Քոչարյանը սթրեսի մեջ է ու այս տրամաբանությամբ կարող է դատի տալ հարյուր հազարավոր մարդկանց

- in Կեղտոտ լվացք

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը «Հետք»-ին տեղեկացրել է, որ զրպարտություն են համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը՝ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: «Ուզում է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել ու հիմա հղում է անում իր անձեռնմխելիության վրա: Այնինչ այդպիսի մեղադրանք Ռոբերտ Քոչարյանին առաջադրված չի եղել, այդպիսի արարքի համար օրինական ուժի մեջ մտած դատավճիռ գոյություն չունի, որ ինքը մեղավոր է ճանաչվել: Իսկ վարչապետն այդպիսի արտահայտություններ է արել, մենք գտնում ենք, որ սա անթույլատրելի է»,- ասել է փաստաբան Հայկ Ալումյանը: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն ասել է, որ պահանջը մեկն է՝ պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել վերը նշված արտահայտությունների համար: Հայկ Ալումյանն ասաց, որ փոխհատուցման պահանջ չկա:

Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները, ինչպես տեսնում ենք, տոտալ գրոհի են անցել Հայաստանի իշխանության ներկայացուցիչների ու բոլոր նրանց հանդեպ, ովքեր օբյեկտիվորեն քննադատում են Ռոբերտ Քոչարյանին, բացահայտում են նրա հանցագործությունները, թալանը, մեծ հարստության ու բիզնեսի անօրինական հիմքերը։

Երկրորդ նախագահի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, օրերս դատական երկու հայց է ներկայացրել, մեկը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, մյուսը՝ քաղաքագետ Արա Պապյանի դեմ։ Քոչարյանների ընտանիքը պահպանում է «սուբորդինացիայի» կանոնը. պետության առաջին դեմքի հետ դատական հարաբերությունների մեջ է մտնում Ռոբերտ Քոչարյանը։

Խորապես համոզված ենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին պատահաբար չեն իրենց դիմումներով «գրոհում» դատական համակարգի վրա. նրանք ցանկանում են ցույց տալ, որ երկրի ներսում ենթարկվում են տոտալ ճնշումների կամ, ինչպես կասեր Հրանտ Մարգարյանը՝ մտքի տեռորի, ու հարկադրված դիմում են իրավական ինքնապաշտպանության։ Այլ խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը նախապատրաստում է իշխանության, այսպես կոչված, «փչացման» գործընթաց, ու այս դատական գործընթացները այդ ծրագրի բաղադրիչն են։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած դատական հայցին, ապա այն առնվազն զարմանալի է։ Նախ՝ Փաշինյանը տվել է ոչ թե իրավական, այլ քաղաքական գնահատական, ու այս հարթության վրա նրա դիրքորոշումն ըստ էության անխոցելի է։ Մյուս կողմից՝ վարչապետը չի ասել, թե Քոչարյանն անմիջականորեն սպանել է տասը մարդու, նա գնահատական է տվել Քոչարյանի հակասահմանադրական գործողություններին, որոնք, ի վերջո, հանգեցրել են Մարտի 1-ին և տասը զոհերին։ Չնայած չենք էլ բացառում, որ որոշ սպանությունների հրաման գուցե անմիջականորեն տվել է հենց Քոչարյանը՝ իր այս կամ այն գործողությունը մոտիվացնելու համար։

Սակայն խնդիրն ունի նաև քաղաքական կողմ։ Բանն այն է, որ այս դիրքորոշումները Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն արտահայտում էր նաև Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ավելին՝ նրա կերտած «թշնամու» կերպարը հենց Ռոբերտ Քոչարյանն էր, ինչի շնորհիվ վարչապետի աջակցած դաշինքը ստացավ 81% քվե։ Հասարակությունը Քոչարյանի մասին մտածում է շատ ավելի կատեգորիկ, քան իրենց թույլ կտան արտահայտվել Նիկոլ Փաշինյանն ու մյուս քաղաքական գործիչները։ Երկրորդ նախագահը կարող է իր թիմին հանձնարարել սոցիոլոգիական հարցում անցկացնել, ու նա կհամոզվի, որ հասարակությունը՝ իր ճնշող մեծամասնությամբ, Ռոբերտ Քոչարյանին է համարում Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի կազմակերպիչ։ Այս առումով քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները նույնիսկ հումանիստական մոտեցում են ցուցաբերում, երբ չեն տիրաժավորում Քոչարյանի մասին հանրային կարծիքը։

Ռոբերտ Քոչարյանը մինչև հիմա չի հասկացել, որ իր խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ հասարակության և արդարադատության հետ է։

Մեր ուշադրությունից չվրիպեց մի շատ կարևոր հանգամանք։ Երբ Ռոբերտ Քոչարյանը դատի է տալիս «Առաջին լրատվական»-ին, լինում է նաև փոխհատուցման պահանջ, իսկ Փաշինյանի դեպքում այն բացակայում է։ Նույն տրամաբանությամբ՝ Քոչարյանի որդին քաղաքագետ Արա Պապյանից փոխհատուցում պահանջում է, իսկ ԱԱԾ տնօրենից՝ ոչ։ Ակնհայտորեն Քոչարյանն ու նրա որդին հարվածում են լրատվամիջոցների կամ փորձագետների թույլ տեղին՝ ֆինանսներին, այլ խոսքով՝ փորձում են երկրում լռեցնել ազատ խոսքը։ Այս առումով Քոչարյանը չի փոխվել ու ազատ մամուլի թշնամին է մնացել նաև պաշտոնաթողությունից հետո։

Իսկ առհասարակ՝ Քոչարյանը սթրեսի մեջ է ու այս տրամաբանությամբ կարող է դատի տալ հարյուր հազարավոր մարդկանց, որոնք բացահայտորեն նրան մեղադրում են սպանությունների ու թալանի մեջ։