ԱՄՆ-ՌԴ. Ուր կհասնի Փաշինյանը ակտիվ մանևրի սկզբունքով

- in Հրապարակ

Հայաստանի ղեկավարը հատում է երկրի եւ գերտերությունների միջեւ տասնամյակներ առաջ գծած «կարմիր գծեր».

ԱՄՆ եւ Ռուսաստանը, ի դեմս դեսպանի եւ ԱԳՆ խոսնակի, փոխեփոխ հսկում են Հայաստանին՝ երկրի ներքին գործերի մեջ ախոյան գերտերության միջամտությունը կանխելու նպատակով: Հուսանք, որ աննախադեպ գեղեցկության այս նախաձեռնությունը կունենա իր շարունակությունը եւ կվերածվի բարի ավանդույթի: Փոքր ինչ խանդոտ, բայց սիրող զույգի եւ խնամքի կարոտ «եռյակի» միջեւ կառուցված զվարճալի միզանսցենի հետեւում, սակայն, թաքնված են իրապես դրամատիկ հանգամանքներ:

Ի՞նչ է մակերեսին: ԱՄՆ տեղեկություն է տարածում հակակոռուպցիոն օժանդակության բազմամիլիոն տրցակի վերաբերյալ, իսկ Ռուսաստանը նորից ու նորից հիշեցնում իր եղբայրական սիրո մասին, որից, անպաշտոն ռուսական պնդումների համաձայն, «պրծնելու ոչ մի հնար չկա»: Սա Հայաստանի հանդեպ վաղուց ծանոթ վարվելակերպ է: Նորն այն է, որ գերտերությունների արտքաղաքական պաշտոնյաները սկսել են բարձրաձայն բողոքել միմյանցից եւ, միաժամանակ, նախատել Հայաստանին՝ բերանը բաց դեսուդեն նայելու համար:

Հայաստանի պատճառով մեծամեծների փոխադարձ բողոքներ անցյալում եղել են, բայց միայն մամուլի մակարդակի վրա: Նույնը կարելի ասել Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքաքանության մասին երկու երկրներում հրապարակվող խրրախուսական կամ պախարակիչ կարծիքների մասին: Մինչդեռ, թե «ավագների» փոխադարձ բողոքը, թե խանդոտ նախատինքը «կրտսերին» այս եռյակի մեջ պաշտոնյաների կատարմամբ պատահում է առաջին անգամ: Անշուշտ, Մարիա Զախարովայի հայտարարության մեջ չկար ուղիղ դիմում Հայաստանին, սակայն դա կարելի էր կարդալ թե տողամիջյան, թե տառամիջյան արանքներում: Հիասթափությամբ էին լի նրա աչքերը նաեւ [1]:

Մեկնաբանների հայացքից չի վրիպել եռյակ բանավեճին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի միանալը, ինչը նույնպես աննախադեպ երեւույթ է այս համատեքստում: Խոսել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վերջին երկուսը, պոկեր խաղացողի անթափանց դիմակները երեսին պահած, «փաս են իջել», ինչը միայն լարել է պիեսի ինտրիգը:

Ո՞վ է հայերիս համար այս անսովոր եռանկյունու ճարտարապետը եւ ո՞ր ուժն է ապահովում դրա կայուն սիմետրիան եւ դրսեւորումների գեղեցկությունը: Առաջին հարցի պատասխանը ակնհայտ է, քանի որ բացակայում է երեւույթի նախադեպը: Հայաստանի շուրջ ԱՄՆ-ՌԴ թեժ բանավեճը ծայր է առել 2018 Թավշյա հեղափոխությունից հետո, ուստի նախաձեռնողը Նիկոլ Փաշինյանն է, ինքն էլ՝ հիմնական, հրապարակային մասնակիցը Հայաստանից, ինչը խոստանում է հետաքրքիր զարգացումներ:

Հարցերից երկրորդը ավելի բարդ է, այն առումով, որ դրան առնչվող խնդիրները տասնամյակներ շարունակ ներկայացվել են իրողությունից կտրված: Եթե կարճ՝ կասկածից վեր է, որ եռանկյունու կայունությունը ապահովող գործոնը դինամիկ է, ոչ թե դիրքային: Իսկապես, հանրապետության նախորդ երեք ղեկավարներն էլ հայտավորել են բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնելու իրենց ցանկությունը: Խոսքն անշուշտ երկվեկտոր՝ ԱՄՆ-ՌԴ ուղղությունների մասին է եղել: Երեք նախագահներն էլ ընկել են հստակ մեկ՝ ռուսական կողմի թեքումը ընդունած: Ընդ որում, Հայաստանի շուրջ գերտերությունների որեւէ բանավեճ, համենայն դեպս հրապարակային եւ պաշտոնական, չի եղել: ԵՄ-ԵԱՏՄ քեյզը պարզագույն հանգուցալուծումն ունեցավ: Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, նախագահները ձգտել են ապահովել չեզոքությունը առկա իրավիճակում ճիշտ դիրքավորման շնորհիվ, առանց իրավիճակի վրա որեւէ կերպ ազդելու փորձի: Չի հաջողվել:

Առավել բաց, անկեղծ կերպով այդ մարտավարությունը արտահայտել է նախագահ Սերժ Սարգսյանը, ասելով, թե Հայաստանի հավատամքն այն է, որ աշխարհի մեծերը վեճ չունենան երկրի շուրջ, եւ այն բարգավաճի խաղաղությամբ շրջապատված [2]: Այլընտրանքը Ցյուրիխյան պրոցեսն էր, որի հնարավորությունները, սակայն, հարկ էր բացահայտել եւ զարգացնել Սարգսյան-Դավութօղլու ինտենսիվ երկխոսության, բազմակողմ շահագրգռությունների դինամիկ համադրության միջոցով, ինչը բնավ չարվեց: «Հարեւանների հետ զրո խնդիր» թրքական կոնցեպցիայի հաջողության բանալին հայկական պայմաններով նախագահ Սարգսյանի ձեռքին էր: Այդպես էլ մնաց անբան:

Փաշինյանը մերժում է փոփոխական իրողության մեջ «ճիշտ» դիրք զբաղեցնելու բացառապես կրավորական մարտավարությունը [ա] եւ հավելում է այն իրադրության վրա ազդեցություն գործելու նախաձեռնությամբ [բ]: Առկա արդյունքը կարելի է լսել Մարիա Զախարովայի ձայնի ելեւէջների մեջ: Նույն տպավորությունն է նաեւ նրա ախոյան Ռիչարդ Միլլզի բառերից [3], [4]: Զարմանք, հույս, խանդ, հիասթափություն, ինչու չէ՝ թաքուն կիրք: Իսկական դրամա «փոքրիկ» Հայաստանի շուրջ: Ավելորդ է ասել, որ այսպիսի ոճականությունը պահանջում է բացառիկ ջանքի եւ բացառիկ հմտության դրսեւորում:

Բազմաբեւեռ համակարգում դինամիկ մանեւրման շահն այն է, որ հաջողության դեպքում կարելի է օգտագործել բեւեռ-ախոյանների՝ միմյանց դեմ զարգացրած եռանդը ի նպաստ վիճահարույց որեւէ սեփական փորացավի լուծման: Որդեգրած [ա]+[բ] մոտեցումը, որ բավականին խորթ է հայ մենթալիտետին, պահանջում է շրջապատի կարծրացած պայմանների խախտում, կամ ինչպես ասում են «կարմիր գծերի» հատում [5]: Հատումներ արդեն տեղի են ունեցել եւ դեռ լինելու են, ինչը առաջացնում է դրանց հատ-հատ եւ համատեղ դիտարկման անհրաժեշտություն:

Պավել ԴԱԼԼԱՔՅԱՆ

Քաղաքական մեկնաբան, Մոսկվա

[1] МИД России прокомментировал заявления посла США в Армении
https://blognews.am/rus/news/569284/mid-rossii-prokommentiroval-zayavleniya-posla-ssha-v-armenii.html

[2] ՀՀ Նախագահի հարցազրույցը EFE գործակալությանը
https://armenpress.am/arm/news/882527/hh-nakhagahi-harcazruycy-efe-gortsakalutyany.html

[3]  Посол США: Ереван должен отреагировать на заявления Москвы
https://eadaily.com/ru/news/2018/09/05/posol-ssha-rasporyazhaetsya-erevan-dolzhen-otreagirovat-na-zayavleniya-moskvy

[4] U.S. Ambassador Mills: I Leave Inspired and Hopeful
https://www.evnreport.com/politics/u-s-ambassador-mills-i-leave-inspired-and-hopeful

[5] Пашинян в ООН заявил о возможном геноциде
http://www.ng.ru/cis/2018-09-27/100_pashinyan.html

Spread the love
  • 17
    Shares