Ըստ Քոչարյանի՝ Մարտի 1-ին իր դեմ գործել են ընդդիմությունը, բանակն ու ոստիկանությո՞ւնը

- in Վերլուծական
vostikanner

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ:

Այս կապակցությամբ մի հայտնի մտավորական կատակել էր, որ եթե այսպես գնա՝ Քոչարյանը դիմելու է ՀՔԾ՝ իրեն մարտի 1-ի գործով տուժող ճանաչելու վերաբերյալ:

Եվ ահա, Ռոբերտ Քոչարյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է, որ իր փաստաբանները Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու հայց են պատրաստում՝ կապված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքների հետ: Ընդ որում, նա ասել է, որ տվյալ դեպքում պարտադիր չէ անցնել ներքին բոլոր ընթացակարգերը:

Քոչարյանը Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է համարել սահմանադրական կարգի տապալման մասին հեռախոսազրույցը Հատուկ քննչական ծառայության պետի եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի միջեւ:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համար միայն այս փաստը միանգամայն բավարար է: Բուն քրեական գործը սարքած է, այնտեղ ոչ մի բան չկա: Ես սա անվանում եմ իրավական աղբ, դժվար է այլ բառ գտնել», ասել է Քոչարյանը:

Կատակը կատակ, բայց թերեւս հեռու չէ օրը, որ այս ընթացակարգերն անցնելով, Քոչարյանը դիմի արդեն ՄԻԵԴ՝ մարտի 1-ի գործով տուժող ճանաչվելու համար: Բանն այն է, որ մինչեւ հիմա իր հրապարակային հարցազրույցներում նա ոչ միայն հերքել է իր որեւէ քաղաքական, իրավական եւ այլ պատասխանատվությունը մարտի 1-ի համար, այլեւ արել է հայտարարություններ, որոնք կարող են «հիմք» դառնալ տուժող ճանաչվելու համար:

Մասնավորապես, նա ասել է, որ մարտի 1-ը ընդդիմության հրահրածն էր, որը դրանից հետո 10 տարի թունավորել է իրեն: Բացի այդ, Քոչարյանն ասել է, որ ինքը կապ չունի բանակի 0038 հրամանի հետ, չի իմացել, թե ինչ տեղաշարժեր են այդ օրերին կատարել բանակն ու ոստիկանության ուժերը:

Այսինքն, ըստ Քոչարյանի՝ իր դեմ գործել են ընդդիմությունը, բանակն ու ոստիկանությունը, չնայած նրան, որ ինքն է եղել գերագույն գլխավոր հրամանատարը: Նրանք իրականացրել են մարտի 1-ը, փորձելով պատասխանատվությունը բարդել իր վրա:

Թերեւս բավականաչափ փաստարկներ են այդ հարցով ՄԻԵԴ դիմելու համար, որտեղ այս օրերին մեկը մյուսի հետեւից վճիռներ են կայացվում մարտի 1-ին կալանավորված ու դատապարտված ընդդիմադիրների վերաբերյալ, Հայաստանին պարտավորեցնելով վճարել հազարավոր եվրոներ:

Spread the love
  • 19
    Shares