֆիզիական ու հոգեկան տառապանք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով:

Գործի քննության ընթացքում կատարված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Մելիքսեթ Ս.-ն ճանաչվել է անմեղսունակ:

Ըստ դատական ակտի՝ Մելիքսեթ Ս.-ն տուժող կնոջ հետ ամուսնացել է 1980 թվականին:

Ամուսնական կյանքի վերջին շրջանում Մելիքսեթը անհիմն խանդի պատճառով հաճախ վիճել է կնոջ հետ, այլ մարդկանց ներկայությամբ նվաստացրել է նրան, հայհոյել է, անհիմն մեղադրել է ամուսնական անհավատարմության համար, ասել է, թե չի ցանկանում նրա հետ համատեղ ապրել, նրան տեսնելիս միայն մեկ ցանկություն է ունենում՝ նրան ծեծելու:

Մելիքսեթը կնոջ նկատմամբ բռնություններ է գործադրել, նրան ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ է պատճառել հատկապես  2017 թվականի ընթացքում:

2017 թվականի սեպտեմբերին կինը հեռացել է Մելիքսեթից:

2018 թվականի ապրիլի 16-ից մինչև մայիսի 15-ը Մելիքսեթը բուժվել է Նուբարաշենի՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում: Մայիսի 15-ին նրան դուրս են գրել, բարեկամները համոզել են, որ կինը հաշտվի Մելիքսեթի հետ, շարունակեն համատեղ ապրել: Կինը համաձայնել է:

Սակայն մայիսի լույս 16-ի   գիշերը՝ ժամը 2-ի սահմմաններում, կնոջ հետ մենակ մնալով իրենց տանը, Մելիքսեթը նորից բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ՝ ձեռքերից քաշելով դուրս է բերել անկողնուց, սեղմել է թևերը, հարվածներ է հասցրել գլխին, ապա աթոռով ջարդել է ննջասենյակի դռան ապակին, ապակու կտորները լցվել են կնոջ վրա՝ վերջինս վնասվածքներ է ստացել:

Մելիքսեթը, ըստ դատական ակտի, բռնել է կնոջ հագուստից, քաշելով տարել է միջանցք, գետնին է տապալել, փորձել է խեղդել՝ սեղմելով կոկորդը:

Կինը ձեռքին եղած ջրի բաժակով հարվածել է Մելիքսեթի գլխին, կարողացել է ազատվել նրանից ու փախչել:

Տուժող կինը հայտնել է, որ Մելիքսեթի հետ ամուսնացել է 1980 թվականին, համատեղ կյանքի ընթացքում ունեցել են 3 դուստր, նրանք բարձրագույն կրթություն են ստացել, ընտանիք են կազմել, ապրում են իրենցից առանձին:

Ըստ տուժող կնոջ՝ Մելիքսեթը միշտ էլ խիստ ամուսին է եղել, բայց ժամանակի ընթացքում անհիմն խանդի հողի վրա սկսել է հաճախ վիճաբանություններ սարքել: Նա իրեն հաճախ ստիպում էր տալ որևէ տղամարդու անուն, ում հետ, իբր, ինքը դավաճանել է նրան: Մելիքսեթը ստիպում էր իրեն որևէ անուն տալ՝ խոստանալով, որ իրեն «մատով չի դիպչի», բայց միշտ ծեծում էր:

Տուժող կինն ասել է, թե միշտ հավատարիմ է եղել ամուսնուն, որևէ անուն հրաժարվել է տալ, այդ պատճառով Մելիքսեթը ծեծել է իրեն:

Նախավերջին անգամ իրենք վիճաբանել են 2017թվականի սեպտեմբերի սկզբին: Ինքը փախել է ամուսնու հորաքրոջ թոռի տուն՝ նա իրենց հարևան շենքում էր ապրում:

Դրանից մոտ մեկ ամիս առաջ, երբ Մելիքսեթը նորից իրեն ծեծել էր, ինքը փախել ու թաքնվել էր շենքի նկուղում: Մելիքսեթը փնտրել էր իրեն, չէր գտել, նա նույնիսկ ահազանգել էր ոստիկանություն՝ իբր ինքը կորել է:

Ինքը ավելորդ խոսակցություններից խուսափելու, իրենց ներընտանեկան կյանքի ամոթալի իրադարձությունները չհրապարակելու նպատակով ոստիկաններին չի հայտնել, որ Մելիքսեթը պարբերաբար բռնություն է գործադրում իր նկատմամբ: Ասել է՝ իբր ինքն իջել էր շենքի նկուղ՝ գործ անելու, Մելիքսեթը չի իմացել, փնտրել է իրեն, անհանգստացել ու դիմել է ոստիկանություն: Բայց իրականում ինքը թաքնվել էր նկուղում՝ Մելիքսեթի գործադրած բռնությունների, ծեծի պատճառով:

Ինքը մշտապես լռել է, իսկ Մելիքսեթն ասել է, թե չգիտի՝ ոնց ազատվի իրենից, անգամ մինչև իր հեռանալը նա անկողինը հավաքել ու գնացել էր ավտոտնակում քնելու՝ ասելով, թե իրեն տեսնելիս դողում է, ուզում է հարվածել: Ինքն աշխատել է միշտ ենթարկվել ամուսնուն, չի պատասխանել նրա վիրավորանքներին, հայհոյանքներին, դիմացել է ծեծին, բայց 2017  թվականի ընթացքում նա այնքան է բռնացել իր նկատմամբ, որ ինքն այլևս չի կարողացել դիմանալ ու հեռացել է նրանից, ապրել է բարեկամների տներում, որոշ ժամանակ ապրել է Ռուսաստանում՝ քրոջ տանը…

Տուժող կինը պնդել է, որ ամուսինն  իրեն ճնշել ու տանջել է ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն, ստիպել է, որ ինքը խոստովանի գոյություն չունեցող բաներ… Նա արգելել էր, որ ինքը շփվի որևէ տղամարդու հետ, նույնիսկ ինչ-որ մեկին բարևելը կարող էր դառնալ խանդի բորբոքման պատճառ:

Մելիքսեթից իր հեռանալուց հետո նրա բարեկամները միջնորդել են, որ իրենք հաշտվեն ու շարունակեն համատեղ ապրել: Ինքը պայման է դրել, որ այդպես կանի, եթե Մելիքսեթը բուժում ստանա: Մելիքսեթը համաձայնել է, նրան տարել են Նուբարաշենի հոգեբուժարան, հետազոտել ու ասել են, որ խանգարումներ ունի, երկարատև բուժում պիտի ստանա: Նա ստացիոնար բուժում է ստացել, ինքը երբեմն այցելել է նրան: Իր այցելությունների ընթացքում Մելիքսեթը հանգիստ էր լինում, ինքը դրական տեղաշարժ էր տեսնում:

2018 թվականի մայիսի15-ին Մելիքսեթին դուրս են գրել, ինքն ամուսնու եղբոր ու նրա որդու հետ մեքենայով գնացել է Մելիքսեթի հետևից:

Երեկոյան վերադարձել են տուն: Ինքը Մելիքսեթի եղբորն ասել է, թե վախենում է տանը Մելիքսեթի հետ մենակ մնալուց, բայց եղբայրն ասել է, թե պիտի մեկնի:

Ինքն ու ամուսինը մնացել են մենակ: Ինքը ամուսնու դեղերը ժամով տվել է, բայց նկատել է, որ նա աստիճանաբար անհանգիստ է դառնում: Նա անկողնուց վեր է կացել, քայլել է, նորից է պառկել: Ինքը նրա ննջարանի դռան բռնակի մոտ ապահովության համար փայտ է դրել, որ դուռը բացվելու դեպքում ձայնը լսի: Հետո գնացել է իր ննջասենյակ, շորերով պառկել է, բայց չի քնել:

Գիշերվա ժամը  2-ի սահմաններում Մելիքսեթի սենյակի դռան ձայնն է լսել, նա քայլել է, ինքը լսել է նրա խոսքերն իր մասին՝ տես է, դուռը փակել, բանալին վերցրել է…

Նա բոլոր լույսերը վառել, անջատել է, վառել է նաև իր սենյակի լույսը, մտել-դուրս է եկել, իրենից հեռախոս է ուզել, որ զանգի սրբազանին ու բժշկուհուն՝ գան իրեն տանեն հիվանդանոց: Մելիքսեթը անընդհատ կրկնել է, թե ինքը նրա վրա դուռը փակել է, բայց ինքը դուռը չէր փակել: Նա մոտեցել է իր անկողնուն, ձեռքերից քաշելով իրեն հանել է անկողնուց, սեղմել է թևերը, մի քանի անգամ հարվածել է իր գլխին, քարշ է տվել միջանցք: Ինքը փախել, մտել է իր սենյակ:

Մելիքսեթը աթոռով խփել է դռան ապակուն ու ջարդել է, ապակու կտորները թափվել են իր վրա: Մելիքսեթը ջարդված ապակու կտորտանքի միջից իր սենյակ է խցկվել, բռնել է իր հագուստից, փորձել է քաշելով՝ հանել սենյակից: Նրա ձեռքից ազատվելու համար ինքը կողքի պահարանից ջրի բաժակ էր վերցրել, այդ բաժակով հարվածել է նրան, դրանից հետո է կարողացել սենյակի դուռը բացել ու փախչել:

Ըստ տուժող կնոջ՝ Մելիքսեթը զայրույթից այնպես էր սեղմել ատամները, որ արհեստական ատամնաշարը ջարդվել էր: Նա միջանցքում իրեն գցել էր գետնին, սեղմել էր կոկորդը: Ինքը մի կերպ ազատվել է նրանից ու դուրս է վազել:

Մելիքսեթը հետապնդել է իրեն: Ինքը ոտաբոբիկ է փախել՝ իրենց շենքում ապրող բարեկամուհու տուն: Վերջինս իրեն օգնություն է ցույց տվել, ինքը ահազանգել է ոստիկանություն:

Տուժող կինը նշել է, թե ձգտել է որևէ մեկին չներքաշել իրենց ընտանեկան խնդիրների մեջ, այդ պատճառով օգնություն չի խնդրել, չի ահազանգել…

Տուժող կինն ասել է՝ ամուսինը պարբերաբար իր նկատմամբ բռնություն է գործադրել, իրեն պատճառել է ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ, բայց ներկա պահին ինքն ամուսնու դեմ չի բողոքում…

Դատարանը Մելիքսեթ Ս.-ին ազատել է պատասխանատվությունից ու պատժից՝ անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարելու համար:

Դատարանը որոշել է Մելիքսեթ Ս.-ի նկատմամբ հարկադիր բուժում նշանակել՝ հոգեբուժական կլինիկայի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում:

Spread the love