Տեխզննման կտրոններն ի սպառ վերանալու են

avtoner

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին  իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններին վերաբերող քննարկումների արդյունքում  հանգել են մի կարևոր որոշման, որն ունի նաև սոցիալական մեծ նշանակություն։

«Մենք քննարկում ենք և մոտ ենք որոշմանը, որ ՀՀ տարածքում և, բնականաբար, նաև Երևանում, անհատ տաքսու վարորդներին ազատենք բոլոր հարկային պարտավորություններից։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր աշխատում են նաև պետական և ոչ պետական հիմնարկներում, իրենց ընտանիքների սոցիալական հարցերը լուծում են նաև տաքսի վարելով»,- մասնավորապես հայտարարեց վարչապետը՝ միևնույն ժամանակ ընդգծելով նաև, որ այդ որոշման շնորհիվ իրենք ցանկանում են  հնարավորություն տալ այդ մարդկանց ավելի անկաշկանդ գումար աշխատել:

Այս կապակցությամբ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը պարզաբանեց, թե ինչպես է իրականացվելու այս փոփոխությունը։

«ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ  նախարարության կողմից պատրաստվել է օրենսդրական մի փաթեթ՝  տաքսամոտորային փոխադրումների գործունեությունն արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ․ խոսքը վերաբերում է բոլոր փոխադրողների համար հնարավորինս այնպիսի դաշտ ստեղծելուն, որը կապահովի մրցակցային պայմանները, ինչպես նաև հարկերն ու տուրքերը հնարավորինս կնվազեցնի  և  ճիշտ կկանոնակարգի լիցենզավորման ենթակա գործունեությունը։ Մեր կողմից օրենսդրական այս փաթեթն արդեն մշակված է և դրա շրջանակներում բավականին շատ քննարկումներ ենք ունեցել ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ տաքսի ծառայություն մատուցող խոշոր կազմակերպությունների հետ, որպեսզի հաշվի առնենք բոլոր կողմերի դիրքորոշումներն այս փոփոխությունն իրականացնելուց առաջ, այդ թվում նաև փորձում ենք կանոնակարգել  էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսամոտորային փոխադրումներ իրականացնողների գործունեությունը, այսինքն՝ նրանց նույնպես բերելու ենք ընդհանուր օրենսդրական դաշտ»։

Տրանսպորտի վարչության պետի տեղակալի  վստահեցմամբ՝  այս փոփոխությունների արդյունքում բոլոր տիպի վճարները բալանսավորվելու են և հնարավորինս նվազեցվելու են հարկային պարտավորությունները։

«Այն կազմակերպությունները, որոնք տարեկան 200 հազար դրամ լիցենզիայի գումար էին վճարում՝ նրանց համար լիցենզիայի տուրքը նվազեցվելու  է՝ սահմանվելով տարեկան 10 հազար դրամ, բայց սա դեռևս վերջնական թիվը չէ, այս մասով  սկզբունքային պետական կառավարման մարմինների՝ ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության հետ քննարկումները դեռ շարունակվում են և այս պահի դրությամբ՝ հստակ թիվ չեմ կարող ասել, սակայն մոտ ժամանակներս այս հարցը ևս կորոշվի»,- տեղեկացրեց  Մելքոնյանը։

Նկատենք նաև, որ  ֆեյսբուքյան այդ ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ դրան զուգահեռ՝ իրենք մտածում են երթևեկության անվտանգության մասին։ Այդ իսկ պատճառով էլ այսուհետ ավտոմեքենաների տեխսպասարկումները ձևական բնույթ չեն կրելու:

Այս  մասով Դավիթ Մելքոնյանն ասաց, որ  ավտոմեքենաների անվտանգության ապահովման և տեխզննություն իրականացնելու նպատակով  օրենսդրական երկու փաթեթ ևս  ներկայացվելու է։

Spread the love
  • 19
    Shares