Քոչարյանի վերջին ուղերձն՝ անխուսափելի թվացող ազատազրկումից առաջ

Robert Qocharyan

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ: Այս ուղերձը «բացառիկ» է՝ իր մի քանի շեշտադրումներով։

Քոչարյանի տարածած տեքստում մասնավորապես ասված է. «…Արժեքները, հանուն որոնց մարդիկ փողոցներ էին դուրս գալիս, այսօր հարվածի տակ են: Այն, ինչ տեղի էր ունենում սիրո և համերաշխության նշանաբանով, այսօր դրա առաջնորդների ջանքերով վերածվում է ատելության, վրեժի և անօրինականության: Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են: Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ մեր երկիրը հաղթահարելու է այդ դժվարություններն արժանապատվությամբ, և արդյունքում Հայաստանում մենք ոչ թե անձի պաշտամունք ենք ունենալու, այլ իրական ժողովրդավարություն, ոչ թե հասարակություն, որը բաժանված է սևերի և սպիտակների, այլ միասնական ազգ, ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ, այլ երաշխավորված անվտանգություն ու բարեկեցիկ կյանք Հայաստանի և Արցախի համար»:

Ռոբերտ Քոչարյանն այնքան է կորցրել իրականության զգացումը, որ փորձում է հեղափոխությունը, որն ուղղված էր իր ստեղծած քրեաօլիգարխիկ համակարգի դեմ, պաշտպանել այն իրականացնողներից։ Այս տրամաբանությամբ ցանկացած բան կարելի է վերածել զավեշտի։ Սա մի կողմից՝ խոսում է այն մասին, որ Քոչարյանը ոչ մի պատկերացում չունի իր քաղաքական հեռանկարի, անելիքների մասին ու, ըստ էության, քաոտիկ քայլեր է անում, մյուս կողմից՝ երկրորդ նախագահը տողատակում ակնարկում է, որ հեղափոխությունն ուղղված էր ոչ թե իր, այլ Սերժ Սարգսյանի դեմ։ Սա նույնպես իրականության կորստի դրսևորում է։

Իրավամբ հեղափոխությունը սկզբնավորվեց ու զարգացավ «Մերժենք Սերժին» կարգախոսով, սակայն Սերժ Սարգսյանի վարչապետությունը զանգվածային շարժման միայն առիթն էր, այն թեզը, որն այդ պահին ամենից շատն էր ասոցացվում քրեաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարի հետ։ Խորքային առումով՝ թավշյա հեղափոխությունն ուղղված էր քրեաօլիգարխիկ համակարգի, նրա կոռումպացվածության, ամենաթողության հետ։ Հեղափոխության հզոր ալիքի հարվածից տապալված համակարգի «կնքահայրն» ու խորհրդանիշը Ռոբերտ Քոչարյանն է, ու բնավ պատահական չէ, որ հենց նա է այսօր դարձել հակահեղափոխության ռևանշի, ռեստավրացիայի խորհրդանիշը։ Քոչարյանը չի կարող խոսել հեղափոխության օրակարգը պաշտպանելու մասին, որովհետև նրա ցանկացած գործողություն, քայլ ընկալվում է որպես ռևանշի ձգտում։

Անշուշտ, որևէ հեղափոխություն ապահովագրված չէ ավտորիտարիզմի վտանգից, սակայն նման ռիսկերն ավելի շատանում են, երբ հեղափոխական կառավարության դեմ պայքարում է ռևանշիզմը՝ պրակտիկորեն լեգիտիմացնելով նոր իշխանությունների ցանկացած քայլ, անգամ ոչ այնքան օրինական կամ նույնիսկ ռեպրեսիվ։ Նույն տրամաբանությամբ՝ Նիկոլ Փաշինյանի «սևերի» ու «սպիտակների» բաժանումն օբյեկտիվորեն չի աշխատելու, երբ Հայաստանում վերջնականապես արմատախիլ արվի հակահեղափոխության վտանգը, այլ խոսքով՝ չեզոքացվի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործոնը։

Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀԿ-ն այսօր դարձել են Հայաստանում դեմոկրատական ընդդիմության ձևավորման հիմնական խոչընդոտը, որովհետև ցանկացած, նույնիսկ առողջ քննադատություն իշխանության հասցեին հասարակությունը նույնացնում է հակահեղափոխության հետ։

Սակայն հուսանք, որ սա Քոչարյանի վերջին ուղերձն է՝ անխուսափելի թվացող ազատազրկումից առաջ։ Հակահեղափոխության բացակայության պայմաններում մեր հասարակությունն իր քվեով կարող է ձևավորել նորմալ իշխանություն և ընդդիմություն, որոնք կլինեն քաղաքական մրցակիցներ՝ հեղափոխության պլատֆորմի հենքով։

Spread the love