Լռության օր, երբ շատերը մտածելու բան ունեն

- in Ընտրություններ
Yntrutyun

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում այսօր Լռության օր է։ Կարճատև, բայց բուռն քարոզարշավից հետո կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչներն այսօր քարոզչություն անելու իրավունք չունեն և կենտրոնացած են վաղվա կազմակերպչական հարցերի վրա։

Երևանցիների համար բուռն քարոզարշավն ավարտվեց, և նրանք այսօր ամփոփելու են այն ամբողջ տեղեկատվությունը, որ ստացել են անցած տասներկու օրերի ընթացքում։ Մեկ օրվա դադարը՝ քարոզչության և ընտրության օրվա միջև ստեղծված պատուհանը, պատական չէ ամրագրված օրենսդրորեն ու այն գործում է բոլոր երկրներում՝ անկախ դրանց ժողովրդավարական կամ ավտորրիտար լինելուց։ Ընտրողը պետք է դադարի հնարավորություն ունենա, որպեսզի իր կամարտահայտությունն ամբողջացնի՝ տարբեր թեկնածուներից ստացված ինֆորմացիան մշակելու, համեմատելու, ֆիլտրելու, իրականն՝ անիրականից տարբերակելու միջոցով։ Քարոզարշավի օրերին մարդիկ հիմնականում նախնական կարծիք կամ քաղաքական կողմնորոշում ձևավորում են, սակայն շատ հաճախ Լռության օրը ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս, որովհետև ընտրողը մենակ է մնում՝ իր արժեքների, հույզերի, ընտրության հետ, իր որոշումը ձևավորում է ոչ թե էմոցիաների ազդեցությամբ կամ տրենդային գործոններից ելնելով, այլ՝ սեփական մտածողության համատեքստում։ Նախընտրական հանդիպման կամ հանրահավաքի ժամանակ մարդուն կարող են գրավել լսված նոր առաջարկը կամ կրեատիվ գաղափարը, դիրքորոշում կարող է ձևավորվել բազմության դրական կամ բացասական էմոցիաների ազդեցությամբ։ Լռության օրը հենց նրա համար է, որ ֆիլտրվեն այդ բոլոր սուբյեկտիվ գործոնները, և ընտրողը որոշում կայացնի՝ ոչ թե կոնյուկտուրայի ուժով, այլ առաջիկա չորս-հինգ տարիների առաջնահերթություննեը հաշվի առնելով։

Ընտրողը շատ հաճախ այլ արձագանքներ է ունենում ընտրարշավի ժամանակ, բայց քվեախցում մեն-մենակ լրիվ ուրիշ արժեքներով է ընտրում՝ ոչ թե տուրք տալով հանրային տրամադրություններին կամ տրենդային կաղապարներին, այլ առաջին պլան բերելով իր անհատական պատկերացումները, արժեքային համակարգը։

Անցալ քսան տարիներին Հայաստանում Լռության օրերն «ամենաակտիվն» են եղել, որովհետև այդ օրերին մարդկանց բնակարաններ են «ներխուժել» ընտրակաշառք բաժանողները, անպաշտպան մարդկանց ահաբեկողներն ու շահագրգռողները, տարբեր ցուցակներով «զինված» «տասովշիկները»։ Թերևս սա է եղել պատճառը, որ ընտրությունների հրապարակված արդյունքները որևէ առնչություն չեն ունեցել անցկացված քարոզարշավի տրամաբանության հետ։ «Իրական քարոզարշավն» իրականացվել է Լռության օրը՝ տասը հազար դրամներով, ահաբեկումներով, ցուցակներում «պլյուս-մինուս» դնելով։

Այս անգամ բացառիկ ընտրություններ են, որովհետև քաղաքացիներն ապահովագրված են անկոչ հյուրերից, համոզողներից, պարտադրողներից։ Պատահական չէ, որ ամբողջ քարոզարշավի ընթացում քրեական գործ է հարցուցվել ընտրակաշառքի ընդամենը երեք ահազանգի առթիվ ու դեռ հարց է՝ դրանք կհաստատվե՞ն, թե՞ նույնիսկ չի լինի հանցակազմ՝ կոնկրետ մարդկանց քրեական հետապնդման ենթարկելու համար։ Իհարկե, ասվածը չի նշանակում, թե վերացել են ընտրակեղծարար բրիգադները․ նրանք կան, սակայն վերացվել է  նրանց գործելու տարածությունը, փակվել է նրանց գործունեության դաշտը։

Ընտրության իրավունքը վերադարձվել է հասարակությանը, սակայն արդյո՞ք քաղաքացիները պատրաստ են ընտրության, արդյո՞ք Լռության օրը նրանց համար կդառնա խորհելու, իմաստավորելու պատեհություն, թե՞ նրանք անհամբեր կսպասեն «հուշարարների»՝ չադապտացվելով ազատությանը, պատրաստ չլինելով իմաստավորված ընտրության։

Ընտրությունը շատ ավելի տարողունակ ու գլոբալ հասկացություն է, քան՝ քվեարկությունը։ Երկու դեպքում էլ քաղաքացին արտահայտում է վերաբերմունք, կարծիք, բայց քվերակությունը շատ հաճախ մեխանիկական է լինում, եթե դրան չի հաջորդել մարդու ընտրությունը, եղած ճանապարներից մեկի վրա կանգ առնելու իմաստավորված որոշումը։

Հուսանք, որ մեր հայրենակիցների վաղվա քվեարկությունը կլինի իմաստավորված, ծանր ու թեթև արված ընտրության հետևանք։

Spread the love