Բաքուն կրկին փորձում է գործընկեր գտնել Հայաստանում

- in Միջազգային
Ilham Aliev

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասում է, թե հույս ունի, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո Հայաստանի իշխանությունը կհասկանա, որ երկրի զարգացման համար այլընտրանք չկա, քան «Ադրբեջանի գրավյալ տարածքներից զորքը դուրս բերելը»:

Ադրբեջանը Արցախի հարցում ինտենսիվ բանակցություն էր ակնկալում ապրիլին Հայաստանում «ընտրություններից» հետո, ակնկալելով, որ Սերժ Սարգսյանը «երրորդ ժամկետի» ներքին լեգիտիմության բացակայությունն արտաքինով փոխարինելու համար պատրաստ կլինի գնալ լուրջ զիջումների, ինչպես 2008 թվականին ֆուտբոլային դիվանագիտության հարցում:

Սակայն, Սերժ Սարգսյանը զիջեց իշխանությունը, տհաճ անակնկալ մատուցելով ինտենսիվ բանակցության ակնկալիքով հոկտեմբերին կայանալիք հերթական նախագահական ընտրությունն ապրիլ տեղափոխած Ալիեւին, որն ըստ երեւույթին պատրաստվում էր այդ միջոցով ազատվել ավելորդ բեռից եւ պատրաստվել Հայաստանի հանդեպ ռազմա-հոգեբանական շանտաժի:

Ընդ որում, ինչ որ առումով Բաքվի մոտ դա ստացվում էր, նաեւ հայաստանյան նախորդ իշխանության որոշակի շրջանակների աջակցությամբ, որոնք Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո փորձում էին Հայաստանում գեներացնել միտքը, թե նոր իշխանությունը կամ նոր վարչապետը չի կարող ապահովել անվտանգությունը, կան խնդիրներ արտաքին բոլոր, այդ թվում ռուսական ուղղությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ գալիս է «տարածք հանձնելու»:

Փաշինյանին հաջողվեց չեզոքացնել այդ ամենը, կարգավորել արտաքին հարաբերությունները, մասնավորապես առաջին հերթին Ռուսաստանի հետ, եւ ավելին՝ հստակորեն դնել Հայաստանի ու ռեգիոնալ անվտանգության համար Ռուսաստանի պատասխանատվության հարցը, ինչը վկայում էր, որ այդ խնդրում Մոսկվայի հետ հարաբերության առումով Երեւանը դուրս է եկել որոշակի նոր նշաձողի: Ընդ որում, դա գուցե հաջողվել էր ոչ միայն ներքին բարձր լեգիտիմության, այլ Մոսկվայի խնամակալությունից հրաժարվելու շնորհիվ: Այսինքն, Երեւանը Ռուսաստանի առաջ դրել է բացառապես ռազմա-քաղաքական խնդիր, որը խորքային առումով բխում է երկուստեք շահից՝ հավատարմություն Հայաստանի հանդեպ անվտանգային պարտավորությանը, եւ ոչ մի այլ խնամակալական հայց Երեւանից:

Հայաստանի հանդեպ ռազմա-հոգեբանական ճնշմանը Ռուսաստանի իշխանությանը, մասնավորապես ՌԴ նախագահին ներգրավելու հարցում Ադրբեջանը չունեցավ նույն հաջողությունը, ինչ ունեցավ այդ հարցում Հայաստանից որոշակի նախկին համակարգային սեգմենտներ ներգրավելու տեսանկյունից՝ նրանց կամա թե ակամա ներգրավվելու առումով:

Բանն այն է, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունն ու նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունը նոր տրամաբանություն տեղափոխելու հանգամանքը Ռուսաստանին տվել է Հայաստանի հարցում մտավախություն չունենալու, միաժամանակ Ադրբեջանի հարցում ավելի ամուր դիրք ունենալու հնարավորություն, հաշվի առնելով, որ ի դեմս Ադրբեջանի Մոսկվան գործ ունի նաեւ իր «ոխերիմ բարեկամներ» Թուրքիայի եւ Իսրայելի հետ, գումարած նաեւ Իրանը:

Բաքուն փորձում էր նախագահի ապրիլի արտահերթ ընտրությամբ ժամանակն առաջ տալ, բայց Հայաստանում ապրիլյան զարգացումները ժամանակից հետ գցեցին Ադրբեջանին:

Միաժամանակ թե Արեւմուտքից, թե Ռուսաստանից Բաքվին ուղղվեցին «նավթագազային» բոնուսների մասին ակնարկներ, ինչը սակայն գործնականում նշանակում է «պատերազմ արդյունահանողի» կարգավիճակից հրաժարում, քանի որ միայն այդ դեպքում Ադրբեջանը կկարողանա ակնկալել էներգետիկ կայուն գործընկերություն, առանց որի լրջագույն խնդիրների առաջ կարող է հայտնվել Ադրբեջանի տնտեսությունը եւ ֆինանսական համակարգը, որն արդեն իսկ ունեցել է մի քանի լուրջ ցնցում:

Հայաստանում խորհրդարանի ընտրությունից առաջ Բաքուն թերեւս կրկին փորձում է գործընկեր գտնել Հայաստանում, կամ խաղընկեր, թեմա հուշելով խորհրդարանի արտահերթ ընտրությունից առաջ Նիկոլ Փաշինյանի դեմ հնչեցնելու համար: Ո՞վ կխաղարկի արտահերթ ընտրությունից առաջ Նիկոլ Փաշինյանի դեմ Ադրբեջանի նետած գնդակը:

Spread the love