Ինչի համար, ինչ մասշտաբով և ում հետ պայմանավորվածության շրջանակում է կայացվել այդ որոշումը

- in Սոցիալական
eshelon ishxanutyun

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 3-ին խորհրդարանում հայտարարել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է վարչապետ չառաջադրել մայիսին արտահերթ ընտրություն անելու դեպքում, եւ իրենք այդ մասին են հայտնել Նիկոլ Փաշինյանին: ԲՀԿ-ն էլ հայտարարում, է, որ չունեն վարչապետի թեկնածու չառաջադրելու պաշտոնական որոշում:

Արդյոք ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պնդում են, որ դեմ են դեկտեմբերի արտահերթ ընտրությանն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում կառաջադրեն վարչապետի այլ թեկնածու, եթե դա տեղի ունենա դեկտեմբերի ընտրության հաշվարկով:

Բայց ամբողջ խնդիրն այստեղ այն է, որ չկա ՀՀԿ եւ ԲՀԿ, կան այդ անվանումներով ձեւաչափեր, որոնց ներսում սակայն բոլորովին այլ իրականություն է, եւ թե ՀՀԿ, թե ԲՀԿ պատգամավորները բացարձակապես պատկերացում չունեն, թե իրենք ինչ կասեն մի քանի ժամ անց, ինչին կընդդիմանան այսօր կամ ինչի հետ կհամաձայնեն վաղը:

Այդ քաղաքական ուժերը ստեղծվել են նախորդ իշխող համակարգում եւ միավորել տարբեր խմբերի, որոնք հետապնդել են ֆինանսատնտեսական շահեր: Այսպես ասած քաղաքական որոշում կայացնողների շրջանակը այդ մասով եղել է չափազանց նեղ, ընդամենը մի քանի մարդ: Մի քանի մարդ, որոնք միաժամանակ բացարձակապես չեն վստահել այն մարդկանց, որոնց դիտարկել են քաղաքական որոշումների եւ հանձնարարականների կատարող: Չեն վստահել հենց այն պատճառով, որ այդ մարդիկ առաջնորդվել են գերազանցապես ֆինանսա-տնտեսական շահով կամ լավագույն դեպքում զուգահեռ ունեցել են կարիերային հավակնություններ: Դա նշանակում է, որ նրանք կարող էին ցանկացած պահի ստանալ ավելի լավ եւ հրապուրիչ առաջարկ եւ հայտնվել արդեն մտածողության բոլորովին այլ ռեժիմում:

Ներկայում իրավիճակը չի փոխվել, բացառությամբ այն հանգամանքի, որ չկա իշխանություն՝ ընդհանուր իշխանություն: Այդուհանդերձ, որոշում կայացնողների շրջանակը շարունակում է մնալ նույնը, եթե չասենք, որ նվազել է, ու թերեւս նաեւ մասնատվել՝ իշխանության ընդհանրացնող գործոնի բացակայության պատճառով:

Մյուս կողմից, դրա բացակայությունն էլ բավական մեծ շփոթություն է առաջացնում կատարողների մոտ կամ «պարտերում»: Իշխանության ընդհանրացնող հանգամանքի առկայությունը նրանց օգնում էր կողմնորոշվել որոշակի ընդհանուր տրամաբանության հարցում, այդ թվում որոշում կայացնող անհատների փոքր խմբի հնարավոր մոտիվները կանխագուշակելու կամ ընդհանուր հատկանիշները պատկերացնելու հարցում:

Ներկայում այդ կողմնորոշիչն էլ չկա, եւ շփոթությունը լիակատար է: Բավական բարդ է պատկերացնել, թե անհատների փոքր, եւ արդեն վաղուց մասնատված խումբը ինչ մոտիվներով է առաջնորդվում եւ կայացնում իր այս կամ այն որոշումը, որը հետո իջեցվում է շարքերին, բնականաբար հավաստիացումներով, որ այդ ամենն արվում է հանուն բոլորի անվտանգության եւ բարեկեցության:

Բայց այդ հավաստիացումները կային նաեւ ապրիլի 23-ից առաջ, մայիսի 1-ից առաջ, կային գուցե արդեն հոկտեմբերի 2-ից առաջ: Կային հավաստիացումներ, որ Պուտինը կօգնի, անգամ գուցե հավաստիացումներ են եղել, որ կօգնի Ալիեւը:

Ամբողջ խնդիրը սակայն այն է, որ դրանով հանդերձ, կա մի բավական հատկանշական տարբերություն՝ այդ հավաստիացումների հեղինակները այժմ արդեն չունեն իրենց հավաստիացումների համար որեւէ պատասխանատվություն, նրանք պատասխանատու չեն այն մարդկանց համար, ում վարժեցրել են իրենց հավաստիացումներին, ինչպես կասեր դասականը:

Պարզապես շարքերն էլ վարժվել են ապրել առանց սեփական, անձնական քաղաքական պատասխանատվության, ու այժմ հայտնվել են չափազանց բարդ իրավիճակում: Նրանք անկասկած չեն հավատում այլեւս հավաստիացումներին, բայց չունեն նաեւ այլընտրանք:

Իշխանության շրջանում մի քանի անհատն էին նրանց համար կրում ամեն ինչի պատասխանատվությունը, իհարկե լիակատար վստահության եւ հպատակության դիմաց, իսկ հիմա եկել է «պարտքը» վերադարձնելու ժամանակը, եւ արդեն իրենց վրա է մնում մի քանի անհատների որոշումների ամբողջ պատասխանատվությունը: Այն դեպքում, երբ որեւէ մեկը չի կարող պատկերացնել, թե ինչի համար, ինչ մասշտաբով եւ ում հետ պայմանավորվածության շրջանակում է կայացվել այդ որոշումն ու իջեցվել հանձնարարականը շարքերին, նրանց վրա դնելով որոշման ամբողջ պատասխանատվությունն ու հետեւանքը:

Spread the love
  • 22
    Shares