Բուռն բանավեճից հետո ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին

- in Ընտրություններ

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների  պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քննարկմանը ներկա հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն կողմ քվեարկեցին նախագծին:

Քվեարկությունից առաջ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը հայտնեց, որ ինքը հանձնաժողովի նիստում  կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ իրենք կոնցեպտուալ առումով կողմ են փոփոխություններին: «Մենք լիագումար նիստի ընթացքում կներկայացնենք մեր առաջարկները և կարտահայտենք մեր դիրքորոշումը քվեարկության միջոցով»,-  ասաց նա:

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը ևս կոչ արեց բոլորին կողմ քվեարկել նախագծին: «Ես նույնպես առաջարկում եմ, որպեսզի բոլորը կողմ քվեարկեն նախագծին, որպեսզի հաջորդ ընտրական ցիկլը լինի վստահելի և երաշխավորված բոլոր խնդիրների հաշվառմամբ, որ մենք քննարկեցինք»,- նշեց Կոստանյանը:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բուռն քննարկման թեմա դարձավ Ընտրական օրենսգրքի նախագծում ամրագրված կայուն մեծամասնության հարցը: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նկատեցին, որ նախագծում ձևակերպումներն այնպես են, որ մեծամասնություն կազմող ուժը կարող է միանձնյա հաստատել կամ մերժել սահմանադրական օրենքները: Խոսքն այն օրենքների մասին է, որոնք սահմանադրական օրենքներ են և որոնց հաստատման համար անհրաժեշտ է երկու երրորդի քվեարկությունը:

Այ հիմա դուք առաջարկում եք, որ առնվազն չորս կուսակցություն մուտք գործի պառլամենտ, որպեսզի ապահովեք բազմակարծություն, բայց միաժամանակ որոշումների կայացման և երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող որոշումների կայացման համար սահմանում եք այնպիսի շեմ, որ եթե անգամ 20 կուսակցություն էլ պառլամենտում ներկայացված լինի, դա չի ազդելու որոշման կայացման գործընթացի վրա: Այնպիսի իրավիճակ եք ստեղծել, որ մեկ է միայն մեկ ուժն է միայնակ որոշելու՝ Սահմանադրություն փոփոխի, թե ոչ: Հետևաբար, պառլամենտարիզմի և բազմակարծության փաստացի իրագործումը պառլամենտում վտանգի տակ է,- ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին դիմեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

Զեյնելյանն ի պատասխան ասաց, որ երկու երրորդը բացարձակ սկզբունք չէ, երաշխավորված չէ: Երաշխավորված է քաղաքական կայուն մեծամասնությունը՝ 54 տոկոսը: “Եվ երկու երրորդ կլինի Ազգային ժողովում քաղաքական մեծամասնությունը, թե ոչ, պայմանավորված է այդ քաղաքական ուժի վարկանիշով, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, որտեղ կամքը ձևավորվել է ազատորեն: Եվ մենք հիմա փորձում ենք ստեղծել մի մեխանիզմ, որը պետք է հակակշռի ժողովրդավարությանը՝ ապահովելու համար բազմակարծությունը”,- ասաց Զեյնալյանը:

Ժողովրդավարությանը հակակշռե՞լ,- զարմացավ Գևորգ Կոստանյանը:

Այո, այս մեխանիզմը հակակշռում է ժողովրդավարությանը: Եթե 90 տոկոս վարկանիշ ունի կուսակցություններից մեկը, մենք փորձում ենք դա նվազեցնել երկու երրորդից ավելի պակաս,- ասաց Զեյնալյանը:

Spread the love
  • 15
    Shares