Արմավիրում ինչպիսի՞ն են տրամադրությունները, ով ում է ընտրելու …

- in Ընտրություններ
Yntrutyun

Արմավիրի մարզկենտրոն քաղաքում հոկտեմբերի 21-ին քաղաքապետի ընտրություններ են, որտեղ առաջադրվել են և ընտրապայքարում են 4 թեկնածուներ:

Ինչպես արդեն հայտնել ենք, քարոզարշավի չորրորդ օրը՝ 12.10. մենք այցելել էինք Արմավիր քաղաք և զրուցել արմավիրցիների հետ՝ պարզելու համար, թե ի՞նչ սպասելիքներ ունեն թեկնածուներից, ո՞ւմ են նախընտրում: Միևնույն ժամանակ իհարկե հարցազրույցներ ենք վարել թեկնածուներից ՔՊ-ի պաշտպանությամբ, քաղաքապետի ԺՊ – թեկնածու Դավիթ Խուդաթյանի Տես՝ այստեղ և անկուսակցական Սևակ Մինասյանի հետ Տես՝ այստեղ:

Թեկնածուներից Օհան Հարությունյանի նախընտրական շտաբը, մեր տպավորությամբ, հիշեցնում էր ոչ վաղ անցյալում ՀՀԿ-ի ենթաշտաբները՝ այնտեղ ու դրա շուրջ հավաքվածների կերպարներով, թեկնածուի խուսափողականությամբ, շտաբի պետին պաս տալով, շտաբականների հանդեպ իբրև ՀՀ քաղաքացիներ, էլ չենք ասում՝ մեր անարժանապատիվ վերաբերմունքով: Այնուամենայնիվ՝ մեզ հաջողվեց կարճ զրույց ունենալ Օհան Հարությունյանի շտաբի պետ Արմեն Հակոբյանի հետ, ով բացի ընդհանուր մտքերից ու լղոզված արտահայտություններից, օրինակ, մեր հարցին, թե ճի՞շտ է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են պաշտպանում ձեր թեկնածուին, ասաց, թե՝ բացառված է, մենք անգամ չենք ուզում, որ որևէ կուսակցություն մոտ գա ու պաշտպանի, ավելին՝ լրատվամիջոցին փոխանցելու, ըստ էության, ոչինչ չուներ, իսկ հարցազրույցից հետո անգամ խնդրեց ու մինչ օրս ճշտում է, թե չասված – ասվածն ում անունից են ցանկանում գրել, ճշտում են ու չի ճշտվում:

Ժիրայր Աբրահամյանի շտաբի մասին թերևս միայն ցուցանակն է հուշում, այն պարզապես պտուղ – բանջարեղենի փոքրիկ խանութ է, որտեղ արկղերի միջև կանգնած էլ կարճ զրույց ունեցանք թեկնածուի հետ, ում միակ արժանիքը, պարզվում է, այն է, որ գերդաստանով՝ եղբայրներով, հորեղբոր, մորաքրոջ ու քեռու ու հորաքրոջ տղաներով շատ – շատ են Արմավիրում ու բոլորը, բնականաբար, ընտրելու են իրենց հարազատին: Թեև՝ մեր հարցումները Արամավիրի փողոցներում ու զբոսայգում, այլ բան են հուշում, սակայն այդ մասին քիչ ուշ: Իսկ Ժիրայր Աբրահամյանի հետ զրույցում պարզվեց, որ նրա եղբայրներից մեկը ժամանակին ՕԵԿ-ական է եղել ու ինքը գոնե լավ գիտի, թե ժամանակին ինչպես են տեղի ունեցել ընտրությունները՝ և՛ համապետական, և՛ տեղական ինքնակառավարման …

Արմավիրի զբոսայգու խաղատաղավարներում հավաքվածները, որ մեկի մերժումից հետո բոլորը խոսքները մեկ արած չցանկացան ներկայանալ, Հայաստանում թավշյա և ժողովրդական հեղափոխությունից հետո ոչ մեկի հետ հույսները չեն կապում, բացի Նիկոլ Փաշինյանից: Դա նշանակո՞ւմ է, որ իրենց քաղաքում էլ ընտրելու են ՔՊ-ական թեկնածու Դավիթ Խուդաթյանին, նրանք գրեթե միաձայն պատասխանեցին, կամ՝ մեկն ասած. Բա, էլ ո՞ւմ, իսկ մյուսները՝ գլուխները տմբտմբացրեցին:

Մեր փորձն էլ՝ հարցումներ իրականացնելու հարցում, մեկ անգամ չէ, որ պարզել է, որ խմբակայիններն անհուսանելի են ու մեկը մյուսի ազդեցության տակ ընկնող: Ուստի՝ առաջնորդվեցինք մեր մշակածով:

Քառահարկ շենքի նկուղային հարկում մայրը կանգնած, դստրերն ու հարևան կանայք <զակատներն> էին բերում, նա էլ՝ Հռիփսիմե Գրիգորյանը, կամ՝ տիկին Հռիփսիկը, յուրահատուկ ոգևորվածությամբ ու յուրաքանչյուր ապակե տարրան յուրահատուկ փաղաքշանքով սրբելով տեղավորում էր <թախչեքի> վրա: Երբ ընտրություններից հարցրեցինք՝ ձեռաց գովելով կատարված աշխատանքը, սկզբում մի զննող հայացքով անցավ երկու աղջիkներիս վրայով, ապա շուռ եկավ դստեր կողմը, թե բալես, Արմինե ջան, մի սրանց պատասխանի, ես մանկապարտեզի աշխատող եմ՝ չնեղեն: Արմինեն իհարկե շատ բան չուներ ասելու, բացի՝ քաղաքը լավ նայեն, հանցագործությունները պակասի, մաքուր լինի … ինչը դույզն-ինչ չբավարարեց մայրիկին ու մյուսներինհերթական բանկաների հետևից ճամփելով, սկսեց. Հիմա ես չեմ՝ դուք եք, կասե՞ք, ում ընտրել՝ Նահոյի թուլային, դատախազի տղին, ջահել սովխոզցուն, թե՝ անճարին: Խնդրեցինք՝ անունները տալ ըստ նշանակության. Դուք տենց գրեք, հոկտեմբերյանցիք սաղ էլ գիտեն ով ով է … Վերջը՝ մեկին ընտրելու, թե՝ չեն գնալու ընտրության՝ հարցրեցինք. Օրը կգա, բարին հետը, մի բան կանենք, չարյաց փոքրագույնին կընտրենք …

Հարևան բակում՝ մեքենան փայլացնող տղամարդը՝ Գաբրիել Ղորղանյանը գիտեր, որ Դավիթ Խուդաթյանին չի ընտրելու, որովհետև հոկտեմբերյանցի չի, ինչին, ի դեպ, անդրադարձել են էլի ոմանք՝ մեր զրուցակիցներից /այդ մասին թեկնածուն պարզաբանել է իր հարցազրույցում – ՄԻՏՔ/, Օհան Հարությունյանին չի ընտրելու, որովհետ հա՛մ ինքը, հա՛մ շրջապատը նախկին իշխանության ներկայացուցիչ – քրեաօլիգարխներ են, Ժիրայր Աբրահամյանը՝ հաշիվ չի, Սևակ Մինասյանն էլ մի անգամ ընտրապայքարին մասնակցել ա, բայց ձենները պահել չի կարեցել … Այսքանն են թեկնածուները, ինչպես մենք հակադարձեցինք՝ այնուամենայնիվ, ընտրության գնալո՞ւ եք, ասաց. Կմտածեմ դեռ, տեսնենք՝ ով ինչ է ասում …

Մյուս զրուցակիցներս պարզապես անցորդներ էին, որոնցից իհարկե հետաքրքիր զրուցակիցներ կային, կոնկրետ կողմնորոշվածներ, հանուն Նիկոլ Փաշինյանի ընտրողներ, ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանի աջակից երիտասարդություն և … ոչ միայն, Օհան Հարությունյանի կողմնակից՝ ջիփազգիներ ու տարեցներ, Սևակ Մինասյանի կողմնակից՝ միջին տարիքի ու ավելի երիտասարդներ, փոքրիկ կրպակատերեր, ովքեր ինչպես միշտ, դժվարանում կամ՝ անցանկալի են համարում անուններ տալ:

Իսկ ահա Ժիրայր Աբրահամյանին քվե տվողների այդպես էլ չհանդիպեցինք, թերևս՝ իսկապես նրան ընտրողները շատ նեղ ու հարազատական շրջանակներում են: Միայն մեկը՝ Նորո Դանիելյանը, հանգամանալից վերլուծելով բոլոր թեկնածուներին ու պիտակավորելով յուրաքանչյուրին, ասաց, թե համոզված է, որ այս անգամվա ընտրությանն անգամ հարազատ եղբայրը կարող է իր ձայնը չտա եղբորը, էլ ուր մնաց, որ Ժիրոյի սաղ հարազատությունն իրան ընտրի, տենց անում էին՝ Սերժոյի – Սերժիկ Սարգսյանի օրոք:

ՄԻՏՔ – Մեր հարցմանը մասնակցել են մոտ 200 արմավիրցիներ, ըստ որոնց արդյունքները կհրապարակենք, պաշտոնականին զուգահեռ: Այն ժամանակ հետաքրքիր կլինի, թե որքանո՞վ է փոփոխություն եղել այսքան ժամանակահատվածի ընթացքում … Իսկ զրուցակիցներիս պիտակավորումների ու առավել անկեղծ բնորոշումների մասին՝ գուցե դեռ կանդրադառնանք:

Տաթևիկ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ

Գոհար ՓԻԼԻՊՈՍՅԱՆ

Spread the love
  • 120
    Shares