Զախարովան ԱՄՆ դեսպանին մեղադրել է Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար

- in Միջազգային
Zakharova

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում իր գործունեությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի գնահատականները՝ որակելով դրանք միջամտություն Հայաստանի ներքին գործերին:

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Զախարովան անդրադարձել է Միլզի այն հայտարարությանը, որ ԱՄՆ դեսպանատունը տասնամյակներ շարունակ աջակցել է մի շարք խմբերի եւ Հայաստանի կառավարության մի շարք ներկայացուցիչների: 

«Ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտության մասին դեսպանը խոսել է առանց դույզն ինչ քաշվելու, ավելին՝ հպարտությամբ: Իբր, այս ամենն արդարացված է եւ պետք է բարի նպատակների համար՝ «Հայաստանը դարձնել ավելի արդար ու թափանցիկ հանրություն», – ասել է Զախարովան՝ ավելացնելով, որ ինչ-որ պահի դեսպանը հասկացավ, որ այլ տեղ է տանում ու շտկեց խոսքը՝ նշելով, որ տեղի ունեցած վերջին քաղաքական փոփոխությունները պայմանավորված էին ներքին պատճառներով: Դեսպանը խոսել էր նաև հայ ժողովրդի անբեկանելի կամքի ու փոփոխությունների մասին: «Արդարանալն ուշ էր, քանի որ առաջին մասը եթերում արդեն հնչել էր», – մեկնաբանել է Զախարովան:

Զախարովան մեկնաբանել է նաև Միլզի մտահոգությունը, որ «Հայաստանի կառավարությունում ոմանք անհրաժեշտ են համարում սահմանափակ միջոցները կենտրոնացնել բարձր տեխնոլոգիական սեկտորներում՝ դուրս բերելով գինեգործությունից, տուրիզմից, հանքարդյունաբերությունից»:  

«Եկեք որոշենք, այլ երկրների գործերին միջամտությունը լավ է, թե վատ», – արձագանքել է Զախարովան:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, անդրադարձը ԱՄՆ արդեն նախկին դեսպանի հայտարարությանը ունի ուշագրավ երանգներ ու տողատակ: Մասնավորապես, արդյո՞ք այդ գնահատականով, թե դեսպանը խոսել է Հայաստանի ներքին գործերին միջամտության մասին, ՌԴ ԱԳՆ խոսնակը համարում է, որ թավշյա հեղափոխությունն այդ «միջամտության» արդյունք է: Դա ուշագրավ է նրանով, որ նույն թավշյա հեղափոխության ընթացքում Կրեմլը պարբերաբար հայտարարում էր, որ դա Հայաստանի ներքին գործն է, և չի միջամտում ներքին գործին, որքան էլ Հայաստանի նախկին իշխանության տարբեր խմբեր այդ օրերին փորձում էին Կրեմլին օգնության կանչել թավշյա հեղափոխության դեմ պայքարում: Ընդ որում, Ռուսաստանից գործնականում մինչ այժմ էլ հնչել են հայտարարություններ կամ ակնարկներ, որ տեղի ունեցողը Հայաստանի ներքին գործն է:

Մյուս կողմից՝ ըստ երևույթին Ռուսաստանում այստեղ կա իսթեբլիշմենտի լուրջ տարաձայնություն և, այսպես ասած, ճեղքվածք: Օրինակ՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը կարող էր Հայաստանում Խաչատուրովի և Քոչարյանի հանդեպ իրավական գործընթացի մասով անել մի հայտարարություն՝ հայտնի գնահատականով, իսկ մեկ օր անց ՌԴ պաշտպանության փոխնախարարը Հայաստանում դա գնահատեր արդարադատություն և այլ մեկնաբանությունները համարեր ավելորդ: Մյուս կողմից՝ Ռուսաստանում այդ մոտեցումների բախումը ամենևին զարմանալի չէ թե՛ իր առկայության, թե՛ նաև Հայաստանում փոփոխությունների ֆոնին դրսևորման առումով: Ի վերջո, ռուսական հսկա մեքենայում նաև Հայաստանի հարցում միատարրության բացակայությունը ոչ միայն տարօրինակ չէ, այլ նաև մարտահրավեր լինելով հանդերձ՝ միաժամանակ և օգտակար հնարավորություն: Ի վերջո, միատարրությունը կարող էր բավականին բարդ վիճակ ստեղծել Հայաստանի համար ռուս-թուրքական մերձեցման առումով:

Այս տեսանկյունից ակնառու է, որ կան Հայաստանի հարցում հայկական շահին հակադիր տրամադրված շրջանակներ, այդ թվում՝ ռուսական ԱԳՆ-ում, և կան շրջանակներ, որոնք թույլ են տալիս ի պատասխան դրա աշխատել հայկական շահին համահունչ շրջանակների հետ: Սա ըստ էության ռուսական ուղղությամբ հայկական արտաքին քաղաքականության անքակտելի խնդիր ու աշխատանքային անհրաժեշտություն է միշտ, սակայն առավել ևս այժմ՝ նկատի ունենալով Հայաստանում, այսպես ասած, անցումային փուլը և խորհրդարանի լուծարման երկշաբաթյա գործընթացը:

Անկասկած է իհարկե, որ այդ գործընթացում Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին անվտանգության երաշխիքներ: Միևնույն ժամանակ, սակայն, հստակ է նաև, որ անցումային փուլում աշխուժանալու են նախկին համակարգի այն սեգմենտները, որոնք առավել աշխույժ են ներկայիս վերափոխումների դիմադրության փուլում: Իսկ այդ աշխուժության առավել ակտիվ ուղղություններից մշտապես եղել է Ռուսաստանը, և Զախարովայի հայտարարությունը թերևս ոչ այնքան խնդրահարույց է ինքնին, նա մշտապես ասում է ամենատարբեր բաներ, այլ որպես հնարավոր միտումների և ռիսկերի ազդակ, որ Հայաստանից կարող է անցնող երկու շաբաթների ընթացքում վերստին աշխուժանալ ռուսական տարբեր շրջանակների ուղղությամբ աշխատանքը և Հայաստանի վրա, այսպես ասած, «տղա բերելու» փորձը: Սա նշանակում է, որ ռիսկերի կառավարման ուղղությամբ Հայաստանի աշխատանքը պետք է աշխույժ լինի նաև այդ մասով՝ անհրաժեշտության դեպքում հակակշռելով այդ փորձերը ռուսական այն շրջանակների հետ աշխատանքով, որոնք ապահովել են Կրեմլի լոյալությունը Հայաստանում վերափոխումներում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այդ շրջանակների հետ տանել կանխարգելիչ աշխատանք:

Նիկոլ Փաշինյանին թավշյա հեղափոխության մեկնարկից մինչ այժմ հաջողվել է ապահովել Ռուսաստանի հետ հարաբերության հավասարակշռությունը՝ չնայած այն խախտելու թե՛ Հայաստանից, թե՛ նաև Ադրբեջանից արված ակնհայտ փորձերին: Այդ փորձերը կարող են աշխուժանալ այս 14 օրերին, և թերևս սա վերջին քննությունն է այդ իմաստով, որ պետք է անցնի հայ-ռուսական հարաբերության վերափոխման գործընթացը, ընդ որում՝ ոչ միայն Երևանի, այլ նաև Մոսկվայի համար կենսական գործընթացը:

Spread the love
  • 16
    Shares