Արթուր Վանեցյանը, երբ երկու շաբաթ Հայաստանը գտնվելու է բավականին արտառոց իրավիճակում

- in Ով ով է ...

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը այսօր հայտարարել է, որ Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի պատվիրատուին: Վանեցյանը հայտարարել է, որ արտաքին գաղտնալսման վարկածը չեղարկված է, և գաղտնալսողն ու պատվիրատուն, այսպես ասած, ներսից են:

Ավելին, նա հայտարարել է, որ լայն հանրությանը հայտնի մարդ է, իսկ նպատակն էր հասնել իր հրաժարականին: Վանեցյանն ասել է նաև, որ գաղտնալսողը ԱԱԾ-ից չի եղել:

Միևնույն ժամանակ ԱԱԾ պետն ասել է, որ պատվիրատուին պարզելով հանդերձ՝ այդուամենայնիվ, դժվար է այս փուլում պատվիրատուի հարցում հասնել իրավաբանորեն, այսպես ասած՝ փաստաթղթավորված ապացույցների: Արթուր Վանեցյանն ասել է, որ պատվիրատուն պարզված է, այսպես ասած, օպերատիվ տեղեկությունների մակարդակում: Այդպիսով, ԱԱԾ պետ Վանեցյանը փաստորեն ազդարարել է գաղտնալսման գործի ըստ էության բացահայտման մասին, որը, սակայն, դե ֆակտո վերածվում է ինչ-որ կերպ ներքաղաքական ներկայիս շրջափուլում, այսպես ասած, Դամոկլյան սրի, որը կախված է առայժմ անանուն շրջանակի գլխին, որի անունը գիտի փաստորեն իշխանությունը և կարող է, այսպես ասած, կռահումների տեսքով ունենալ կամ ենթադրել հասարակությունը:

Հատկանշական է, որ ԱԱԾ պետն այդ մասին ազդարարում է հենց հոկտեմբերի 16-ին, երբ սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հրաժարականը, այդպիսով՝ ԱԺ լուծարման գործընթացի մեկնարկը, երբ երկու շաբաթ Հայաստանը գտնվելու է բավականին արտառոց մի իրավիճակում: Այդ ժամանակի համար հնչում են մտահոգություններ, վտանգների և ռիսկերի մասին դատողություններ, որոնք վերաբերում են նախկին իշխող համակարգի, այսպես ասած, հնարավոր ռևանշային քայլերին:

Իհարկե ակնառու է, որ այդ վտանգներն ու ռիսկերը տեսականում լինելով հանդերձ՝ պրակտիկորեն դրանք բացառվել են դեռևս հոկտեմբերի 2-ի երեկոյան իրադարձություններից: Սակայն, այդուհանդերձ, անկասկած է նաև, որ արտառոց իրավիճակում իշխանությունն ու թավշյա հեղափոխության գործընթացը ունեն համակողմանի պաշտպանվածության և ապահովագրվածության անհրաժեշտություն, և հատկանշական է այդ առումով, որ Փաշինյանի հրաժարականից մի քանի ժամ առաջ ԱԱԾ պետը անում է հայտարարություններ՝ կապված գաղտնալսման գործի և դրա պատվիրատուի հետ, և կախում է թուրը ինչ-որ մեկի գլխին՝ ըստ էության ցույց տալով, որ գալիք երկու շաբաթներին վտանգը իրականում ոչ թե հասարակության գլխին է կախված, այլ այն շրջանակների կամ շրջանակի, որոնք կարող են մտածել հասարակության շահը վտանգելու և թավշյա հեղափոխության ամբողջական ավարտը ընդհատելու մասին:

Ընդ որում, այս դեպքում թերևս երկշաբաթյա ժամանակահատվածը, այսպես ասած, առաջին փուլն է, քանի որ թուրը կախված հնարավոր է համարել երևի թե մինչև դեկտեմբեր: Հարցն այն է, թե ինչ կլինի կախված թրի հետ դրանից հետո:

Spread the love