ԱՄՆ հրաժեշտ է տալիս հին Հայաստանին և անցնում հարաբերության գործնականացման փուլ

- in Վերլուծական
USA

ԱՄՆ պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ եւ արտահերթ ընտրությունից հետո հայ-ամերիկյան առեւտրի պալատի հաջորդ տարի տեղի ունենալիք նիստում նորովի կդիտարկվի երկու երկրների միջեւ փոխհարաբերության զարգացումը:

Այդ մասին Երեւանում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը: Նա Հայաստանում է ռեգիոնալ այցի շրջանակում եւ հանդիպել է Հայաստանի ղեկավարության հետ: Քեննեթը հայտարարել է, որ ԱՄՆ պատրաստ է Հայաստանի հետ աշխատել տնտեսության դիվերսիֆիկացման, նոր աշխատատեղերի ստեղծման, նոր որակի մասնագետների պատրաստման գործում:

Հայ-ամերիկյան հարաբերության հիանալի ապագայի մասին այս օրերին հայտարարել էր նաեւ Հայաստանում իր դիվանագիտական աշխատանքն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: Դեսպան Միլզը բարձր էր գնահատել Հայաստանում փոփոխությունների նշանակությունն ու արձանագրել նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանը փողոցի, հրապարակի առաջնորդից աստիճանաբար դառնում է պետական առաջնորդ, դառնում է ավելի վստահ եւ մտավախությունը, թե արդյոք կլինի այդ սահուն տրանսֆորմացիան՝ չեզոքանում է:

Փաստացի ստացվում է այնպես, որ ընթացիկ շաբաթը վերածվում է հին Հայաստանին Միացյալ Նահանգների հրաժեշտի շաբաթի: Հրաժեշտ է տալիս դեսպան Միլզը, գնահատելով ու արձանագրելով Հայաստանում փոփոխությունների հուսալիությունն ու կայուն ընթացքը, Հայաստան է այցելում եւ աշխատանքի պատրաստակամության մասին հավաստիացնում, նոր հարաբերության ակնկալիք հայտնում փոխպետքարտուղարի տեղակալը, իսկ շաբաթավերջին սպասվում է ծանր հրետանու՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական, ամերիկյան քաղաքականության «պատրիարքներից» մեկի՝  Ջոն Բոլթոնի այցը:

Բոլթոնը այցելում է Ռուսաստան, Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Ինչպես դեսպան Միլզն էր նկատել, Բոլթոնը ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ վերջին 4-5 տարիներին այցելում է Հայաստան: Վերջինը թերեւս Հիլարի Քլինթոնն էր, որ Հայաստան էր այցելել պետքարտուղարի պաշտոնում, ի դեպ՝ ԱՄՆ անկախության օրը:

ԱՄՆ հրաժեշտ է տալիս հին Հայաստանին եւ նոր Հայաստանի հետ ծանոթության փուլից փաստացի անցնում հարաբերության գործնականացման փուլ: Միեւնույն ժամանակ, Նահանգներն իհարկե բավական գործնական հարաբերություն է ունեցել հին Հայաստանի հետ եւ ավելին, ունեցել է որոշակի անուղղակի ներդրում՝ տարիների աշխատանքի եւ տարաբնույթ օժանդակության տեսքով, որպեսզի Հայաստանում ձեւավորվի ու հասունանա այն միջավայրը, երբ անգամ հեղափոխական փոփոխությունը կլինի սահուն ու անցնցում:

Ընդ որում, այստեղ խնդիրն իհարկե նույնիսկ քաղաքական օժանդակությունը չէ, այլ տարբեր այլ ոլորտներում՝ տնտեսությունից մինչեւ հանրային համակեցության տարբեր այլ ոլորտներ, մշակութային ուղղություններ, որոնք նպաստել են Հայաստանում նոր միջավայրերի, նոր մտածողության, նոր մթնոլորտի ձեւավորմանը, ու չնայած իշխանության խիստ ցածր, գրեթե զրոյական լեգիտիմության առկայությանը, այդուհանդերձ բերել են հանրություն-իշխանություն հարաբերության նոր աստիճանի, որն էլ խոշոր հաշվով ձեւավորել է անգամ հեղափոխական փոփոխության սահուն ընթացքի խորքային գրավականները՝ ընդ որում թե հանրային, թե իշխանական դաշտերում:

Բանն այստեղ ամենեւին «դավադրապաշտության» հնարավոր ու անհնար տեսությունները չեն, այլ պարզ քաղաքական իրողությունները, որոնք գործնականում բոլոր աշխարհքաղաքական կենտրոնների համար էին Հայաստանում հեղափոխական, արմատական փոփոխությունների հանխուսափելիությունը դարձրել տեսանելի ապագայի օրակարգային դիտարկման նյութ, անգամ Ռուսաստանի համար, որը դիտվում է իբրեւ հետխորհրդային տարածությունում հեղափոխությունների թշնամի:

Պարզապես Հայաստանի իրավիճակը, նախորդ համակարգի ստագնացիոն ռեժիմն ու բնույթը բոլորի համար էին ավելի ու ավելի հստակ դարձնում, որ անխուսափելի է դառնում աղետը, իսկ քանի որ Հայաստանը աշխարհի հեռավոր մի անկյունում ընկած տարածք չէ, այլ կարեւորագույն ռեգիոնում առանցքային նշանակություն ու հեռանկար ունեցող սուբյեկտ, այդ աղետը բերելու էր լրջագույն խնդիրների աշխարհքաղաքական մասշտաբով:

Նաեւ դա է գործնականում պատճառը, որ արտաքին հարցերի առնչությամբ բավական գրագետ մշակված օրակարգով թավշյա գործընթացը տեղի ունեցավ եւ շարունակում է իր ամբողջական ավարտին ընթանալ աշխարհքաղաքական յուրահատուկ եւ գրեթե բացառիկ փոխհամաձայնության պայմաններում, չնայած դրա կողմերի ավելի լայն շրջանակով առկա սուր դիմակայությանը:

Այդ իմաստով սակայն, այդ կոնսենսուսը հետհեղափոխական շրջանում կարող է լինել մարտահրավեր, եթե հանկարծ նոր Հայաստանը մտածի, որ հնարավոր է «մակաբուծել» այդ կոնսենսուսի վրա: Այդ տեսանկյունից շատ կարեւոր է, թե բովանդակային ինչ գործնական առաջարկներ ու նախաձեռնություններ կբերի Հայաստանը տարբեր ուղղություններով հարաբերությունների օրակարգ, այդ թվում հայ-ամերիկյան:

Please follow and like us:
18642