Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» թարգմանել է ցմահ բանտված Մհեր Ենոքյանը

- in Մշակույթ
Bant

Թարգմանչաց տոնն է. ու այսօր ես ներկա եմ մի թարմ թարգմանված գրքի շնորհանդեսի: Պատահաբա՞ր էր, թե՞ ոչ, բայց Մհեր Ենոքյանի թարգմանությամբ գիրքը հենց այսօր պիտի ընթերցողին ներկայացվեր:

Հայ գրող, երգիծաբան Լեռ Կամսարի երկերն ամբողջությամբ հանրությանը ներկայացված չեն, վերջին տարիներին նրա անտիպ գործերի հրատարակմամբ զբաղվում է գրողի թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանը, իսկ այլ լեզուներով թարգմանություններ համարյա չկան: Եվ ահա, բանտում կարդալով գիրքը և խորապես զգալով ստալինյան ռեպրեսիաների զոհ դարձած անհատի ապրումները, նմանություններ գտնելով 20-րդ դարի 30-ական թվականների և նույն դարավերջի բանտային կյանքի ու դաժանությունների միջև, յուրովի վերապրելով Կամսարի անցած ուղին՝ Մհեր Ենոքյանը որոշում է հայերենից ռուսերեն թարգմանել նրա բանտային օրագրությունը: Թարգմանչի խոստովանությամբ՝ ասես իր բանտում նոր բանտ է ընկնում հուշապատումն ընթերցելիս, համոզվում, որ Մարդուն հնարավոր չէ կոտրել, եթե նա ներքին ազատության զգացումը չի կորցրել, քանի դեռ իերն չի լքել Սիրո զգացումը…

Ավ. Իսահակյանի անվ. գրադարանում հավաքված մարդկանց մեծ մասի համար սա սովորական շնորհանդես չէր: Այն ոչ միայն Կամսարի գրքի ռուսերեն հրատարակության ծնունդն էր վկայում, ուրեմն՝ գրողի հավերժական կյանքի ևս մի հավաստումն էր, այլ նաև հավասարապես ծանրագույն պայմաններում՝ անազատության մեջ գտնվող մարդու ոգու վկայությունն էր, և այդ ոգին կրում է Մհեր Ենոքյան անունով անհատը: Նա տասնամյակներ արդեն համառորեն պայքարում է ոչ միայն իր հանդեպ կայացված դատավճիռը մեղմացնելու, այլ իր անմեղությունն ապացուցելու համար: Նա համառություն և վճռականություն է ունեցել ցմահ դատապարտյալի իր բանտախցում հեռակա կարգով ուսանելու իրավագիտություն և բուհական դիպլոմ ստանալու, և հիմա ի՛նքն է կարողանում հեռակա կերպով իրավաբանական խորհրդատվություն մատուցել կարիքավորներին, վերջին տարիներին դարձել է լրատվական կայքերից մեկի մշտական թղթակիցը, իր աշխատանքով վաստակած գումարով տպագրում է իր հեղինակած գրքերը (չորս գեղարվեստական երկի հեղինակ է) և թարգմանությունները: Ընդ որում, վերջիններիս վաճառքից գոյացած գումարները նրա կամոք փոխանցվում են բարեգործական նպատակներով:

Նախկինում գրքի վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվել է ծանր հիվանդություններով տառապող մարդկանց բուժմանը, իսկ Կամսարի «Բանտիս օրագրի» ռուսերեն թարգմանության վաճառքի հասույթը կտրամադրվի վիրավոր զինվորների ապաքինման ու առողջության վերականգնման առաքինի գործին:

Լեռ Կամսարի «Բանտիս օրագրի» թարգմանության շնորհանդեսի առաջին խոսքը Ավ. Իսահակյանի անվ. գրադարանի տնօրենինն էր: Հասմիկ Կարապետյանն ընդգծեց գրադարանի՝ որպես մշակութային օջախի կարևորությունը մեր կյանքում, և ապա համառոտ ներկայացրեց գրքի թարգմանչին՝ առավել մանրամասն խոսք ասելու հնարավորություն ընձեռելով գրականագետ Արթուր Բախչինյանին, Լեռ Կամսարի թոռնուհի Վանուհի Թովմասյանին, Կամսարի գրական ժառանգության մասին ատենախոսության հեղինակ Կարինե Մարտիրոսյանին, Ավետիք Իշխանյանին: Վերջինս մասնավորապես նկատեց, որ երկի թարգմանիչն արժանի է ներման, քանի որ բանտում անցկացրած իր տարիները, գործելակերպը վկայում են նրա՝ ազատության մեջ հայտնվելու իրավունքը:

Մհեր Ենոքյանի մայրն ընթերցեց ցմահ բանտված իր որդու նամակ-ուղերձը՝ ուղղված գրքի շնորհանդեսի ներկաներին: Ես աչք էի գցել մինչ այդ ուղերձի տեքստին. նրանում հեղինակը հատկապես մեծատառով էր գրել մի քանի կարևոր բառեր, որոնք են՝ Սեր, Հրաշք, Աստված, Ազատություն…

Ուղերձը հրապարակում եմ ամբողջությամբ. այն Կամսարի, իր՝ թարգմանության հեղինակի, մարդու Մարդ մնալու, մարդկային ոգու հզորության, սիրո ուժի և ազատության անընկճելի ձգտման մասին է:

«Այսօր Լեռ Կամսարն է մեզ համախմբել այստեղ:
Սիրված լինելով իր ժամանակակից ազնիվ մարդկանց կողմից՝ այնուամենայնիվ նա հայտնվեց բանտախցում՝ մերժված գրողի, երգիծաբանի կարգավիճակով:

Աստվածաշնչում ասված է՝ «Չկան մարգարեներ սեփական երկրում»: Բայց Կամսարը մարգարեաբար տեսնում էր մեր հասարակության անտեսանելի «թելերը», որոնք պատմական տարբեր ժամանակաշրջաններում խճճվում են , բայց չեն կտրվում, հետո նորից հստակ փաթաթված կծիկ են դառնում, որ նորից խճճվեն:

Կամսարին դավաճանեցին ընկերները, երես թեքեցին քաղցր խոսքեր ասող-գովաբանողները … . բանտ նետեցին: Ինչու՞… Որովհետև չէին ուզում հանդուրժել իրենցից տարբերվողին, առավելին: Իսկ բանտը հավասարեցնում է բոլորին, կոտրում է բոլոր նրանց, ովքեր չեն ընդունում բանտային օենքները, որովհետև բանտը մարդկանց փորձում է դարձնել միատեսակ գորշ: Նույնն անում են ֆիզիկական ազատության մեջ՝ ինքնատիպ, սեփական գույնն ունեցող, պայքարող մարդկանց հետ: Պարզապես մարդկային մտքի ամենավատ ստեղծագործության՝ բանտի միջոցով դա արվում է ավելի արագ ու դաժան:

Համոզված եմ, որ բանտախցի ոջիլներով, ծխախոտի թունդ ծխով, անիմաստ խոսակցություններով շրջապատված օրերին Կամսարի միակ ընկերը եղել է իր «Բանտիս օրագիրը»:

Նա այնքան անկեղծ ու պարզ է գրել, որ թարգմանելիս բանտախցում նստած ես հայտնվում էի նմանատիպ երկրորդ բանտի մեջ: Ասես, կախարդական դուռ էր բացվում , ու անցած դարի 30-ականնների բանտում էի հայտնվում և,Կամսարի հետ դեմ-դիմաց նստած, իրար ուժ էինք տալիս պայքարը շարունակելու համար:

Կամսարի տեսած 1930-ականների ու իմ տեսած՝ 1990-ականների բանտերը նույնն էին: Խորհրդային դարաշրջանից պահպանվել էր բանտային լեզուն, անմարդկային տանջանքները նույնպես նույնն էին, ստորացում, ռեժիմով ծեծ, սով: Այս ամենը հանցանք կատարածին ոչ թե ուղղում, այլ ստորացնում էին, միգուցե չարացնում, իսկ երբ անմեղին են փորձում նման չակերտավոր ուղղման ենթարկել, դա վեր է ածվում ողբերգական կոմեդիայի:

Չնայած ծնողներս միշտ մեջքիս կանգնած են եղել, պահպանել ֆիզիկական գոյությունս, հոգեպես ուժ տվել, ցավոք, նաև ինձ հետ տառապել ու շատ հաճախ մերժվել հասարակության կողմից, այնուամենայնիվ, եկավ մի պահ, որ քիչ էր մնում կոտրվեի, բայց… Հենց այդ ժամանակ Հրաշք տեղի ունեցավ. իմ կյանքում հայտնվեց Կին-Աղջիկը:

Պատկերացնու՞մ եք, թե ինչ է անկեղծ Աստվածային Սիրով նվիրվել ցմահ բանտված մի մարդու, ումից, թվում է, թե Ճակատագիրը երես է թեքել… Կին-Աղջիկը դարձավ իմ գրքերի հերոսուհին՝ իմ կյանքի, իմ պայքարի հավատարիմ ընկերը, ինչպես հայրս է ասում՝ իմ Մուսան:

Դատարանի դահլիճում տեղադրված վանդակի միջից հենց առաջին անգամ տեսա նրան, նայեցի կախարդական մեծ աչքերի մեջ ու աննկարագրելի մեծ սիրով լցվեցի: Մեր Սիրո Լույսն է ծնում իմ բոլոր հաջողությունները, այսօր նաև «Բանտիս օրագրի» ռուսերեն թարգմանությունը:

Համոզված եմ, որ Լեռ Կամսարին ապրելու ուժ էր տալիս մինչև կյանքի վերջը նրան Սիրող ու հավատարիմ մնացած կինը, ով նրան էր նվիրել երեխաներ, և այսօր էլ մեզ հետ է «Բանտիս օրագրին» ու Կամսարի գրական ժառանգությանը նոր շունչ տված Կամսարի թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանը:
Շնորհակալ եմ բոլորիդ, որ այսօր ներկա եք շնորհանդեսին:
Վայելեք Ազատությունը և Սիրեք միմյանց:
Ձեր Մհեր»:

Գրքի շնորհանդեսից տպավորությունները գրառեց Հասմիկ Սարգսյանը

Автоматический альтернативный текст отсутствует.

На данном изображении может находиться: 2 человека, в помещенииНа данном изображении может находиться: 2 человека, люди сидят, стол и в помещенииНа данном изображении может находиться: 10 человек, люди сидят и в помещении

На данном изображении может находиться: 2 человека, люди стоят, люди сидят, ребенок и в помещении

Spread the love