Ամեն շաբաթ անձամբ գալու եմ, ստուգեմ. Հայկ Մարությանը սկսել է աշխատանքները

- in Տնտեսական

Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի առաջին «աշխատանքային օրը» բավական հագեցած էր: Օրը կիրակի էր, բայց նա հասցրեց կանխել մեկ ապօրինի շինարարություն եւ անձամբ ստուգեց Նուբարաշենի աղբանոցում կատարվող աշխատանքների համապատասխանությունը նորմերին: Նա հայտարարեց, որ ամեն շաբաթ անձամբ ստուգելու է աղբանոցում կատարվող աշխատանքները:

Հայկ Մարությանին չափազանց բարդ ժառանգություն է հասել. Երեւանը նախորդ քաղաքապետերի գործունեության ոչ թե նպատակն է եղել, այլ միջոցը: Երեւանի իշխանությունների գործունեությունը ծառայել է ոչ թե Երեւանի ու երեւանցիների հարմարավետությանը, այլ տարբեր խմբավորումների բիզնես եւ այլ բնույթի շահերին: Երեւանն ունեցել է անդառնալի կորուստներ, գրեթե կորցրել ժամանակակից դինամիկ զարգացող քաղաք դառնալու հնարավորությունը:

Հայկ Մարությանը պաշտոնամուտին հայտարարել էր, թե հնարավոր է առաջիկա 5 տարում չզբաղվի դերասանական աշխատանքով: Միեւնույն ժամանակ, նա ստանձնել է իր կյանքի թերեւս ամենաբարդ ու պատվավոր գլխավոր դերը՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Այստեղ անհրաժեշտ են տարբեր ունակությունները միասին՝ դինամիկ զարգացման ծրագիր, ընթացիկ խնդիրների արդյունավետ լուծում, քաղաքի դիմագծի, ոճի ու արժեքային ավանդույթների ստեղծում:

Երեւանին անհրաժեշտ է ոճ ու երազանք ունեցող քաղաքապետ: Հայկ Մարությանն անկասկած արմատապես տարբերվում է իր նախորդներից, եւ ամենեւին նշանակություն չունեն այնպիսի փաստարկները, որոնք վերաբերվում են ադմինիստրատիվ փորձի պակասին կամ արվեստի մարդ լինելուն: Ավելին, այս «թերություններն» ինքնին առավելություն են՝ Երեւանը նոր Հայաստանի մայրաքաղաք դարձնելու բարդ գործում:

Հայկ Մարությանը խոսել է քաղաքի ամենացավոտ խնդիրներից մեկի՝ տրանսպորտի մասին: Նախկինում նա դեմ էր դրա թանկացմանը, արդարացիորեն նշելով, որ այն ժամանակ թանկացնելու մտադրությունը իշխանությունը ծառայեցնելու էր իր շահերին: Տրանսպորտը միակ ոլորտն է, որ վերջին տարիներին չի թանկացել, եւ ներկայում այդ հարցը պետք  որոշվի հանրաքվեով, ասել է նա:

Երեւանի խնդիրները պահանջում են երբեմն ցավոտ լուծումներ, եւ դրանից չպետք է վախենալ: Եթե կա հանրային ահռելի վստահություն եւ նոր ոճի կառավարում՝ բացառելով գանձագողությունն ու ատկատը, ապա պետք է գնալ այդ ցավոտ լուծումներին՝ թանկացնել տրանսպորտը՝ այն դարձնելով որակյալ ու ներդրումների համար գրավիչ ոլորտ, լուծելով վարորդների սոցիալական խնդիրները: Եվ այդպես՝ ոլորտ առ ոլորտ: Թանկացումը սարսափելի չէ, սարսափելին ստրկական աշխատանք կատարող, ցածր եկամուտներով ու գնողունակությամբ բնակչությունն է, պետական բյուջեի ցածր եկամուտները, որոնք հնարավորություն չեն տալիս իրագործել մասշտաբային ծրագրեր, որոնց մուլտիպլիկատիվ էֆեկտը տնտեսության համար հսկայական է:

Հայկ Մարությանն ունի այդ բազան ու վստահությունը՝ ոչ պոպուլյար քայլերի գնալու, Երեւանի մայթերին ու գազոններին սնկի պես բուսած կրպակները մաքրելու, Երեւանը կարգի բերելու համար:

Կա եւս մեկ առանցքային խնդիր. նա ֆիզիկապես չի հասցնելու անձամբ ամեն տեղ գնալ՝ վերահսկելու իրավիճակը: Երեւանի քաղաքապետի պաշտոնում նրա առաջնային խնդիրը կառավարման ինստիտուցիոնալացումն է, երբ քաղաքապետից մինչեւ թաղապետ ու համատիրություն աշխատեն հստակ սխեմայով ու ծրագրով, ամեն մեկն իր մասշտաբով լուծելով խնդիրները:

Հայկ Մարությանը լավ է սկսել, եւ որպեսզի նա հաջողի, եւ մենք ունենանք նոր Երեւան, նրան պետք է աջակցեն բոլոր երեւանցիները՝ սկսած փողոցը չաղտոտելուց ու դալաններում չմիզելուց, վերջացրած առաջարկներով ու պահանջներով:

Երեւանի նորընտիր քաղքապետ Հայկ Մարությանը Նուբարաշենի աղբավայր է այցելել։

«Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ այցելում եմ այստեղ, ամեն կիրակի եւ հետեւում եմ այն աշխատանքներին, որոնք կատարվում են։ Այս պահին արդեն բավական մեծ տարածք հողով փակված է, որպեսզի համապատասխանի աղբավայրի նորմերին, ինչպես նաեւ աղբատար մեքենաները կարողանան նորմալ կերպով աղբը թափել եւ չվնասվել, ինչը մինչեւ այս տեղի էր ունենում»,- ասել է Հայկ Մարությանը։

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ ամեն շաբաթ անձամբ գալու եմ եւ ստուգեմ, որպեսզի տեսնեմ, թե այս աշխատանքներն ինչպես են կատարվում, ինչպես նաեւ հանձնարարություն եմ տվել, որ բացի ամենշաբաթյա ստուգումից լինեն պարբերական ստուգումներ լինեն, որպեսզի աշխատանքները կատարվեն պատշաճ որակով եւ հիմոնվին»,- ասաց Հայկ Մարությանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...