3 պաշտոնաթող նախագահներից ոչ ոք չի մասնակցելու Անկախության տոնակատարությանը

- in Հրապարակ

Հայաստանի երեք պաշտոնաթող նախագահներից ոչ ոք, թեև պաշտոնական հրավերին, չի մասնակցելու Անկախության տոնակատարությանը։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը նրա չմասնակցությունը որևէ կերպ չի մեկնաբանել։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեսպաշտություն է որակել հրավերը՝ նշելով, թե երկրորդ նախագահը քաղաքական հալածանքների է ենթարկվում այս իշխանության կողմից։ Որևէ մեկնաբանություն չկա Սերժ Սարգսյանի գրասենյակից կամ ՀՀԿ-ից, բայց ակնհայտ է, որ երրորդ նախագահը նույնպես չի մասնակցելու տոնակատարություններին։ Առհասարակ՝ տպավորություն է, որ Սարգսյանն իրեն դուրս է դրել ընթացող բոլոր գործընթացներից՝ համարելով, որ իր լավագույն մարտավարությունը լռությունն է։

Քոչարյանի ու Սարգսյանի պարագայում չմասնակցությունը կանխատեսելի էր. ի վերջո, թավշյա հեղափոխությունը նրանց մոտ արմատախիլ է արել տոնական տրամադրությունը, ու հիմա նրանք առավելապես մտածում են ոչ թե հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու, այլ բանտում չհայտնվելու մասին։ Բացի այդ, Սեպտեմբերի 21-ն ու Անկախությունը Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների համար երբեք արժեք չեն եղել։

Այլ է Տեր-Պետրոսյանի պարագան, որը Հանրապետության հիմնադիր նախագահն է, ու այս տոնն անմիջականորեն կապված է նրա նախագահության, գործունեության հետ։ Տեր-Պետրոսյանն իրեն հաջորդած երկու նախագահների պաշտոնավարման տարիներին սկզբունքորեն մերժել է Անկախության պետական միջոցառումներին մասնակցելու հրավերները՝ թերևս դրա համար ունենալով քաղաքական, մարդկային պատճառներ, սակայն թավշյա հեղափոխությունը արմատապես վիճակ է փոխել, որը կարող էր փոխել նաև առաջին նախագահի մոտեցումը։ Բայց Տեր-Պետրոսյանը դարձյալ չի մասնակցելու Անկախության տոնակատարություններին, ու դրա համար թերևս կրկին քաղաքական պատճառներ են առկա։

Մի կողմից՝ Տեր-Պետրոսյանը կանխատեսել է, որ լինելու է Անկախության տոնակատարության մասնակից միակ նախկին նախագահը ու չի ցանկացել իր ներկայությամբ նոր ազդակ տալ չարակամ հակաքարոզչությանը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արհեստականորեն կապում է առաջին նախագահի հետ, մյուս կողմից՝ գործ ունենք ավելի խորքային պրոբլեմի հետ։

Բանն այն է, որ Երրորդ հանրապետությունը, որպես այդպիսին, չունի միասնական քաղաքական պատմություն, որի համար առկա են օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ։ Մի կողմից՝ Հայաստանում չեն գործել իշխանության ժառանգականության դասական լեգալ ինստիտուտները, որոնք նպաստում են պատմության ամբողջականությանը, մյուս կողմից՝ անտագոնիստական հարաբերությունների առկայությունը նախագահներից յուրաքանչյուրի մեջ ձևավորել է իր կառավարման շրջանը իդեալականացնելու ու Երրորդ հանրապետության պատմության մյուս շրջանները մերժելու քաղաքական էգոիզմն ու բարդույթը։

Սիրո ու թավշյա հեղափոխությունն իր առաքելությամբ եկել է ամբողջացնելու Երրորդ հանրապետության պատմությունը՝ դրա տարբեր բեկորները հավաքելու միջոցով։ Դա շատ կարևոր առաքելություն է՝ քաղաքական ավանդույթներ ու մշակույթ ձևավորելու, իշխանության ժառանգականությունն ապահովելու տեսանկյունից։ Սիրո և հանդուրժողականության կարգախոսներով հաղթած հեղափոխությունն անշուշտ ունի այս առաքելությունը, ինչի վկայությունն է բոլոր երեք նախագահներին այսօրվա տոնակատարությանը մասնակցելու հրավերը։

Բայց հեղափոխություններն ունեն ներքին կոնտրաստ, ինչն անխուսափելի է, օբյեկտիվ է։ Նոր Հայաստանը Երրորդ հանրապետության արժեքային համակարգի կրողն ու շարունակությունն է, մյուս կողմից՝ անցած երեք տասնամյակի «ավգյան ախոռները» մաքրելու առաքելություն ունի՝ իրապես նոր քաղաքական մշակույթ ու հարաբերություններ ձևավորելու նպատակով։

Ահա թե ինչու Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սկզբունքորեն չէին կարող մասնակցել այսօրվա տոնակատարություններին։ Նրանք Երրորդ հանրապետությունից գողացել են նրա զարգացման քսան տարիները, նրա բովանդակությունը ճզմել են լիմոնի պես, պետության հետ վարվել են խոպանչու հոգեբանությամբ։

Տեր-Պետրոսյանը քաղաքական, գաղափարական անհաշտություն չունի նոր Հայաստանի հետ, սակայն համարում է, որ իր պատմական առաքելությունն արդեն կատարել է՝ Սեպտեմբերի 21-ը հնարավոր դարձնելով, ու չի միջամտում նոր գործընթացին, որն առաջնորդելու առաքելություն պատմությունն ընձեռել է Նիկոլ Փաշինյանին:

Please follow and like us:
18642