Zinvor

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Տիգրան Ս.-ի և Միքայել Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Սարդարյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ 27-ամյա Միքայել Ա.-ն 2017 թվականի դեկտեմբերի 9-ի ժամը 18-ից մինչև դեկտեմբերի 10-ի ժամը 18-ը հանդիսացել է զորամասի հերթապահի օգնական:

Դեկտեմբերի լույս 10-ի գիշերը՝ 2-ն անց 30-ի սահմաններում՝ իր հանգստի ժամին, նա մտել է զորամասի ննջարան՝ անձնակազմը ստուգելու: Ստուգայցի ժամանակ լեյտենանտը պարտադիր ժամկետային զինծառայող Խաչիկ Ղ.-ի մոտ հայտնաբերել է բջջային հեռախոս:

Զինվորի մոտից վերցնելով հիշյալ հեռախոսը՝ Միքայել Ա.-ն գնացել է բուժկետ և սկսել է ուսումնասիրել հեռախոսի մեջ առկա տեղեկությունները:

Այդ ուսումնասիրության ընթացքում Միքայել Ա.-ն նկատել է, որ նույն ժամանակ որպես զորամասի հերթապահի օգնական ընդգրկված շարքային Տիգրան Ս.-ն «օնլայն է»՝ «Օդնոկլասնիկի» կայքում:

Այսպիսով համոզվելով, որ Տիգրանի մոտ ևս բջջային հեռախոս կա տվյալ պահին, Միքայել Ա.-ն շարքային Խաչիկ Ղ.-ի անունից հիշյալ կայքէջ հաղորդագրություն է ուղարկել՝ Տիգրանին կանչելով բուժկետ:

Տիգրան Ս.-ն, կարծելով, թե իրեն գրողը իրոք Խաչիկն է, պատասխանել է. «Ղ…-ի գալու ժամն ա, չեմ կարա գամ»:

Լեյտենանտ Միքայել Ա.-ն շարունակել է շարքային Խաչիկի անունից Տիգրանին կանչել բուժկետ, և ի վերջո՝ վերջինս եկելէ բուժկետ ու տեսել է, որ իրականում իր հետ գրագրություն վարողը լեյտենանտ Միքայել Ա.-ն է եղել:

Լեյտենանտը պահանջել է, որ Տիգրան Ս.-ն ներկայացնի մոտի բջջային հեռախոսը, բայց Տիգրանն ասել է, թե հեռախոս չունի:

Լեյտենանատը շարքային Տիգրան Ս.-ին տարել է զորամասի պահեստանոց, այնտեղ ևս կարգարդել է ներկայացնել բջջային հեռախոսը և պահանջել է բացատրություն տալ, թե ո՞ւմ էր վերաբերում «Ղ…-ի գալու ժամն ա» արտահայտությունը:

Շարքային Տիգրան Ս.-ն պատասխանել է, թե իր բջջային հեռախոսը գողացել են, ինքը տեղեկություն չունի, թե այդ հեռախոսով ո՞վ կարող էր կապի մեջ մտած լինել, և ո՞վ է գրել հիշյալ արտահայտությունը, դա ինքը չի արել:

Միքայել Ա.-ն զինվորի պատասխանը լսելով՝ խոսակցության ընթացքում հայհոյանքներ է տվել իրեն խաբողների, ինչպես նաև «Ղ…-ի գալու ժամն ա» հաղորդագրությունը գրողի ծնողների հասցեին, իսկ Տիգրան Ս.-ն ստեղծված պայմաններում իր համաձայնությունն է տվել… հայհոյանքին…

Այդ խոսակցության ընթացքում զինվորական պարտականությունների կատարման կապակցությամբ՝ բջջային հեռախոս պահելու, իրեն խաբելու համար լեյտենանտ Միքայել Ա.-ն բռնություն է գործադրել ստորադաս հանդիսացող շարքային Տիգրան Ս.-ի նկատմամբ՝ երկու անգամ ձեռքով հարվածել է նրա դեմքին ու պատճառել է ֆիզիկական ցավ:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, 2017 թվականի դեկտեմբերի17 –ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում շարքային Տիգրան Ս.-ն համածառայողներից իմացել է, որ մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 10-ին իր ու լեյտենանտ Միքայել Ա.-ի միջև տեղի ունեցած խոսակցության, մասնավորապես՝ իրեն խաբողների հասցեին Միքայել Ա.-ի կողմից հնչեցված հայհոյանքի, Տիգրան Ս.-ի կողմից այդ հայհոյանքին համաձայնելու վերաբերյալ լեյտենանտը պատմել է համածառայողներին:

Լեյտենանտի «քֆուրի տակ չմնալու», համածառայակիցների մոտ չհեղինակազրկվելու նպատակով Տիգրան Ս.-ն, ըստ մեղադրանքի, նույն օրը, ժամը 21-ի սահմաններում Միքայել Ա.-ի հետ պարզաբանում կատարելու նպատակով գնացել է պահեստանոց, հանդիպել է Միքայել Ա.-ին, հարցրել է՝ իրենց միջև տեղի ունեցած խոսակցության մասին նա որևէ մեկին պատմե՞լ է, թե՞ ոչ:

Միքայելը պատասխանել է, թե պատմել է միայն սպաներին:

Տիգրան Ս.-ն, լսելով այդ պատասխանը, ըստ մեղադրանքի, գնացել է զորամասի ծխարան, ժամը 21-ն անց 40-ի սահմաններում վերցրել է ծխարանի մոտ գտնվող փայտե մահակը և Միքայել Ա.-ի հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով նորից գնացել է պահեստանոց: Այնտեղ նա, լեյտենանտի կողմից ավելի վաղ հնչեցված հայհոյանքն իր հասցեին ընդունելու պատճառով, բռնություն է գործադրել պետ հանդիսացող լեյտենանտ Միքայել Ա.-ի նկատմամբ ՝ որպես զենք գործադրած փայտե մահակով մեկ անգամ հարվածել է նրա գլխին ու դիտավորությամբ Միքայել Ա.-ի առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ բաց, բութ, գանգի խոռոչ թափանցող գանգուղեղային վնասվածքի, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդի, ձախից գանգի հիմ անցումով՝ քունքոսկրի խրթեշի, ձախից սեպոսկրի թևի գծային կոտրվածքի, արյունազեղումների ձևով:

19-ամյա Տիգրան Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 112 հոդվածի 1-ին մասով, իսկ Միքայել Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով:

Ամբաստանյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել, զղջացել են:

Դատարանը հաշվի է առել, որ Միքայել Ա.-ի խնամքին է մանկահասակ երեխան, երկրորդ երեխայի ծնունդն էլ սպասվում էր՝ առաջին ատյանի դատարանում դատաքննության ժամանակահատվածի դրությամբ:

Դատարանը հաշվի է առել, որ շարքային Տիգրան Ս.-ն դրական է բնութագրվել, շնորհակալագրի է արժանացել անձնվեր ծառայության համար: Նա ունի առողջական խնդիր:

Դատարանը Տիգրան Ս.-ի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել տուժող Միքայել Ա.-ի վարքագծի հակաօրինականությունն ու հակաբարոյականությունը, որոնցով պայմանավորվել է Տիգրան Ս.-ի կողմից հանցավոր արարքի կատարումը՝ Միքայել Ա.-ի առողջությանը ծանր վնաս հասցնելը: Հաշվի է առնվել նաև Տիգրան Ս.-ի ու Միքայել Ա.-ի հաշտվելը, վերջինիս կողմից բողոք, պահանջ առաջ չքաշելը:

Միքայել Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է զինվորական ծառայության մեջ սահմանափակման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով՝ դրամական բավարարման գումարից 5 տոկոսի պահումով:

Տիգրան Ս.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 112 հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել է վերջին հաշվով 4 տարի 3 ամիս ազատազրկման: Այս պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրողը՝ պահանջելով Տիգրան Ս.-ի նկատմամբ պայմանական դատապարտության կիրառումը վերացնել, նրան դատապարտել իրական ազատազրկման՝ 5 տարի ժամկետով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...